Որովայնամիզը բարակ շճաթաղանթ է, կազմված մեզոթելի մեկ շարք բջիջներից, տեղակայված շարակցահյուսվածքային հենքի վրա: Այն ծածկում է որովայնի խոռոչի ներքին մակերեսը (առպաւոային որովայնամիզ) և այնտեղ տեղակայված ներքին օրգանները (ընդերային որովայնամիզ): Որովայնամզի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2 մ2:

Տղամարդկանց մոտ որովայնի խոռոչը փակ է, կանանց մոտ այն արգանդափողերով հաղորդակցվում է արտաքին աշխարհի հետ: Որովայնամզի մեզոթելը սինթեզում է քիչ քանակության հեղուկ, որը խոնավացնում է ներքին օրգանների մակերեսը և հեշտացնում նրանց շփումը միմյանց հետ: Նորմալ պայմաններում որովայնի խոռոչում առկա է մոտ 100 մլ թափանցիկ, դեղնավուն հեղուկ, որը պարունակում է մակրոֆագեր, հակամարմիններ, իմունոգլոբուլիններ:

Որովայնամիզը իրենից ներկայացնում է կիսաթափանց թաղանթ, որի միջոցով երկու ուղղությամբ (որովայնի խոռոչ և նրանից դեպի արյան ընդհանուր հոսք) տեղափոխվում է ջուր, էլէկտրոլիտներ, ցածր մոլեկուլային նյութեր: Տեղափոխումը տեղի է ունենում որովայնամզի երկու կողմերում օսմոտիկ ճնշման տարբերության հաշվին: Որովայնի խոռոչ ներմուծված իզոտոնիկ լուծույթը ներծծվում է 35 մլ/ժ արագությամբ: Որովայնամիզը ներծծում է սպիտակուցների, նեկրոզված հյուսվածքների քայքայման արգասիքները, բակտերիաներ, օդ, որը որովայնի խոռոչ է անցել լապարոտոմիայի կամ ստամոքսի խոցի պերֆորացիայի ժամանակ: Որովայնի խոռոչ լցված արյան 70%-ը դանդաղ ներծծվում է որովայնամզի լիմֆատիկ անցքերի և անոթների միջոցով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին