Պարալիտիկ շլությունը պայմանավորված է մեկ կամ մի քանի ակնաշարժ մկանների կաթվածով կամ պարեզով, որը կարող է հարուցված լինել տարբեր պատճառներով` վնասվածք, ինֆեկցիա, նորագոյացություններ և այլն: Այն բնութագրվում է, առաջին հերթին, շլող աչքի շարժունության սահմանափակմամբ կամ բացակայությամբ դեպի պարալիզված մկանի ազդեցության կողմը: Այդ կողմը նայելիս առաջանում է երկտեսություն կամ դիպլոպիա:

Եթե համակցված շլության դեպքում երկտեսությունը վերանում է ֆունկցիոնալ սկոտոմայի միջոցով, ապա պարալիտիկ շլության դեպքում գործում է այլ հարմարողական մեխանիզմ` հիվանդը գլուխը շրջում է դեպի վնասված մկանի ազդեցության կողմը, ինչը կոմպենսացնում է նրա ֆունկցիոնալ անբավարարությունը: Այսպիսով, առաջանում է պարալիտիկ շլությանը բնորոշ երրորդ ախտանիշը` գլխի հարկադրական շրջումը: Այսպես, օրինակ` աջ աչքի վրա, զատող նյարդի կաթվածի դեպքում (արտաքին ուղիղ մկանի ֆունկցիայի խախտում), գլուխը շրջվում է դեպի աջ:

Գլխի հարկադրական շրջումը կամ թեքումը դեպի աջ կամ ձախ ուսը ցիկլոտրոպիայի ժամանակ (ակնագնդի տեղաշարժը ուղղահայաց միջօրեականի նկատմամբ աջ կամ ձախ) անվանում են տորտիկոլիս: Անհրաժեշտ է տարբերակել ակնային տորտիկոլիսը նեյրոգեն, օրթոպեդիկ, լաբիրինթային (օթոգեն հիվանդությունների ժամանակ) ծուռվզությունից: Գլխի հարկադրական դիրքը թույլ է տալիս ֆիքսված օբյեկտի պատկերը պասիվ կերպով տեղաշարժել դեպի ցանցաթաղանթի կենտրոնական փոսիկը, ինչը վերացնում է երկտեսությունը` ապահովելով բինօկուլյար, թեկուզ և ոչ կատարյալ տեսողություն:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին