Պարանոյալ համախտանիշը պարզ համախտանիշներից է։ Առաջատար ախտանիշներն են հուզական լարվածությունը՝ կապված զառանցանքի բովանդակության հետ, և զառանցանքային վարքը, որը ևս կապված է զառանցանքի բովանդակության, ինչպես նաև՝ վերջինիս արտահայտվածության և արդիականության հետ։

Պարանոյալ համախտանիշը բնութագրվում է զարգացման որոշակի օրինաչափությամբ։ Սովորաբար սկսվում է մոնոթեմատիկ համակարգված զառանցանքով, որի բովանդակությունը հաճախ արտացոլում է նաև իրական իրադարձություններն ու փաստերը։ Նախ ձևավորվում է ներքին անհանգստության անորոշ վիճակ, «վատի» կանխազգացում, վտանգի և թշնամանքի զգացողություն հիվանդին շրջապատող իրականության կողմից։ Այս երևույթը կոչվում է զառանցանքային տրամադրություն։
Այնուհետև, սկսվում է զառանցանքային ընկալման փուլը, որի ժամանակ անորոշության զգացումը դառնում է ավելի կոնկրետ, հիվանդը սկսում է սևեռվել առանձին երևույթների, փաստերի, օբյեկտների վրա, որոնց տալիս է իրականությունից հեռու, հակասական նշանակություն և ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացնում դրանց վրա։
Հաջորդ փուլում (զառանցանքային մեկնաբանման փուլ) հիվանդը սկսում է մեկնաբանել և ախտաբանական բացատրություններ տալ զանազան երևույթներին և փաստերին, սակայն չի միավորում դրանք ամբողջական ապացուցողական համակարգում, որն ստեղծում է արդեն հաջորդ փուլում, որը կոչվում է զառանցանքի բյուրեղացում։ Հիվանդն այստեղ տարատեսակ և բազմազան փաստերն ու երևույթները միավորում է մեկ մշակված և անընդհատ մշակվող կայուն ապացուցողական համակարգում։ Այլ կերպ ասած, հիվանդը «գտնում է» պատասխաններ իրեն մտահոգող հետևյալ հարցերին` ո՞վ, ինչո՞ւ և ի՞նչ նպատակով։ Հիվանդը ստեղծում է «տրամաբանական» շղթա, որտեղ «տեղավորվում են» նրան հուզող բոլոր հանգամանքներն ու փաստերը, նա «ամեն ինչ սկսում է հասկանալ»։

Պարանոյալ զառանցանքի բովանդակությունը կարող են կազմել ամենատարբեր երևույթներ՝ խանդ, հարաբերություններ, սեր, բարեփոխումներ, գյուտեր, նորարարություններ, հետապնդում և այլն։ Հիվանդի ողջ կյանքն ու գործունեությունը այսուհետև ենթարկվում է իր հիվանդագին մտքերին և ուղղվում դրանց իրականացմանը։ Այս համախտանիշը կարող է ձևավորվել և ընթանալ շատ երկար ժամանակ՝ ամիսներ և տարիներ, երբեմն՝ ողջ կյանքի ընթացքում։ Հետագա զարգացումը ևս ունի տարբերակներ՝
* ախտանիշների արդիականության կորուստ (դեզակտուալիզացիա) և զառանցանքի հետզարգացում (ռեդուկցիա),
* ստացիոնար ընթացք, երբ ախտանիշները երկար ժամանակ մնում են մոնոթեմատիկ և արդիական՝ առանց ձևափոխվելու և բարդանալու,
* մոնոթեմատիկ զառանցանքի փոխակերպում՝ պոլիթեմատիկ զառանցանք։
Պարանոյալ համախտանիշը բնորոշ է անընդմեջ ընթացող շիզոֆրենիային, զառանցանքային խանգարումներին։

2.    Պարանոիդ համախտանիշներ
Պարանոիդ համախտանիշները բարդ համախտանիշների մի խումբ են, որոնք բնութագրվում են առաջատար ցնորազառանցանքային ախտանիշներով՝ հուզական, կամային, շարժողական և այլ բնույթի հոգեախտաբանական խանգարումների համատեղությամբ։ Սովորաբար տարբերակում են`
ա.  աֆեկտիվ պարանոիդ համախտանիշ,
բ.  բուն պարանոիդ համախտանիշ,
գ.   հոգեկան ավտմատիզմ և մի քանի այլ ոչ հաճախ հանդիպող համախտանիշներ։
ա) Աֆեկտիվ պարանոիդ համախտանիշներ.
Աֆեկտիվ պարանոիդ համախտանիշներից առանձնացնում են դեպրեսիվ և մանիակալ տարբերակները։ Դեպրեսիվ-պարանոիդ համախտանիշը բարդ համախտանիշներից է։ Հիմնական ախտանիշներից են դեպրեսիվ խանգարումները (տագնապը, թախիծը) և զգայական երկրորդային զառանցանքները (հիպոխոնդրիկ, հետապնդման, մեղքի, մեղավորության)։ Պարտադիր ախտանիշներից են կամային խանգարումները, շարժողական արգելակման (հիպոկինեզիա) և ապարգելակման (աժիտացիա, ռապտուս), մտածողության դանդաղման կամ արագացման ձևով։ Հավելյալ ախտանշաններից են զանազան պատրանքները, էպիզոդիկ ցնորքները, հոգեկան ավտոմատիզմի նշանները, առանձին կատատոնիկ ախտանիշները։ Այս համախտանիշը բնութագրվում է առաջատար և պարտադիր ախտանիշների առկայությամբ, որոնք առկա են համախտանիշի զարգացման բոլոր փուլերում։ Հավելյալ ախտանիշները վկայում են փսիխոզի արտահայտվածության և սրության մասին։

Դեպրեսիվ-պարանոիդ համախտանիշը սկսվում է հիպոդինամիկ սուր դեպրեսիայով՝ տագնապայնության, թերարժեքության, մեղավորության երանգներով; Այնուհետև ի հայտ են գալիս վախեր և տագնապներ, դեպրեսիվ բնույթի մեղադրման, վերաբերման, մեկնաբանման զառանցանքներ։ Սրացման շրջանում դեպրեսիան և զառանցանքներն ավելի արտահայտված են դառնում, ինքնամեղադրման զառանցանքը ձեռք է բերում անսահմանության տարրեր, հետապնդման զգայական զառանցանքը կազմում է համախտանիշի բովանդակությունը։ Համախտանիշի ծաղկման փուլում զառանցանքները ձեռք են բերում ֆանտաստիկ բնույթ՝ ձևավորվում են նիհիլիստական հիպոխոնդրիկ զառանցանք և աշխարհի կործանման զառանցանք, շարժողական ապարգելակումը հասնում է աժիտացիայի կամ ռապտուսի աստիճանի։ Այս վիճակը կոչվում է նաև Կոտարի համախտանիշ։ Աֆեկտիվ պարանոիդ համախտանիշների շարքից են նաև դեպրեսիվ-ցնորային, մանիակալ-զառանցանքային, մանիակալ-ցնորային բարդ համախտանիշները։

Դեպրեսիվ-ցնորային համախտանիշին բնորոշ են թախիծը, դեպրեսիվ բովանդակության լսողական կեղծ և իսկական ցնորքները, ինչպես նաև՝ կամային շարժողական, մտածողության խանգարումները։ Մանիակալ-զառանցանքային համախտանիշն իր առաջատար և պարտադիր ախտանիշներով համընկնում է դասական մանիային։ Սակայն որպես լրացուցիչ ախտանիշներ այստեղ հանդես են գալիս բարձր ծագման, հետապնդման զառանցանքները։ Մանիակալ-ցնորային համախտանիշը բնութագրվում է արտահայտված էյֆորիայով և գրեթե անընդմեջ «տեղեկացնող» կեղծ և իսկական լսողական ցնորքներով, համապատասխան աֆեկտիվ բովանդակությամբ։ Դիտվում են նաև մեծամոլական, տարփերգական, բարձր ծագման զառանցանքներ։ Աֆեկտիվ-պարանոիդ համախտանիշները հանդիպում են նոպայաձև և հետադարձ շիզոֆրենիայի, օնեյրոիդ բնույթի գիտակցության խանգարումների ժամանակ։

 բ) Պարանոիդ համախտանիշ
Պարանոիդ համախտանիշը իր դասական տարբերակում դրսևորում է, հիմնականում, հետապնդման, թունավորման վերաբերմունքի մեկնաբանողական (երբեմն՝ պատկերավոր) զառանցանքներով և մեծ մասամբ լսողական ցնորքներով, հոգեկան ավտոմատիզմի երևույթներով։ Տարբերում ենք սուր և քրոնիկ պարանոիդ համախտանիշներ։ Սուր պարանոիդը բնութագրվում է անցողիկ կարճատև պատկերավոր հետապնդման զառանցանքով, բավականին կոնկրետ և իրականությանը մոտ բովանդակությամբ, առանձին լսողական պատրանքներով և ցնորքներով, վախի, տագնապի ֆոնի վրա։ Քրոնիկ պարանոիդը ընթանում է համակարգված զառանցանքով առանց արտահայտված աֆեկտիվ խանգարումների։ Պարանոիդ խանգարումներով հիվանդները դժվարամատչելի են։ Նրանք խիստ կասկածամիտ են, ներպարփակված, քչախոս և լռակյաց։ Նրանց խոսքը բավականին անորոշ է, դատողությունները՝ կախված զրույցի թեմայից։ Կենցաղային թեմաների շուրջ զրուցում են բավականին ակտիվ, իսկ երբ խոսքը գնում է իրենց հոգեկան վիճակի մասին, անմիջապես լարվում են և լռում։

Պարանոիդ համախտանիշի դեպքում առավել տարածված է հետապնդման զառանցանքը։ Մեծ մասամբ հիվանդներն այս կամ այն չափով «տեղեկացված են» հետապնդման պատճառի, ձևերի և նպատակի մեջ։ Երբեմն նրանք հետապնդվողից դառնում են հետապնդող։ Այս դեպքում նրանք պաշտպանվելու փոխարեն սկսում են «հարձակվել» իրենց հետապնդողների վրա։ Սենսոր խանգարումներն արտահայտվում են իսկական լսողական ցնորքներով, չեն բացառված նաև տեսողական ցնորքները։ Համախտանիշի բարդացման դեպքում այս խանգարուներին են գումարվում հոգեկան ավտոմատիզմների առանձին դրսևորումներ։ Զառանցանքների արտահայտվածության դեպքում, խոսք է գնում բուն պարանոիդ (զառանցանքային) համախտանիշի մասին։ Երբ համախտանիշի կլինիկայում իշխում են ցնորքները, գործ ունենք ցնորազա-ռանցանքային (հալյուցինատոր-պարանոիդ) համախտանիշի հետ։ Հոգեկան ավտոմատիզմների արտահայտվածության դեպքում առանձնացնում են «հոգեկան ավտոմատիզմի» կամ Կանդինսկու-Կլերամբոյի համախտանիշը։

գ) Հոգեկան ավտոմատիզմի համախտանիշ
Հոգեկան ավտոմատիզմի համախտանիշը կեղծ ցնորքներով, հետապնդման զառանցանքով, սեփական «ես»-ի և հոգեկան աշխարհի օտարացման զգացումով, օտար ուժի ազդեցության զգացողությամբ ընթացող փոխկապակցված ախտանիշների զուգակցումն է։ Առաջին անգամ, այս համախտանիշը նկարագրել և առանձնացրել է զնորազառանցանքային համախտանիշների շարքից ռուս հոգեբույժ Վ. Կանդինսկին (1885), որն, ի դեպ, ինքն է տառապել նման խանգարումով։ Մեկ այլ հոգեբույժ Գ. Կլերամբոն (1920, 1926) ոչ միայն նկարագրել է այն զանազան հիվանդների մոտ, այլև առաջինը դասակարգել է՝ ըստ ավտոմատիզմների տեսակների։
Առանձնացնում են հոգեկան ավտոմատիզմի երեք տեսակ՝
* ասոցիատիվ (իդեատոր),
* սենսոր (սենեստոպաթիկ, զգացողական),
* շարժողական (մոտոր, կինեստետիկ)։

Ասոցիատիվ ավտոմատիզմը բռնի կերպով առաջացող մտքերի և կամքին հակառակ առաջացող ակամա պատկերացումների հոսք է։ Որպես ասոցիատիվ ավտոմատիզմներ են դիտվում «ուրիշի մտքերը», որոնք ծնվում են իրենց գլխում, «սարքովի», «շինծու» մտքերը, իրենց մտքերի կրկնությունը ուրիշների կողմից, իրենց մտքերի «գողանալը» և ընդհատելը, երազներ առաջացնելը, մտքերի բարձրաձայն հնչելը։ Այս ամենի հետևանքով հիվանդները մտովի շփվում և հարաբերվում են իրենց հետապնդողների հետ, բանավիճում են, բողոքում, պատասխաններ ստանում՝ անձայն, շշուկով, «ներքին» ձայներով։ Ասոցիատիվ ավտոմատիզմների շարքին են դասվում նաև կեղծ ցնորքների բոլոր տեսակները, ինչպես նաև՝ աֆեկտիվ ոլորտի բռնի կերպով առաջացող զգացմունքները. «տրամադրություն են ձևավորում», «ուրախություն, տխրություն, վախ կամ հիացմունք են առաջացնում» և այլն։ Ավելի հաճախ սա հանդիպում է երիտասարդների շրջանում և սկսում մտածողության խանգարման զգացումով՝ մտքերը մերթ արագանում են, մերթ՝ դանդաղում, մերթ՝ կանգ առնում։ Առաջանում են «զուգահեռ» կամ «խաչվող» մտքեր, վերացական բովանդակության։

Սենսոր ավտոմատիզմն արտահայտվում է զանազան ծայրահեղ տհաճ, տանջող զգացողություններով ներքին օրգաններում, որոնք ըստ հիվանդների, «առաջացվում են» հատուկ նպատակներով իրենց վրա ազդելու համար։ Հետապնդողները իրենց գլխին «սարքում են» տարաբնույթ տանջանքներ՝ «սղոցում են», «այրում», «սեղմում», «սառեցնում», ազդում են ֆիզիոլոգիական ֆունկցիաների վրա՝ առաջացնում կամ կանգնեցնում են դեֆեկացիան, միզարձակումը, շնչառությունը, սեռական գրգիռներ են առաջացնում, ախորժակն են փոխում, զանազան համ ու հոտ են ստեղծում։

Կինեստետիկ ավտոմատիզմն արտահայտվում է շարժումների և գործողությունների օտարացման զգացումով։ Հիվանդները համոզված են, որ իրենց բոլոր շարժումները կատարվում են ոչ թե սեփական կամքով, այլ հետևանք են կողմնակի ազդեցությունների։ Արտաքին ազդեցությունների շնորհիվ է, որ նրանք քայլում են, թեքում գլուխը, բարձրացնում կամ իջեցնում ձեռքերը, թեքում աչքերը (հայացքը), խոսում (շարժում են լեզուն և շրթունքները)։
Հոգեկան ավտոմատիզմների բոլոր տեսակները զուգակցվում են հետապնդման և ազդեցության համակարգված զառանցանքով։ Հիվանդն ինքն իրեն չի պատկանում. նա լիովին ենթարկվում է հետապնդողի կամքին և իշխանությանը, նա ուղղակի խաղալիք է, խամաճիկ է ուրիշների ձեռքում։ Հիվանդը հայտնվում է որևէ կազմակերպության, գործակալների, գիտահետազոտական ինստիտուտների ազդեցության ներքո։ Նրան կամազրկում են, ազդելով զանազան ճառագայթներով, հիպնոզով, էլեկտրականությամբ, ուլտրաձայնով, ատոմային էներգիայով։ Նրա մտքերը, զգացմունքները, զգացողությունները, շարժումները «սարքված են» (ազդեցության զառանցանք)։ Ռադիո- կամ հեռուստաալիքների և զանազան այլ ժամանակակից սարքերի և նվաճումների միջոցով իրականացվում է հսկողություն, ձայնագրվում են մտքերը։ Հիվանդի բոլոր գործողություններն ու քայլերը (այդ թվում՝ նաև ամենաինտիմ) տեսանելի են և հայտնի հետապնդողներին։ Վերջիններս իրենց հնարավորություններով և սարքերով առաջացնում են ցավ, սեռական թուլություն, ամլություն, չբերություն, քայքայում են ներքին օրգանները, վերածում հիվանդին կենդանու, առարկայի։ Հիվանդն զգում է, թե ինչպես են իր մոտ կոտոշներ, պոչ աճում, ինչպես է թեփոտում և այլն (մետամորֆոզի զառանցանք)։ Երբեմն պնդում է, որ իր մեջ տեղ է գտել այս կամ այն կենդանին, սատանան կամ ֆանտաստիկ մի էակ (համակվածության զառանցանք)։ Հոգեկան ավտոմատիզմը կարող է ուղեկցվել նաև երկվորյակների զառանցանքով՝ համոզմունքով, որ գոյություն ունեն իր բացարձակ նմանակը կամ նույնիսկ նմանակները։

Կանդինսկու-Կլերամբոյի համախտանիշին բնորոշ է նաև տրանզիտիվիզմի ախտանիշը, որը բնորոշվում է նրանով, որ հիվանդները համարում են, որ ոչ թե միայն իրենք, այլև իրենց հարազատները, շրջապատող մարդիկ են «լսում» այդ ներքին ձայները, զգում ազդեցություններ։ Դեռ ավելին, ոչ թե իրենք են զգում այդ ամենը, այլ ուրիշները, հիվանդ են ոչ թե իրենք, այլ իրենց բարեկամները, բժիշկները և այլոք։

3. Պարաֆրեն համախտանիշ
Պարաֆրեն համախտանիշը բարդ համախտանիշ է, որի առաջատար ախտանիշներից են ֆանտաստիկ մեգալոմանիկ բավականին կայուն բազմաբովանդակային զառանցանքները (ազդեցության, մարգարեական, մեծամոլութան, այլ ծագման, հարստության, անտագոնիստական, երկվորյակների, մետամորֆոզի, հիպոխոնդրիկ և այլն), ինչպես նաև լսողական և տեսողական կեղծ ցնորքները, ֆանտաստիկ կոնֆաբուլյացիաները, հոգեկան ավտոմատիզմները։ Պարտադիր ախտանիշներից են մանիակալ երանգավորում ունեցող աֆեկտը, զառանցանքային անհեթեթ վարքը։ Համակարգված պարանոիդ բնույթի զառանցանքը պարաֆրեն փուլում սկսում է աստիճանաբար «քանդվել»։ Այս համախտանիշը ձևավորվում է պարանոիդ համախտանիշի քրոնիկական ընթացքի արդյունքում, որն իր հերթին, ըստ որոշ հեղինակների, պարանոյալ համախտանիշի արդյունք է։ Այսինքն, կարելի է ասել, որ զառանցանքային համախտանիշներն իրենց զարգացման ընթացքում հանդես են գալիս որպես մի ախտաբանական շղթա՝ պարանոյալ, պարանոիդ, պարաֆրեն օղակներով։ Պարաֆրեն համախտանիշի կառուցվածքում կարող են «իշխել» հուզականորեն հագեցած ֆանտաստիկ հետապնդման և մեծամոլական զառանցանքները։ Երբեմն համախտանիշի կառուցվածքում ավելի են արտահայտված լսողական և տեսողական կեղծ ցնորքները, որոնց հիման վրա ձեվավորվում է զառանցանքների բովանդակությունը։ Որոշ դեպքերում ավելի արտահայտված են ֆանտաստիկ կոնֆաբուլյացիաները։ Պարաֆրեն համախտանիշը հանդիպում է անընդմեջ հարաճուն շիզոֆրենիայի, զառանցանքային քրոնիկական փսիխոզների ժամանակ։

4.Հալյուցինոզներ      
Հալյուցինոզը, ինչպես և պարանոյալ համախտանիշը, հասարակ (պարզ) համախտանիշներից է և սրա հիմնական ախտանիշ է համարվում մեկ զգայարանի ոլորտում առաջացող ցնորքները, որոնք բազմազան են և առարկայական։ Պարտադիր (օբլիգատ) զգայական նշաններից են աֆեկտիվ խանգարումները, սուր երկրորդային զառանցանքը և հոգեշարժական գրգռվածությունը, որոնք իրենց բովանդակությամբ (թեմայով) համապատասխանում են ցնորքներին և ենթարկվում վերջիններիս։ Երկրորդական (ֆակուլտատիվ) ախտանիշներից են փսիխոսենսոր խանգարումները, սենեսթոպաթիաները։ Ցնորքներն առաջանում են պարզ գիտակցության ֆոնի վրա։ Հալյուցինոզներն, ըստ դինամիկայի, բաժանվում են երկու խմբի՝ սուր և քրոնիկական հալյուցինոզների։

Սուր հալյուցինոզները հիմնականում արտահայտվում են անսպասելի։ Սակայն որոշ դեպքում դրանց նախորդում է, այսպես կոչված, պրոդրոմալ շրջանը, որը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր և արտահայտվել հուզական-հիպերեսթետիկ խանգարումներով, տագնապայնությամբ, անորոշ վախով, ընկճվածությամբ, քնի խանգարմամբ, դյուրագրգռությամբ, հոգեկան հիպերեսթեզիայով, հատկապես այն անալիզատորի ոլորտում, ուր հետագայում առաջանում են ցնորքները։ Հալյուցինոզը սկսվում է հիմնականում գիշերային ժամերին, մոնոթեմատիկ բովանդակություն ունեցող իսկական ցնորքների հոսքի ձևով, որի հետևանքով հիվանդները ամբողջովին կլանվում են այդ ապրումներով, կտրվում են իրականությունից։ Միաժամանակ ձևավորվում են պարտադիր ախտանիշները՝ զգայական զառանցանք, հուզական լարվածություն, հոգեշարժական գրգռվածություն։ Տարբերակում են լսողական, տեսողական, համի և հոտի, տակտիլ հալյուզինոզներ, որոնց էությունն ու բովանդակությունն են կազմում համապատասխան զգայարանի ոլորտում տեղի ունեցող խանգառումները՝ ձայներ, տեսիլքներ, զանազան զգացողություններ։

Սուր հալյուցինոզը հանդիպում է ալկոհոլային, հաշիշային և այլ թունավորումների (ինտոքսիկացիաների) ժամանակ՝ առաջացող փսիխոզների կառուցվածքում, գլխուղեղի օրգանական (հատկապես անոթային բնույթի) ախտահարումների, շիզոֆրենիայի ժամանակ և այլն։

Քրոնիկական հալյուցինոզի բովանդակությունը, սովորաբար, սահմանափակվում է միայն առաջատար ախտանիշներով՝ ցնորքներով։ Այլ պարտադիր և երկրորդական ախտանիշները (լարվածություն, գրգռվածություն) աստիճանաբար նահանջում են, թուլանում և անհետանում։ Հիվանդի վարքը կարգավորվում է, հաճախ հիվանդի մոտ ձևավորվում է քննադատական վերաբերմունք իր ցնորքների հանդեպ։ Արդյունքում, քրոնիկական հալյուցինոզը զուգակցվում է սովորական հոգեկան գործունեության հետ, չունենալով էական ազդեցություն հիվանդի վարքի և կյանքի վրա։ Քրոնիկական հալյուցինոզը սուր հալյուցինոզի անբարենպաստ դինամիկայի հետևանքն է։ Այն ևս լինում է տեսողական, լսողական, համի, հոտի, տակտիլ բնույթի։ Բնորոշ է գլխուղեղի օրգանական ախտահարումներին (անոթային, տրավմատիկ, ինֆեկցիոն և այլն), շիզոֆրենիային, ծերունական փսիխոզներին (թուլամտությանը)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին