Արյան պլազմայի օնկոսային ճնշումը
Արյան պլազմայում լուծված նյութերի մեջ սպիտակուցները զգալի մաս են կազ-մում (7-8%), սակայն նրանցով պայմանավորված օսմոսային ճնշումը շատ փոքր է։ Այն կոչվում է կոլոիդօսմոսային կամ օնկոսային ճնշում (P0): Պլազմայի օսմոսային ճնշման (7,6մթն) միայն 1/200 մասն է բաժին ընկնում օնկոսային ճնշմանը, որը հավասար է 25-30մմ-ի։ Չնայած իր փոքր չափերին օնկոսային ճնշումը պայմանավորում է արյան և հյուսվածքային հեղուկի միջև ընթացող ջրի մոլեկուլների փոխանակությանը։ Հյուսվածքաարյունային պատնեշների շնորհիվ արյան սպիտակուցները միջբջջային տարածության մեջ չեն թափանցում։

Մազանոթներում ջոի մոլեկուլների մուտքն արյունից դեպի հյուսվածքային հեղուկ տեղի է ունենում արյան հիդրոստատիկ ճնշման (Ph) ազդեցությամբ։ Մազանոթների զարկերակային բաժնում Ph-ը հասնում է 30-40մմ-ի, իսկ երակային բաժնում` 8-12մմ-ի։ Հիդրոստատիկ ճնշմանը հակազդում է Po-ը, որը օսմոսի օրենքի համաձայն ջրի մոլեկուլները հյուսվածքային հեղուկից ձգում է դեպի արյուն։ Այսպիսով Ph-ի և Po-ի տարբերությունից ածանցվում է մի նոր ճնշում, որը կոչվում է քամման կամ ֆիլտրացիոն ճնշում՝ Рֆ և արտահայտվում հետևյալ բանաձևով` Рֆ=Рh-Р0: Հենց այս ճնշմամբ է անմիջապես իրականանում ջրի փոխանակության պրոցեսը։ Մազանոթի զարկերակային բաժնում Рֆ=40 - 25 = 15մմ։ Այս ճնշման տակ ջուրը քամվում է արյունից դեպի հյուսվածքային հեղուկ։ Մինչդեռ մազանոթի երակային բաժնում Рֆ = 12-25 =-13մմ։ Այս ճնշման տակ ջրի մոլեկուլները հյուսվածքային հեղուկից շարժվում են դեպի արյուն, իրենց հետ տանելով նաև նյութափոխանակության արգասիքները։ Քամման ճնշման այս մեխանիզմը գործում է օրգանիզմի բոլոր հյուսվածքներում և օրգաններում։ Այն նպաստում է միզագոյացման, ավշագոյացման և այլ պրոցեսներին։ Հյուսվածքային հեղուկի ավելցուկ ջուրը թափանցում է ավշային մազանոթների մեջ։ Օնկոսային ճնշման դերը ցուցադրելու համար փորձարարական ճանապարհով կենդանու արյան պլազմայի մի մասը հեռացնում են և փոխարենը ներարկվում նույն քանակով ֆիզիոլոգիական լուծույթ, որը կոլոիդներ չի պարունակում։ Կենդանու արյան սպիտակուցները նոսրանում են, օնկոսային ճնշումն ընկնում է, որի հետևանքով ջրի մուտքը դեպի հյուսվածքային հեղուկ մեծանում է, իսկ ելքը փոքրանում։ Դրա հետևանքով հյուսվածքներն այտուցվում են։ Նման մեխանիզմով են զարգանում նաև քաղցածության այտուցները։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին