Ողնուղեղի վերընթաց ուղիներՈղնուղեղի հիմնական վերընթաց համակարգերին են պատկանում նազելի (Գոլլի) և սեպանման (Բուրդախի) խրձերը, որոնք անցնում են նրա հետին ճոպանիկներով: Նյարդաթելերի այդ խրձերը միջողնային հանգույցների նեյրոնների զգացող ելուններն են։ Դրանք գրգիռ են հաղորդում մկանային ջլերի սեփական ընկալիչներից, մաշկի շոշափական ընկալիչներից և ընդերաընկալիչներից։ Միջողնային հանգույցների առբերիչ նեյրոնների աքսոնների կենտրոնական ելունները հետին արմատիկով մտնելով ողնուղեղի հետին ճոպանիկ, T-աձև ճյուղավորվում են։ Ծայրամաս ընթացող աքսոններն իջնում են միայն մի քանի հատված։

Բերանային ուղղությամբ ընթացող աքսոններն, անցնելով ողնուղեղի ամբողջ երկայնքով, ավարտվում են երկարավուն ուղեղի համանուն կորիզներում (Գոլլի և Բուրդախի)։ Այստեղ դրանք ձևավորում են սինապսային փոխանցումը երկրորդ նեյրոնների վրա` ճոպանիկում ավելի միջադիր (մեդիալ) դիրք ունեցող եյարդաթելերն առբերիչ ազդանշաններ են հաղորդում Գոլլի կորիզին մարմնի ծայրային մասերից և ստորին վերջույթներից, իսկ առավել կողմնային դասավորություն ունեցող նյարդաթելերն ընթանում են դեպի Բուրդախի կորիզը և ազդանշաններ են հաղորդում մարմնի գանգային հատվածի ընկալիչներից ու վերին վերջույթներից։

Երկրորդ նեյրոնի աքսոնները բարձրանալով դեպի ուղեղաբուն, խաչվում և սերտորեն դասավորված խրձով ընթանում են մինչև միջանկյալ ուղեղի տեսաթմբի կորիզները։ Նյարդաթելերի այդ խուրձը, որը ձևավորվում է երկրորդ կարգի նեյրոններով, ստացել է միջադիր օղակ անվանումը։ Տեսաթմբում իրականացվում է փոխարկումը երրորդ նեյրոնի վրա, որի աքսոններն ընթանում են դեպի կիսագնդերի կեղև։ Նշված համակարգով հաղորդվում է նուրբ տարբերակված զգայական տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս որոշելու ծայրամասային գրգիռի ուրվագծի տեղակայումը, ինչպես նաև դրա ժամանակային փոփոխությունները։ Մնացած բոլոր վերընթաց ուղիները սկսվում են ոչ թե միջողնային հանգույցներից, այլ ողնուղեղի գորշ նյութում տեղակայված նեյրոններից։ Նրանց նյարդաթելերն իրենցից ներկայացնում են երկրորդ կարգի նեյրոնների աքսոններ։ Այդ ուղիների համար որպես առաջին օղակ նույնպես հանդիսանում ե միջողնային հանգույցների բջիջները, որոնց աքսոնները, սակայն, ողնուղեղում ձևավորում են սինապսային կապեր արդեն երկրորդ կարգի նեյրոնների հետ։ Երկրորդային առբերիչ նեյրոններից սկսվող նյարդաթելերի հիմնական զանգվածն անցնում է սպիտակ նյութի կողմնային ճոպանիկներով։

Նրանք անվանվում են ըստ վերջին նշանակետի։ Կողմնային ճոպանիկով անցնում է ողնուղեղ-տեսաթմբային ուղին։ Այն սկսվում է մաշկի ցավային, ջերմային, շոշափական և ճնշման ընկալիչներից։ Կան տվյալներ, որ այդ ուղին ազդանշաններ է հաղորդում նաև սեփական և ընդերային ընկալիչներից։ Մաշկի ընկալիչներից ընթացող ազդանշանները միջողնային հանգույցի և հետին արմատիկի միջոցով հասնում եե ողնուղեղի հետին եղջյուր։ Հետին եղջյուրների զգացող բջիջների աքսոնները (երկրորդական կարգի նեյրոններ) մուտք գործելով հակառակ կողմի սպիտակ նյութ, կողմնային կամ փորային ճոպանիկներով, առանց ընդհատման բարձրանում են վեր, անցնելով ողնաղեղի ամբողջ երկայնքով, գլխուղեղի բնով և ավարտվում տեսաթմբի կորիզներում։ Այնտեղ նրանք ձևավորում են սինապսներ այն նյարդային բջիջների վրա (երրորդ կարգի նեյրոններ), որոնց աքսոններն ընթանում են դեպի մեծ կիսագնդի կեղև։ Ենթադրվում է, որ այդ ուղին տեղեկատվություն է հասցնում ուղեղի կեղև գրգռիչի որակական բնույթի մասին։

Նկարագրված երկու ուղիները հասնելով մինչև կեղևային կառույցներ, ընկալչական հատվածները կապում են հակառակ կողմի կիսագնդի կեղևի հետ։ Կողմնային ճոպանիկներով անցնում են նաև երկու վերընթաց ուղիներ, որոնք ողնուղեղը կապում են ուղեղիկի հետ։ Այդ ուղիները տեղադրված են կողմնային ճոպանիկների արտաքին մասում։ Առբերիչ ազդանշանները նրանց են հասնում նույնպես ողնուղեղային հանգույցի նեյրոնների միջոցով, որոնք տեղեկատվություն են հաղորդում մկանային, ջլային, կապանային ընկալիչներից, ինչպես նաև մաշկի վրա ցուցաբերած ճնշման և հպման զգացողություններից։ Երկրորդ կարգի նեյրոնները տեղակայված են ողնուղեղի գորշ նյութում։ Մեջքային ողնուղեղուղեղիկային ուղու կամ ֆլեքսիգի խրձի դեպքում, որը ֆիլոգենեզի առումով իրենից ներկայացնում է ողնուղեղի հնագույն զգացող ուղին, նեյրոնների տեղն ու դսավորությունը, որոնց աքսոնները կազմում են այդ ուղու նյարդաթելերը, հանդիսանում է գորշ նյութի միջանկյալ շրջանի հիմքը (Կլարկի սյուն)։ Այդ ուղին առանց խաչվելու հասնում է ուղեղիկի կեղև, որտեղ յուրաքանչյուր նյարդաթել որոշակի հատված է զբաղեցնում։ Այդ ուղիով ազդանշաններ են ընթանում մկանների և վերջույթների ջլերի ընկալիչներից։

Փորային ողեուղեղ-ուղեղիկային ուղին կամ Հովերսի խուրձը պարունակում է նյարդաթելեր, որոնք բարձրանում են մարմնի հակառակ կողմի կողմնային ճոպանիկով։ Այդ ուղին կազմող բջիջները տեղադրված են ողնուղեղի հետին և առաջային եղջյուրների հիմքում և առաջային եղջյուրների եզրային մասում։ Ուղեղի բնում այդ նյարդաթելերը կրկին խաչվելով վերադառնում են ուղեղիկի նույն կողմի կեղև։ Այդ ուղիով, ջլային, մաշկային և ընդերային ընկալիչներից ընթացող ազդանշանները ուղեղիկի կեղևում մեծ տարածք են ընդգրկում։ Ցույց է տրված նրանց մասնակցությունը մկանային լարվածության պահպանման մեջ, որով ապահովվում է շարժումների կատարումն ու կեցվածքի պահպանումը։ Այսպիսով, այն դեպքում, երբ ուղեղի կիսագնդերի կեղևը միշտ կապված է լինում հակառակ կողմի առբերիչ նյարդաթելերի հետ, ուղեղիկի կեղևը, շնորհիվ Ֆլեքսիգի չխաչվող և Հովերսի կրկնակի խաչվող խրձերի, նյարդաթելեր է ստանում նույն կողմի կառույցներից։

Կողմնային ճոպանիկներով են ընթանում նաև ողնուղեղ-պարանոցային (սպինոցերվիկալ) ուղու նյարդաթելերը, որոնց վերջնամասերը սինապսներ են կազմավորում ողնուղեղի պարանոցային հատվածի ռելեային նեյրոնների, այսինքն պարանոցային կորիզի նեյրոնների հետ։ Վերջիններիս նեյրոններն աքսոններ են ուղարկում դեպի ուղեղիկի և ուղեղաբնի այլ կառույցներ։

Դեպի գլխուղեղի տարբեր կառույցներ ընթացող նշված հիմնական ուղիներին զուգընթաց, ողնուղեղի սպիտակ նյութում կան ուղիներ, որոնք դուրս չեն գալիս նրա սահմաններից։ Այդ ուղիները ստացել են սեփական ողնուղեղային (պրոպրիոսպինալ) անվանումը։ Դրանք սկսվելով միջանկյալ հատվածի գորշ նյութի սեփական ողնուղեղային ներդիր նեյրոններից, մտնում են կողմնային կամ փորային ճոպանիկների սպիտակ նյութ, տեղակայվելով նրանց ամենախորքային մասերում։ Այդ ուղիներն ավարտվում են միջանկյալ մարզի գորշ նյութում կամ այլ հատվածների առաջային եղջյուրների շարժանեյրոնների վրա։ Նշված ուղիները կատարում են զուգորդական ֆունկցիա և մասնակցում են վերին ու ստորին վերջույթների կենտրոնների կապին, կեցվածքի համաձայնեցմանը, մկանային լարվածությանը, մարմնի տարբեր մետամերեերի շարժմանը։ Շնորհիվ հատվածային և միջհատվածային ռեֆլեքսների, ողնուղեղն, ի պատասխան ծայրամասերից կամ ԿՆՀ-ի բարձրադիր բաժիններից եկող ազդանշանների, իրականացնում է բարդ համագործակցված շարժումներ։ Սեփական ողնուղեղային ուղիների շարքին պետք է դասել նաև կոմիսուրալ նյարդաթելերը, որոնք միացնում են ողնուղեղի ֆունկցիոնալ առումով միանման սիմետրիկ և ասիմետրիկ մասերը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին