Ոսպնյակը թափանցիկ, երկուռուցիկ մարմին է, որի ձևը փոխվում է աչքի ակոմոդացիայի ժամանակ՝ հեռու և մոտիկ օբյեկտներ տեսնելու համար: Եղջերաթաղանթի և ապակենման մարմնի հետ ոսպնյակը կազմում է հիմնական լուսաբեկիչ միջավայր: Ոսպնյակի կորության շառավիղը տատանվում է 6–10մմ: Բեկման ցուցիչը 1,42 մմ է: Ոսպնյակը ծածկված է 11–18 մկմ հաստությամբ թափանցիկ պատիճով: Նրա առաջային պատը, որը հպվում է պատիճին, կազմված է ոսպնյակի միաշերտ տափակ էպիթելից (epithelium lentis): Էպիթելոցիտները հասարակածի ուղղությամբ դառնում են ավելի բարձր և առաջացնում են ոսպնյակի աճման գոտի: Այդ գոտին ողջ կյանքի ընթացքում նոր բջիջներ է առաջացնում ոսպնյակի առաջային և հետին մակերեսին: Նոր էպիթելոցիտները վերափոխվում են ոսպնյակային թելերի (fibrae lentis):

Յուրաքանչյուր թել թափանցիկ վեցանկյուն պրիզմա է: Ոսպնյակային թելերի ցիտոպլազման ունի թափանցիկ սպիտակուց՝ կրիստալին: Թելերը միմյանց սոսնձվում են հատուկ նյութով, որն ունի բեկման նույն ցուցիչը, ինչ որ նրանք: Կենտրոնում դասավորված թելերը կորցնում են իրենց կորիզները, կարճանում և կուտակվելով իրար վրա՝ առաջացնում ոսպնյակի կորիզը: Ոսպնյակը պահվում է աչքի թարթիչային գոտու (zonula ciliaris) թելերի օգնությամբ, որն առաջանում է ճառագայթաձև ձգվող թելերի (կապանների) խրձերով: Դրանք մի կողմից միացած են թարթիչային մարմնին, մյուս կողմից՝ ոսպնյակի պատիճին: Դրա շնորհիվ թարթիչային մարմնի մկանների կծկումը հաղորդվում է ոսպնյակին: Ներկայումս մշակվել են արհեստական ոսպնյակների ստացման մեթոդներ, և կլինիկական պրակտիկայում լայնորեն ներդրվել է նրանց փոխպատվաստումը, որն էլ հնարավոր դարձրեց ոսպնյակի մթագնումով (կատարակտա) հիվանդների բուժումը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին