ՕնեյրոիդԳիտակցության երազանման մթագնած վիճակ է, որին բնորոշ է լրիվ կամ մասնակի կտրվածությանը շրջակա միջավայրից և ընկղմվածությունը ֆանտաստիկ ցնորագառանցանքային ապրումների մեջ։ Բնորոշ է երկակի կողմնորոշումը, այսինքն հիվանդը մի կողմից գիտակցում է, որ գտնվում է հիվանդանոցում, խոսում է բժշկի հետ, մյուս կողմից ընկղմվում է իր հիվանդագին ապրումների մեջ։

Այս վիճակում գտնվող հիվանդը կարծես կտրված է իրականությունից, ընկղմված է երազային վիճակի մեջ, հարց տալու դեպքում կարող է կարճ պատասխանել և նորից խորասուզվել իր ֆանտաստիկ աշխարհի մեջ։ Սակայն հիվանդի հարցերին պատասխանելը ձևական բնույթ Է կրում, նա հարցերին պատասխանում Է կարծես քնի մեջ։ Հիվանդների աչքի առաջ հաջորդաբար փոփոխվում են պատկերները, որտեղ իրականը, պատրանքայինը և ցնորքայինը խառնվում են իրար։ Հիվանդները իրենց տեսնում են տիեզերքում, լուսնի վրա, կամ պատմական տարբեր իրադարձություններում։ Ընդ որում, հիվանդները այս ամենին մասնակցում են իրենց ներքին ապրումներով, իսկ արտաքնապես նրանց վարքը պասիվ է, չի համապատասխանում ցնորքային ապրումներին։ Ի տարբերություն դելիրիումի, այստեղ հիվանդները իրենց տեսածի պասիվ մասնակիցն են։ Հնարավոր է նույնիսկ ստուպորոզ վիճակի զարգացում։ Օնեյրոիդի ժամանակ կարող են դրսևորվել նաև զառանցական մտքեր ֆանտաստիկ բովանդակությամբ, օրինակ հիվանդները հայտնում են, որ իրենք հատուկ առաքելություն ունեն այս աշխարհում, որ պետք է փրկեն մարդկությանը, որ բարու և չարի պայքար է ընթանում և իրենք ունեն կենտրոնական դեր այդ պայքարում, որ պետք է նոր հասարակություն ստեղծեն և այլն։ Նրանք, շրջապատի դեպքերին, մարդկանց արարքներին տալիս են հատուկ նշանակություն, կարծես ամեն ինչ հատուկ սարքված է, մարդիկ հատուկ դերեր են խաղում, շինծու վարք են ցուցաբերում։ Կարող է զարգանալ դրական և բացասական նմանակի ախտանիշը, երբ հիվանդը ծանոթներին ընկալում է որպես անծանոթ, անծանոթին որպես ծանոթ։

Ֆրեգոլի ախտանիշի, դեպքում հիվանդը հայտնում է, որ նույն մարդը հանդես է գալիս տարբեր դիմակներով:Օնեյրոիդը կարող է տևել շաբաթներ։ Այդ վիճակից դուրս գալուց հետո ամնեզիան կրում է մասնակի բնույթ՝ հիվանդներն ամբողջովին հիշում են իրենց հիվանդագին ապրումները, իսկ իրական դեպքերը կամ չեն հիշում, կամ մասամբ են հիշում։ Օնեյրոիդը հանդիպում է շիզոֆրենիայի, էպիլեպսիայի, գլխուղեղի օրգանական ախտահարումների ժամանակ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին