Երեք դասական նևրոզներից (նևրասթենիա, կպչուն վիճակների նևրոզ, հիստերիկ նևրոզ) սա միակն է, որ մնացել է ժամանակակից դասակարգման մեջ (ՀՄԴ-10) որպես առանձին, ինքնուրույն նոզոլոգիական միավոր։ Այս տերմինն առաջին անգամ կիրառել է Beard-ը (1869 թ.)։ Նա նկարագրել է մի համախտանիշ, որը բնութագրվում է մտային և ֆիզիկական հյուծվածությամբ, վատ ախորժակով, դյուրագրգռությամբ, անքնությամբ, ուշադրության թուլացումով, գլխացավերով։ Հեղինակը կարծում էր, որ այս ախտանիշները կարող են առաջանալ քրոնիկական հիվանդությունների հետևանքով, տենդից և ծննդաբերությունից հետո։ XX դարի ընթացքում նևրասթենիայից առանձնացվեցին կլինիկորեն նման այն վիճակները, որոնք պայմանավորված են գլխուղեղի օրգանական ախտահարմամբ և մարմնական հիվանդություններով։ 

Ի սկզբանե, նևրասթենիայի պատճառ էին համարվում նյարդային հյուծվածությունը, հետո ընդգծվեց կոնստիտուցիոնալ և հոգեբանական գործոնների դերը։ Նևրասթենիայի հիմնական պատճառ է համարվում տևական (երբեմն՝ նաև կարճատև, բայց սուր) հոգետրավմատիկ իրավիճակի ազդեցությունը։ Սակայն, ցավոք, մինչ օրս ինտերնիստների շրջանում նևրասթենիայի նկատմամբ մնում են ավելի ընդունված և տարածված սխալ պատկերացումներ, որոնք բնորոշ էին XX դարի առաջին կեսին։ Նևրասթենիան (F48.0), որը բառացիորեն նշանակում է «նյարդային թուլություն», ընդգրկված է «այլ նևրոտիկ խանգարումների» խորագրում։

Դասական մոտեցմամբ ընդունված է տարբերակել նևրասթենիայի երկու ձև.
1. հիպերսթենիկ (դրդվող)
2.հիպոսթենիկ (հյուծվող)։

Հիմնական ախտանիշներն են վատ ինքնազգացողությունը, աշխատունակության անկումը (հատկապես՝ օրվա երկրորդ կեսին), մակերեսային քունը մղձավանջային երազներով, անքնությունը, ցրվածությունը, դյուրագրգռությունը, հուզական անկայունությունը՝ տագնապի, հիասթափության, ֆոբիաների հակվածությամբ, ինչպես նաև՝ վեգետատիվ-անոթային և մարմնական բնույթի տարբեր խանգարումներով (հաճախասրտություն, ցավի զգացողություն կրծքավանդակում, դիսպեպտիկ խանգարումներ, առատ քրտնարտադրություն, ճնշման տատանումներ, դող և այլն)։ Նևրասթենիայի ժամանակակից մեկնաբանումը տարբերակում է ևս երկու հիմնական տեսակ, որոնք, սակայն, ընդհանուր շատ բան ունեն։ Առաջին տեսակը բնութագրվում է մտավոր աշխատանքից հետո ընդգծված հյուծվելիությամբ, մասնագիտական արդյունավետության անկումով։ Մտավոր հոգնածությունը (հյուծվածությունը), սովորաբար, դրսևորվում է ուշադրությունը շեղող տհաճ հիշողությունների, մտածմունքների «ներխուժմամբ», կենտրոնանալու դժվարացմամբ, անարդյուանվետ մտավոր աշխատանքով։ Նևրասթենիայի երկրորդ տեսակի խանգարումները հիմնականում բնորոշվում են ֆիզիկական թուլությամբ, հյուծվածությամբ՝ անգամ փոքր ֆիզիկական լարվածության հետևանքով, մկանային ցավերով, հանգստանալու անկարողությամբ։ Երկու տեսակին էլ բնորոշ են գլխապտույտը, ճնշող գլխացավը, ընդհանուր անկայունությունը, դիսկոմֆորտը, դյուրագրգռությունը, ինչպես նաև՝ դեպրեսիվ և տագնապային բնույթի խանգարումները, ուրախության և հաճույքի զգացողության կորուստը (անհեդոնիան), քնի տարբեր խանգարումները (անքնությունից մինչև քնկոտություն)։

Նևրասթենիան ախտորոշելու համար շատ կարևոր են մի քանի ախտանիշներ՝
* ընդհանուր վիճակի վատացում, անգամ թեթև ֆիզիկական կամ մտավոր լարվածությունից հետո կամ վիճակի բարելավում փոքր հանգստից հետո,
* վերը թվարկած ախտանիշներից առնվազն երկուսի առկայությունը։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին