Պատրանքները բավականին հաճախ հանդիպող հոգեախտաբանական երևույթներից են։ Դրանք, մի կողմից, հաճախ հանդիպում են հոգեպես առողջ մարդկանց շրջանում, իսկ մյուս կողմից` սահմանակցում են, թերևս, ամենալուրջ հոգեախտաբանական խանգարումներին՝ ցնորքներին։

Պատրանքներն իրական առարկաների ու երևույթների սխալ ընկալումներն են, որոնց ժամանակ իրականը միախառնվում է հիվանդագինին։ Իրականում գոյություն ունեցող օբյեկտի (առարկայի) պարտադիր առկայությունը ցնորքների հետ տարբերակիչ չափանիշներից է։ Որպես նպաստող, նախատրամադրող գործոններ կարող են դիտվել աֆեկտիվ լարվածությունը, գիտակցության աֆեկտիվ նեղացումը և աֆեկտիվ դիրքորոշումը։ Կարևոր նշանակություն ունեն ենթագիտակցական սպասումները, մտավախությունները։

Հոգեկան պատրանքները դասակարգվում են երեք հիմնական ձևի՝
1. Աֆեկտիվ պատրանքներ,
2. Վերբալ պատրանքների,
3. Պարեյդոլիկ պատրանքներ։

Պատրանքները բավականին հեշտ է շփոթել ցնորքների և մետամորֆոփսիաների հետ։ Հարկ է հիշել, որ մորֆոփսիաների ժամանակ աղավաղվում է իրական առարկաների ճանաչումը, և ոչ թե ընկալվում են գոյություն չունեցող առարկաներ (ինչը բնորոշ է ցնորքներին)։ Սրանով մորֆոփսիաները տարբերվում են նաև պատրանքներից, որոնց ժամանակ տեղի է ունենում ոչ թե աղավաղում (աղճատում), այլ ընկալման խաբկանք, սխալ, կեղծ ընկալում։ Հոգեպես առողջ մարդիկ աֆեկտիվ լարվածության, հյուծվածության և մի շարք այլ պայմաններում կարող են վերապրել տեսողական, լսողական և այլ պատրանքներ։ Սակայն, այդ երևույթները կարճատև են, անցողիկ և քննադատորեն գնահատվում են անհատի կողմից։ Քննադատության առկայությունը հիմնական տարբերակիչ չափանիշ է հիվանդների և առողջների միջև։ Ըստ զգայարանի, որի դաշտում առաջանում են պատրանքներ, դրանք լինում են տեսողական, լսողական, համի, հոտի և այլն։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին