Մտածողության բովանդակային խանգարումներից զառանցանքների` ըստ բովանդակության տարատեսակ են: Պերսեկուտոր զառանցանքը (հետապնդման զառանցանքը) առանձնանում է նրանով, որ հիվանդի մոտ ձևավորվում է համոզմունք իրեն սպառնացող վտանգի կամ վնասի մասին, որը սպասվում կամ հասցվում է արտաքին աշխարհից։

Զառանցանքի այս ձևին են դասվում՝

խանդի զառանցանքը հիվանդագին միտք է, որ, իբր, կինը (ամուսինը) կամ սիրուհին հավատարիմ չեն և դավաճանում են՝ իրեն նվաստացնելու, բարոյապես ճնշելու նպատակով, 
թունավորման զառանցանք՝ համոզմունք, որ իրեն սպանելու կամ առողջությանը վնասելու նպատակով իր օգտագործած կերակուրը, ջուրը թունավորում են, իր սենյակի օդին խառնում են գազեր նույն նպատակով և այլն,
վերաբերմունքի զառանցանքը շրջապատում կատարվող անգամ աննշան գործողությունների, դեպքերի, դեմքերի վերաբերմունքն է սեփական անձին՝ միայն բացասական իմաստով,
վնասվելու զառանցանքը հիվանդագին համոզվածություն է, որ իրեն կողոպտում են, թալանում, փչացնում իրեն պատկանող իրերն ու առարկաները,
ազդեցության զառանցանքը համոզվածություն է, որ գտնվում է հիպնոսի, տիեզերական ճառագայթների, լազերային ճառագայթման և այլ բնույթի ներգործությունների ազդեցության ներքո (ֆիզիկական ազդեցության զառանցանք, հիպնոտիկ կամ տելեպատիկ ազդեցության զառանցանք)։ Բավականին հաճախ պերսեկուտոր զառանցանքի այս ձևը համատեղվում է հոգեկան ավտոմատիզների հետ,
երկվորյակի զառանցանքը հիվանդագին միտք է սեփական կրկնօրինակների գոյության մասին, որոնք (կամ որը) գոյություն ունի միաժամանակ և հիվանդի հետ կամ նրա փոխարեն գործունեություն է ծավալում,
համակվածության (դիվահատություն) զառանցանքը հիվանդագին պատկերացումն է զանազան կենդանիներով, այդ թվում նաև ֆանտաստիկ, դիվահարված լինելու մասին,
մետամորֆոզի (կերպարափոխության) զառանցանքը միտք է այն մասին, որ հիվանդը կերպարանափոխվում է և դառնում կենդանի, այլմոլորակային, մեկ այլ մարդ կամ առարկա,
արխայիկ (հնամենի) զառանցանքի բովանդակությունը կազմում է մեր ժամանակների համար ոչ արդիական սպառնալիքը կամ վտանգը՝ կախարդանք, մութ ուժերի ազդեցություն, դիվահարություն և այլն,
հակասական (անտագոնիստական) զառանցանք՝ համոզված լինելով սեփական անձի որևէ արժանիքում, հիվանդը կարծում է, որ իր համար պայքարում են հակադիր ուժեր՝ կուսակցություններ, խմբեր, պետություններ, բարին և չարը։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին