Որդանման ելունն ունի լիմֆոիդ հյուսվածքի մեծ կուտակումներ: Երեխաների որդանման ելունի լուսանցքը եռանկյունաձև է, իսկ մեծահասակներինը՝ կլոր: Տարիքի հետ այս լուսանցքը կարող է խցանվել՝ լցվելով շարակցական հյուսվածքով:Որդանման ելունի լորձաթաղանթն ունի աղիքային գեղձեր (կրիպտաներ), որոնք պատված են միաշերտ պրիզմայաձև էպիթելով: Վերջինս պարունակում է շատ քիչ քանակությամբ գավաթաձև բջիջներ: Այստեղ՝ աղիքային կրիպտաների հատակում, ացիդոֆիլ հատիկներով էկզոկրինոցիտներն ավելի խիտ են, քան հաստ աղու մյուս բաժիններում: Հենց այստեղ են գտնվում չտարբերակված էպիթելոցիտները և էնդոկրին ECL–բջիջները, ընդ որում սրանք այստեղ համեմատաբար շատ են, քան հաստ աղու կրիպտաներում (միջին հաշվով յուրաքանչյուրում մոտ 5 բջիջ):

Լորձաթաղանթի սեփական թիթեղն առանց կտրուկ սահմանի (լորձաթաղանթի մկանային թիթեղի թույլ զարգացման հետևանքով) անցնում է ենթալորձային հիմ: Սեփական թիթեղում և ենթալորձային հիմում կան բազմաթիվ խոշոր, տեղ–տեղ միաձուլվող լիմֆոիդ հյուսվածքի կուտակումներ: Մանրէների առկայության դեպքում ելունի լուսանցքի պատը ձևափոխվում է: Լիմֆորդ հանգույցիկներում ծագում են խոշոր լուսավոր կենտրոններ:Լիմֆոցիտները խիստ ինֆիլտրացնում են սեփական թիթեղի շարակցական հյուսվածքը և դրանց մի մասն էպիթելի միջով անցնում է որդանման ելունի լուսանցք: Այդ դեպքում ելունի լուսանցքում հաճախ կարելի է տեսնել պոկված էպիթելոցիտներ և մահացած լիմֆոցիտների կույտեր: Ենթալորձային հիմում տեղավորված են արյունատար անոթներ և ենթալորձային նյարդային հյուսակներ:Մկանային թաղանթն ունի երկու շերտ՝ ներքին շրջանաձև և արտաքին երկայնաձիգ: Ելունի երկարաձիգ մկանային շերտը հոծ է՝ ի տարբերություն խթաղու համապատասխան շերտի: Ելունը սովորաբար արտաքինից ծածկած է շճաթաղանթով, որն էլ առաջացնում է ելունի սեփական միջընդերքը:Որդանման ելունն ունի պաշտպանական ֆունկցիա, նրա լիմֆոիդ հյուսվածքի կուտակումները մտնում են իմուն համակարգի ծայրամասային բաժինների կազմի մեջ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին