Մտածողության բովանդակային խանգարումներից` սևեռուն կամ կպչուն մտքերի տարատեսակ է: Սրանք իրականացված կպչուն հակումներն են: Տարբերում ենք, ծիսակարգային կպչուն գործողություններն ու պարզ կպչուն գործողությունները, որոնք չեն զուգորդվում ֆոբիաներով։ Այս երկրորդ ձևի խանգարումներից են ցանկություններին հակառակ կատարվող շարժումները, որոնք դիմադրելու ճիգերին չեն ենթարկվում և անպայմանորեն կատարվում են։ Օրինակ՝ որոշ մարդիկ անընդհատ «խաղում են» մազերի հետ, ուրիշները` ճպճպացնում են աչքերը կամ յուրահատուկ ձևով այն կկոցում, կան մարդիկ, որ արտասովոր ձևով ձգում են վիզը, գլխով կամ մարմնի որևէ վերջույթով անսովոր շարժում կատարում։

Կպչուն գործողություններից են նաև խոսքն «աղտոտող» միջանկյալ բառեր կամ հնչյուններ օգտագործելը («ը-ը-ը», «ուրեմն», «ասենք» և այլն)։ Որպես կպչուն գործողություններ են դիտվում նաև պահարաններում կամ սեղանի վրա գտնվող առարկաների սիմետրիկ դասավորումը, «ավելորդ» առարկաների հավաքելը և այլն։ Հիվանդը, եթե չի իրականացնում այս և շատ այլ տիպի գործողությունները, նրա գիտակցության մեջ սկսում են իշխել այդ գործողությունները չկատարելու հետ կապված ապրումներն ու մտքերը։ Հիվանդը հանգստանում է միայն դրանք իրականանալուց հետո։ Մասնագիտական գրականությունում վերջին տարիներին այս բնույթի խանգարումները ստացել են «օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ» անվանումը։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին