Ներզատիչ համակարգՆերզատիչ և նյարդային համակարգերը կարգավորում և կոորդինացնում են օրգանիզմի ֆունկցիաները: Ներզատիչ համակարգը կազմված է մասնագիտացված ներզատիչ գեղձերից, որոնք զուրկ են արտատար ծորաններից, հագեցված են միկրոշրջանառու հունի անոթներով, որոնց մեջ մտնում են այդ գեղձերի արտազատիչ նյութերը և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում սփռված ներզատիչ բջիջները: Ներզատիչ գեղձերը, մենավոր բջիջները արյան և ավշի մեջ արտազատում են բարձր ակտիվություն ունեցող հորմոններ (հունարեն «hormao» – գրգռում բառից), որոնք գլխավորապես օրգանիզմի հիմնական՝ նյութափոխանակության, սոմատիկ աճի, ռեպրոդուկտիվ ֆունկցիաների վրա խթանող կամ ընկճող ազդեցություն ունեն:

Հորմոնների բնույթը: Հորմոնների ճնշող մեծամասնությունը սպիտակուցներ (պեպտիդներ, օլիգոպեպտիդներ, գլիկոպեպտիդներ) և ամինոթթուների ածանցյալներ են, մյուս մասը՝ ստերոիդներ են՝ սեռական և երիկամի կեղևի հորմոններ:
Որոշ հորմոններ արտադրվում են միայն մեկ ներզատիչ գեղձում (օրինակ՝ թիրօքսին՝ միայն վահանագեղձում) մյուսները՝ մի քանի օրգաններում: Օրինակ՝ ինսուլինը արտադրվում է հիմնականում ենթաստամոքսային գեղձում, ինչպես նաև հարականջային գեղձում և գլխուղեղի որոշ նեյրոններում: Ադրենոկորտիկոտրոպ հորմոնը (ԱԿՏՀ) արտադրվում է հիպոֆիզի առաջային բլթակում, նաև՝ գլխուղեղում և որոշ օրգաններում (հյուսվածքային ԱԿՏՀ): Մարդու և կաթնասունների մոտ բազմաթիվ օլիգոպեպտիդ հորմոններ առաջանում են գլխավորապես գլխուղեղում և օլիգոպեպտիդային ուղու լորձաթաղանթում: Հաճախ մենավոր ներզատիչ բջիջները կարող են արտադրել միաժամանակ մի քանի օլիգոպեպտիդային հորմոններ: Հորմոնները առանձնահատուկ ազդեցություն ունեն բջիջների և օրգանների վրա, որոնք կոչվում են էֆեկտորներ կամ թիրախներ:

 Հորմոնների բջջային ընկալիչները: Յուրաքանչյուր հորմոն կարող է գործել այն դեպքում, երբ ճանաչվում և կապվում է բջջային ընկալիչներով, որոնք գտնվում են թիրախ բջիջներում: Այս դեպքում հորմոնը պետք է խիստ համապատասխանի ընկալիչին (կոմպլեմենտար, այսինքն՝ այնպես, ինչպես բանալին պետք է համապատասխանի իր կողպեքին): Հորմոնի կապվելը ընկալիչի հետ ակտիվացնում է ադենիլատցիկլազա ֆերմենտը, որն էլ իր հերթին ադենոզիներեքֆոսֆորային թթվից առաջացնում է ցիկլիկ ադենոզինմոնոֆոսֆատ (ց–ԱՄՖ): Հետագայում ց–ԱՄՖ–ն ակտիվացնում է ներբջջային ֆերմենտները, և թիրախ բջիջը ֆունկցիոնալ առումով գրգռվում է:

 Նյարդային և ներզատիչ համակարգերի փոխկապակցությունը: Նյարդային և ներզատիչ բջիջները հումորալ կարգավորող գործոններ են արտադրում: Ներզատիչ բջիջները սինթեզում են հորմոններ և արտադրում արյան մեջ, իսկ արտազատիչ նեյրոնները սինթեզում են նեյրոտրանսմիտերներ (դրանց մեծ մասը նեյրոամիններ են)՝ ադրենալին, նոր ադրենալին, սերոտոնին և այլն, որոնք արտադրվում են սինապտիկ ճեղքերի մեջ: Հիպոթալամուսում կան սեկրետոր նեյրոններ, որոնք ունեն նյարդային և ներզատիչ բջիջների նույն հատկությունները: Նրանք կարող են առաջացնել ինչպես նեյրոամիններ, այնպես էլ՝ օլիգոպեպտիդ հորմոններ:Նյարդային համակարգը կարգավորում է ներզատիչ օրգաններում արտադրված հորմոնները: Ներզատիչ համակարգի կենտրոնական և ծայրամասային օրգանների միջև կան բարդ փոխհարաբերություններ:Ներզատիչ ֆունկցիայով արտահայտված բջիջները տեղադրված են նյարդային համակարգում, կազմում են ինքնուրույն օրգաններ կամ օրգանների մասեր՝ մենավոր հորմոն արտադրող բջիջների տեսքով՝ ոչ ներզատիչ օրգանների կազմում: Այդ գոյացությունների մեջ առանձնացնում են կենտրոնական և ծայրամասային բաժիններ, որոնք փոխազդում են միմյանց վրա և կազմում միասնական համակարգ:Այսպիսով, ներզատիչ համակարգը ներկայացված է հետևյալ հիմնական կառուցվածքային բաղադրամասերով.

I.Ներզատիչ համակարգի կենտրոնական կանոնավորող գոյացություններ՝
1.հիպոթալամուս (նեյրոսեկրետոր կորիզներ)
2.հիպոֆիզ
3.էպիֆիզ

II. Ծայրամասային ներզատիչ գեղձեր՝
1.վահանագեղձ
2.հարվահանաձև գեղձեր
3.մակերիկամներ՝
ա) կեղևային նյութ
բ)միջուկային նյութ

III. Օրգաններ, որոնք կապում են ներզատիչ և արտազատիչ ֆունկցիաները՝
1.գոնադներ՝
ա) սերմնարան
բ) ձվարան
2.ընկերք
3.ենթաստամոքսային գեղձ

IV. Մենավոր հորմոն արտադրող բջիջներ
1.APUD խմբի նյարդաներզատիչ բջիջներ (նյարդային ծագման)
մենավոր հորմոն արտադրող բջիջներ (ոչ նյարդային ծագման):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին