Ողնուղեղի վերջին պարանոցային և երկու վերին կրծքային հատվածների մակարդակում գտնվում են նախահանգուցային սիմպաթիկական նեյրոններ, որոնք նյարդավորում են աչքի երեք հարթ մկանները բիբը լայնացնող մկանը, աչքի շրջանաձև մկանի ակնակապճային մասը և վերին կոպի մկաններից մեկը։ Ողնուղեղի այդ հատվածը, որտեղ տեղադրված են նշված նախահանգուցային նեյրոնները, ստացել է ողնուղեղթարթիչային (սպինոցիլիար) կենտրոն անվանումը։ Այդ հատվածի նյարդաթելերը պարանոցային սիմպաթիկական նյարդի կազմի մեջ ընթանում են դեպի վերին պարանոցային սիմպաթիկական հանգույց, որտեղից սկսվում է երկրորդ հետհանգուցային նեյրոնը։ Այս հետհանգուցային նեյրոնի նյարդաթելերն ավարտվում են ակնային մկաններում։ Այդ թելերի գրգռումն առաջացնում է բբի լայնացում (միդրիազ), ակնային ճեղքի լայնացում և ակնագնդի արտացցում (էկզոֆտալմ)։ Ողնուղեղի նշված հատվածների վնասումը կամ սիմպաթիկ նյարդերի հատումը հանգեցնում է Հորների համախտանիշի զարգացմանը, այսինքն բբի նեղացման (միոզ), ակնային ճեղքի նեղացման և ակնագնդի հետանկման (էնդոֆտալմ)։

Ողնուղեղի կրծքային հինգ հատվածներում տեղադրված են սիրտն ու բրոնխները նյարդավորող նախահանգուցային սիմպաթիկ նեյրոնները։ Այդ ուղու հետհանգուցային բջիջները հիմնականում տեղադրված են աստղային հանգույցում կամ ավելի սակավ՝ սահմանային սիմպաթիկ ցողունի հանգույցներում։ Դրանց խթանումն ուղեկցվում է սրտային կծկումների հաճախության ավելացմամբ և կծկողական ուժի մեծածմամբ, բրոնխների լայնացմամբ։ Ողնուղեղի կրծքային բոլոր և գոտկային վերին սեգմենտներում տեղադրված են անոթներն ու քրտնագեղձերը նյարդավորող սիմպաթիկ նյարդային համակարգի նեյրոնները։ Այդ կուտակների կազմավորման առանձնահատկությունը դրանց բջիջների մարմինների որոշակի տեղադրությունն է, որին էլ համապատասխանում են նյարդավոման շրջանները։ Առանձին հատվածների բջջային կուտակների վնասումն ուղեկցվում է սիմպաթազերծված մարմնամասերի անոթային լարվածության, անոթային ռեակցիաների և քրտնարտադրության դադարով։ Ողնուղեղի սրբանային հատվածում գտնվում են պարասիմպաթիկ նեյրոնների խմբավորումներ, որոնց հանրագումարը ձևավորում է կղման, միզարտադրության և սեռական ռեֆլեքսների (առնանդամի կանգնում, սերմնավիժում, հեշտանք) կենտրոնները։ Այդ կենտրոնների քայքայումն ուղեկցվում է նշված ռեֆլեքսների կորուստով, առաջանում են կղման ու միզարտադրության խանգարումներ, անհետանում են սեռական ռեֆլեքսները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին