հարթ մկաններում նյարդամկանային հաղորդումՀարթ մկաններում գրգռի հաղորդման մեխանիզմը նյարդից դեպի մկան ընդհանուր առմամբ նման է կմախքային մկանում նյարդամկանային հաղորդման մեխանիզմին, սակայն ունի որոշակի առանձնահատկություններ։ Եթե կմախքային մկանում դրդող միջնորդանյութի դերում հանդես է գալիս միայն ացետիլխոլինը, ապա հարթ մկաններում դրդման փոխանցումը կարող է իրականացվել տարրեր միջնորդանյութերի օգնությամբ, որը հավանաբար բացատրվում է հարթ մկանների գործառական մասնագիտացմամբ։

Այսպես օրինակ` ստամոքսաղիքային համակարգի հարթ մկանների դրդող միջնորդանյութն է ացետիլխոլինը, իսկ անոթների պատերում տեղակայված հարթ մկանների համար նորադրենալինը։ Հարթ մկանի նյարդամկանային հաղորդման մյուս առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն կմախքային մկանի, նյարդային մեկ ազդակով անջատված միջնորդանյութի քանակը սովորաբար բավարար չէ հարթ մկանի թաղանթի կրիտիկական ապաբևեռացման և նրա կծկման համար։ Հարթ մկանի կծկումն ապահովելու համար անհրաժեշտ է իրար հաջորդող նյարդային ազդակների մի ամբողջ շարք, որոնք ապահովում են ԴՀՍՊ-ների գումարում և մկանաթելի ապաբևեռացման կրիտիկական մակարդակ՝ ԳՊ-ի ծագումով և մկանի կծկումով։Կմախքային մկանում իրար հաջորդող ԳՊ-երի հաճախությունը համընկնում է շարժիչ նյարդի ռիթմիկ դրդման հաճախության հետ, մինչդեռ հարթ մկաններում այդ համապատասխանությունը խախտվում է արդեն 7-15 ազդակ/վրկ, իսկ 50 ազդակ/վրկ հաճախության դեպքում նկատվում է արգելակում` պեսիմումի սկզբունքով։

Հարթ մկանների սինապսին բնորոշ է նաև արգելակող միջնորդանյութի արտազատում, որն ուղեկցվում է համապատասխանաբար արգելակող հետսինապսային պոտենցիալի (ԱՀՍՊ) առաջացմամբ։ Այն պայմանավորված է նրանով, որ ենթասինապսային թաղանթում արգելակող միջնորդանյութի ընկալիչը զուգակցված է К+-ական անցուղիների հետ։Վերջիններիս բացման դեպքում առաջանում է К+ իոնների արտահոսք, որն էլ հանգեցնում է թաղանթի գերբևեռացման։ Ինչպես դրդող, այպես էլ արգելակող սինապսում հետսինապսային պոտենցիալները արդյունավետ են, եթե նրանք ենթարկվում են գումարման։ Դրանց առավելագույն ազդեցությունը դրսևորում է 5-25 ազղակ/վրկ հաճախության դեպքում։ Եթե արգելակող նյարդի դրդումը նախորդում է դրդող նյարդի դրդմանը, ապա ԴՀՍՊ-ը իր ամպլիտուդով կարող է չբավարարել մկանաթելի թաղանթի կրիտիկական ապաբևեռացմանը։ Այստեղից էլ պարզ է,թե ինչու ռիթմավար (պեյսմեկերային) ակտիվությամբ օժտված հարթ մկաններում արգելակող նյարդի դրդման ժամանակ ռիթմիկ կծկումները դադարում են։


Որոշ հարթ մկաններում (աղիքներ, բրոնխներ), որոնց համար դրդող միջնորդանյութ է հանդիսանում ացետիլխոլինը, նորադրենալինը հանդես է գալիս որպես արգելակող միջնորդանյութ և, հակառակը, այն մկաններում (միզապարկի սեղման, արյունատար անոթներ), որտեղ դրդող միջնորդանյութի դերը կատարում է նորադրենալինը, ացետիլխոլինն առաջացնում է արգելակող ազդեցություն։Հարթ մկանների նյարդամկանային հաղորդման առանձնահատկություններից է նաև խոլինաընկալիչի յուրահատուկ քիմիական կառուցվածքը, որի հետևանքով այն շրջափակվում է ոչ թե կուրարեով և կուրարեանման նյութերով, այլ ատրոպինով։ Նորադրենալին միջնորդանյութով օժտված նյարդամկանային սինապսի ենթասինապսային թաղանթի քիմիապես դրդունակ անցուղիները զուգակցված են . ադրենաընկալիչների հետ, որոնք կարող են լինել ալֆա և բետա տիպի և ունենալ իրենց համապատասխան ադրենաշրջափակիչները։ Ալֆա ադրենաընկալիչների շրջափակիչներն են` դիհիդրոէրգոտամինը, պիրօքսանը, ֆենտոլամինը, բետա ադրենաընկալիչները շրջափակվում են անապրիլինով, բենզոդիքսինով, նադոլոլով և այլն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին