Ողնուղեղի մորֆոֆունկցիոնալ կարգավորումըՖիլոգենեզորեն ողնուղեղը ԿՆՀ-ի առավել հին բաժինն է։ Այն ուղեղի այլ բաժինների հետ համեմատած առավել չափով պահպանել է սաղմնային (էմբրիոնալ) կառուցվածքն ամբողջական ուղեղային խողովակի տեսքով, ձգվելով մարմնի ամբողջ երկայնքով։ Առաջին անգամ այն երևան է գալիս լարավորների առավել պարզունակ ներկայացուցչի՝ գլխուղեղից զուրկ նշտարիկի օրգանիզմում։ Ցամաք դուրս եկած և վերջավորություններով օժտված ողնաշարավորների ողնուղեղային խողովակում տարբերակվում են երկու հաստուկներ պարանոցային և գոտկային, որոնք ավելի շատ նյարդային տարրեր են պարունակում, քան նրա մյուս բաժինները։ Ողնուղեղը ԿՆՀ-ի ամենապոչային բաժինն է։ Այն պարփակված է ողնաշարով կազմավորված ոսկրային խողովակի ներսում և ԿՆՀ-ի մյուս բաժինների նման ծածկված է երեք թաղանթով՝ կարծր, ոստայնաթաղանթ և փափուկ։

Ողնուղեղն ունի արտահայտված սեգմենտար (հատվածային) կառուցվածք։ Յուրաքանչյուր հատված կապված է երկու զույգ վենտրալ (փորային կամ առաջային) և դորզալ (մեջքային կամ հետին) արմատիկների հետ։ Վենտրալ արմատիկը պարունակում է արտատար ելքեր, իսկ դրզալը ձնավորվում է ողնուղեղի առբերիչ (զգացող) մուտքերով։ Այն իրարից անկախ բացահայտել են Ու.Բելլը (1811) և Ֆ.Մաժանդին) (1822), ինչը և ստացել է Բելլ-Մաժանդիի օրենք անվանումը։ Դորզալ արմատիկը կազմված է առաջնային առբերիչ նեյրոնների նյարդաթելերի կենտրոնական ելուններով, որոնց մարմինները գտնվում են ծայրամասում տեղադրված են ողնուղեղային հանգույցում։ Հանգույցում նեյրոններն ունեն T-աձև բաժանվող ելուններ։ Կենտրոնական ելունը մտնում է դորզալ արմատիկ, իսկ ծայրամասայինը տարբեր մարմնական և ընդերային նյարդերի կազմում մոտենում է մաշկի, մկանների, ներքին օրգանների ընկալչական կառույցներին : Վենտրալ արմատիկներով ընթանում են ողնուղեղի շարժիչ նեյրոնների աքսոնները և վեգետատիվ նյարդերը։

Դորզալ արմատիկների հատումը վերացնում է զգացողությունը, իսկ վենտրալ արմատիկների հատումը հանգեցնում է շարժողական ռեակցիաների կորստի։ Ճշգրիտ պարբերականության առկայություն ողնուղեղի արմատիկների մուտքում և ելքում հանդիսանում է նրա կազմավորման բնորոշ առանձնահատկությունը։ Արմատիկների յուրաքանչյուր զույգ համապատասխանում է ողերից որեէ մեկին և ողնաշարային խողովակից դուրս է գալիս նրանց միջև գտնվող անցքով։ Այդ պատճառով էլ ընդունված է ողնուղեղի հատվածները նշել այն ողով, որի մոտով ողնուղեղից դուրս է գալիս համապատասխան արմատիկը։ Ընդունված է ողնուղեղը բաժանել նաև պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչուկային հատվածների։ Մարդու ողնուղեղն ունի 8 պարանոցային (C1-C8 նշումները կատարվում են լատինական տառերով), 12 կրծքային (Th1, Th12), 5 գոտկային՝ (L1-L5), 5 սրբանային (C1-C5) և 1-3 պոչուկային (С01-3) հատվածներ: Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր հատված ճիշտ է դասավորված համապատասխան ողի դիմաց։ Քանի որ անհատական զարգացման ընթացքում . ողնաշարն աճում է ավելի արագ, քան ողնուղեղը, ապա վերջինս ողնաշարի խողովակից կարճ է։ Այդ պատճառով էլ ողնուղեղի վերին բաժիններում յուրաքանչյուր հատված համապատասխանում է իր ողին և նրա արմատիկները դուրս են գալիս ողնաշարից մոտավորապես այնտեղ, որտեղ նրանք հեռանում են ողնուղեղից։ Իսկ ողնաշարային խողովակի վերջնամասում բացակայում է ողնուղեղային նյութը, քանի որ համապատասխան հատվածներն ունեն առավել կռանիալ (գանգային) դասավորություն։ Այդ պատճառով էլ արմատիկները հյուսակի նման (ձիու պոչ) իջնում են ներքև դեպի միջողային անցքերը և ապա դուրս գալիս ողնաշարից։
 
Հետին և առաջային արմատիկները, ընդհուպ մինչև միջողնային անցքերի մուտքը, սկզբում ընթանում են առանձին-առանձին։ Ոսկրային ճեղքի մուտքի մոտ կամ ոսկրային ճեղքում հետին արմատիկի վրա կա հաստացում՝ միջողնային հանգույց, որը պարունակում է առբերիչ նյարդային բջիջներ : Այդ բջիջների ելունները, ինչպես նշվեց վերևում, իրենցից ներկայացնում են առբերիչ նյարդաթելեր, որոնք հետին արմատիկի կազմում մտնում են ողնուղեղ։ Միջողնային հանգույցների նեյրոններն ունիպոլար են (միաբևեռ), որտեղ գրգիռը մի ճյուղից դեպի մյուսը կարող է տարածվել առանց ընդգրկելու բջջի մարմինը։ Ողնուղեղի առբերիչ զգացող թելերը կարելի է բաժանել երեք խմբի : Առաջին խումբը ձևավորվում է մկանային ու ջլային ընկալիչներից, վերնոսկրից ու հոդապարկերից ընթացող նյարդաթելերով։ Ընկալիչների այդ խումբն ապահովում է այսպես կոչված պրոպրիոցեպտիվ (սեփական) զգացողություն։

Առբերիչ համակարգի երկրորդ խումբը սկիզբ առնելով մաշկային ընկալիչներից (ցավային, ջերմային, շոշափական, ճնշումային) ձևավորում է մաշկային զգացողությունը։ Երրորդ խումբը ներկայացվում է վիսցերալ (ընդերային) օրգաններից եկող մուտքերով` վիսցերոռեցեպցիա (ընդերաընկալչություն)։ Նշված նյարդաթելերն իրարից տարբերվում են իրենց հաստությամբ և հաղորդման արագությամբ։ Նրանք տարբերակվում են նաև դրդման առաջացման շեմքով։ Այսպես, առավել դրդունակությամբ օժտված են առաջին խմբի սեփական ընկալիչները։ Ամենաթույլ դրդունակություն ունեն մաշկի և ընդերային «С» խմբի միելինազուրկ նյարդաթելերը, որոնց գրգռման շեմքը 30 անգամ մեծ է համեմատած առաջին խմբի նյարդաթելերի հետ։
Առանձին մեկ զույգ հետին արմատիկներից զգացող նյարդաթելեր ստացող մարմնի մասերը ձևավորում են մետամերներ (մարմնահատվածներ)։ Մաշկային այն շրջանը, որի մեջ բաշխվում են այդ զգացող նյարդաթելերը, կոչվում է դերմատոմ (մաշկահատված)։ Մաշկի վրա համապատասխանաբար կարելի է որոշել տարածքներ, որոնք կարգավորվում են ողնուղեղի որոշակի հատվածների կողմից։ Յուրաքանչյուր մետամեր զգացող նյարդաթելեր է ստանում ողնուղեղի երեք, մեկը մյուսի վրա տեղադրված, հետին արմատիկներից, իսկ յուրաքանչյուր հետին արմատիկ նյարդավորում է երեք մետամեր։ Ուստի առկա է առբերիչ նյարդաթելերի տարածման գոտու վերածածկում։ Հասկանալի է, որ մետամերային կազմավորումը խախտվում է վերջույթների վրա, որոնք նյարդավորում են ստանում մի քանի հատվածներից։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին