Պերիֆերիկ նյարդերը կազմված են միելինապատ և միելինազուրկ թելերից, որոնք պատված են շարակցահյուսվածքային թաղանթով: Մի քանի նյարդերում հանդիպում են միայնակ նյարդային բջիջներ և փոքրիկ հանգույցներ: Նյարդի լայնական կտրվածքի վրա երևում են առանցքային գլանների հատույթները և նրանց շրջապատող գլիալ թաղանթները: Նյարդային ցողունի նյարդաթելերի միջև նկատվում են շարակցական հյուսվածքի բարակ շերտեր՝ էնդոնևրիում (endoneurium): 

Նյարդաթելերի խրձերը շրջապատված են պերինևրիումով (perineurium): Վերջինս կազմված է բջիջների՝ իրար հերթագայող խիտ շերտերից և բարակ թելերից: Հաստ նյարդերի պերինևրիումը ունի այդպիսի մի քանի շերտ (5–6): Թելերը ձգված են նյարդի երկայնքով: Նյարդային ցողունի արտաքին թաղանթը (epineurium) թելակազմ շարակցական հյուսվածք է՝ հարուստ ֆիբրոբլաստներով, մակրոֆագերով և ճարպային բջիջներով: Նյարդի շարակցահյուսվածքային թաղանթը պարունակում է արյունատար և ավշային անոթներ, նյարդային վերջավորություններ: Նյարդի ամբողջ երկարությամբ էպինևրիումի մեջ են մտնում միմյանց հետ բերանակցվող արյունատար անոթներ: Զարկերակները էպինևրիումից թափանցում են պերինևրիումի և էնդոնևրիումի մեջ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին