Նյութափոխանակության հիմնական էտապները և նրանց կենսաբանական նշանակությունը:Նյութափոխանակությունը ընթանում է 3 էտապներով՝

1. նախապատրաստական փուլ,
2. միջանկյալ փոխանակություն,
3. եզրափակիչ փուլ:


Առաջինը ապահովում է սննդի ընդունումը և վերամշակումը: Նրա իրականացմանը մասնակցում են լոկոմոտոր համակարգը սոմատիկ մկաններով, մարսողական համակարգը, ԿՆՀ-ը իր բարձրագույն բաժնի՝ մեծ կիսագնդերի կեղևի հետ միասին, որը ստեղծում է համապատասխան հուզական ֆոն և ձևավորում է սննդի հայթայթման վարք:
Այս էտապում սննդի քիմիական բաղադրամասերը ստամոքսաղիքային ուղում հաջորդաբար ճեղքվում են ցածրամոլեկուլային նյութերի՝ սպիտակուցները պրոտեոլիզային ֆերմենտների ազդեցությամբ' ամինաթթուների, ճարպերը լիպազների ազդեցությամբ' գլիցերինի և ճարպաթթուների, ածխաջրերը կարբոհիդրազների ազդեցությամբ' մոնոսախարիդների: Այս էտապի հիմնական նշանակությունը կայանում է նրանում, որ սննդանյութերը վերածվելով պարզագույն ձևերի, կորցնում են իրենց տեսակային սպեցիֆիկությունը, դառնում են դյուրներծծելի, անցնում են արյան և ավշի մեջ և ելանյութ են մատակարարում անաբոոլիզմի գործընթացներին:

Նյութափոխանակության երկրորդ' միջանկյալ էտապում ածխաջրատների, ամինաթթուների, գլիցերինի և ճարպաթթուների օքսիդիչ քայքայման պրոցեսում բոլոր նյութերի փոխանակությունները միախառնվում են, առաջանում են ոչ մեծ թվով միացություններ, որոնք ընդհանուր են բոլոր նյութերի փոխանակության համար, կապող օղակ են հանդիսանում նրանց փոխանակության առանձին ուղիների, սինթեզի և քայքայման գործընթացների միջև և պայմանավորում են տարբեր նյութերի փոխադարձ փոխակերպումներ: Պատկերավոր այդ նյութերն անվանում են նյութափոխանակության «ընդհանուր կաթսա»: Նման միացություններից են ացետիլ-Co-A-ն, պիրոխաղողաթթուն, որոնք հետագա փոխակերպումներից հետո եռածխածնային թթուների ցիկլի (Կրեբսի ցիկլի) մեջ մտնելով, ելանյութ են ծառայում տեսակային սպեցիֆիկ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրատների սինթեզի համար: Այսպիսով, ածխաջրատների, սպիտակուցների և ճարպերի փոխանակությունները փոխադարձ կապված են փոխանակության ելանյութերի ստադիայում և ունեն ընդհանուր վերջնային ուղի: Կարևոր վերջնային ուղի է նաև կիտրոնաթթվի ցիկլը, որը Co2 -ի գլխավոր աղբյուրն է գլյուկոնեոգենեզի, ճարպաթթուների և միզանյութի սինթեզի համար և շնչական շղթայի ռեակցիաները, որոնք կատարվում են միթոքոնդրիումներում: Միևնույն ժամանակ օքսիդիչ ֆոսֆորացման ճանապարհով շարունակվում է գլյուկոզայի, ամինաթթուների, ճարպաթթուների և գլիցերինի հետագա ճեղքումը և մակրոէրգ միացությունների'ԱԵՖ-ի սինթեզը: էներգիայի հիմնական մասը (մոտ 2/3- ը) անջատվում է Կրեբսի ցիկլում՝ օքսիդացման հետևանքով: Դրանք ածխաջրերի, ճարպերի, ամինաթթուների' ֆոսֆորացմամբ և ԱԵՖ-ի սինթեզով զուգորդված աէրոբ օքսիդացման ռեակցիաներ են:

Երրորդ  եզրափակիչ փուլը ապահովում է նյութերի փոխանակության վերջնական, ոչ պիտանի արգասիքների հեռացումը մարսողական և արտազատական օրգանների կողմից:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին