Պերիտոնիտ (որովայնամզի բորբոքում) հիվանդությունն իրենից ներկայացնում է որովայնի խոռոչի և դրանում տեղադրված օրգանների (ստամոքս, լյարդ աղիքներ և այլն) պատերը պատող բարակ թաղանթի բորբոքում: Բորբոքումը կարող է սահմանափակվել որովայնամզի փոքր հատվածով` կապված աղիքների գալարների, ճարպոնի և այլ օրգանների միջև կպումների առաջացման (սահմանափակ կամ տեղային պերիտոնիտ) հետ, վատագույն դեպքում կարող է առաջանալ ներորովայնամզային թարախակույտ: Եթե կպումներ առաջացնող գործընթացը որևէ պատճառով խախտվում է, ապա բորբոքումը կարող է տարածվել որովայնամզի ամբողջ մակերևույթով (ընդհանուր տարածուն պերիտոնիտ), որը հիվանդի համար շատ վտանգավոր է, ընթացքը ծանր է և պահանջում է բարդ բուժական միջոցառումներ:

Պատճառներ
Պերիտոնիտը առաջանում է բորբոքային հիվանդությունների (սուր որդանման ելունի բորբոքում, լեղապարկի բորբոքում, արգանդի հավելումների բորբոքում և այլն), ներքին օրգանների (օրինակ` աղիքների) վնասման, որովայնի խոռոչ թարախածին մանրէների թափանցման, ստամոքսի խոցի կամ 12-մատնյա աղիքի թափածակման, ճողվածքի ճմլման և այլ դեպքերում:

Պաթոգենեզ
Որպես ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների բարդություն` պերիտոնիտը կարող է առաջանալ աստիճանաբար, հետևաբար միշտ չէ, որ հնարավոր է որոշել հիվանդության սկիզբը: Ցավերն աստիճանաբար ուժեղանում են և տարածվում ամբողջ որովայնով, հիվանդի ընդհանուր վիճակը վատանում է, դիմագծերը սրվում են, դեմքը գունատվում է, անոթազարկը հաճախանում է (րոպեում մինչև 140 զարկ և ավելի), որովայնը` փքվում: Լինում են քիչ բաժիններով անընդհատ փսխումներ: Ստամոքսի կամ աղիքի խոցի թափածակվելուց պերիտոնիտի երևույթները (հիմնականում սաստիկ ցավերը) հանկարծակի են սկսվում:

Բուժում
Որովայնի սուր ցավերի դեպքում անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել, իսկ մինչև նրա գալը` հիվանդին պառկեցնել: Արգելվում է սնվել, հեղուկներ, դեղանյութ տալ, ինչպես նաև ջեռակ դնել ու հոգնա կատարել, որովհետև դրանք կարող են նպաստել բորբոքային գործընթացի տարածմանը:
Սուր պերիտոնիտի դեպքում պետք է շտապ վիրահատել, իսկ քրոնիկական պերիտոնիտի դեպքում նշանակվում է հատուկ բուժում:

Կանխարգելում
Պերիտոնիտ հիվանդության առաջացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է ժամանակին բուժել որովայնի խոռոչի հիվանդությունները և որովայնի ճողվածքները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին