Սրտի ներսրտային հանգույցների շարժական նեյրոնները ընդունում են ոչ միայն թափառող նյարդի, այլ նաև ներսրտային զգացող թելերի գրգիռները և այսպիսով այդ ազդեցությունների համար դառնում ընդհանուր վերջնային ուղի։ Այս դեպքում սրտի ռեակցիայի բնույթը կախված է արտասրտային և ներսրտային ազդակների փոխհարաբերությունից։ Սրտի ներսրտային հանգույցները բարդ միավորող կենտրոններ են, որտեղ ծայրակցվում են սեփական ռեֆլեքսային աղեղները։ Նույն մեխանաըեկալիչների ձգման նկատմամբ սրտի գործունեության երկու բնույթի (ուժեղացնող և թուլացնող) ռեակցիաների գոյությունը Կոսիցկուն թույլ են տվել հանգելու այն հետևության, որ սրտի հանգույցներում գոյություն ունեն որակապես տարբեր շարժական նեյրոններ՝ ադրենէրգիական և խոլինէրգիական։ Այժմ ապացուցված է, որ ներսրտային հանգույցների կազմում, իրոք, գոյություն ունեն ոչ միայն խոլինէրգիական, այլ նաև ադրէներգիական նեյրոններ։ Դրա շնորհիվ ներպատային ռեֆլեքսները, ինչպես նաև թափառող նյարդերի ազդեցությունը սրտի վրա, կարող են ունենալ ինչպես արգելակող, այնպես էլ խթանող բնույթ։ Ընդ որում, երբ այդ նեյրոննրից մեկն ընդգրկվում է գործունեության մեջ, ապա մյուսները, հավանաբար, անջատվում են։ Այստեղից միտք է ծագում, որ որակապես տարբեր ծագումով այդ նեյրոններն ունեն տարբեր դրդունակության աստիճան։

Ներպատային ադրէներգիական նեյրոններն օժտված են ավելի բարձր դրդունակությամբ, քան խոլինէրգիականները։ Այդ պատճառով էլ նրանց հասած թույլ գրգիռների դեպքում (ինչպես արտասրտային, այնպես և ներսրտային ծագման) դրդվում են ադրէներգիական նեյրոնները։ Դրանց կողմից արտազատվող) նորադրենալինը մեծացնում է սրտի կծկումների ուժն ու հաճախականությունը, բարձրացնում դրդունակությունն ու գրգռի հաղորդման արագությունը սրտամկանում։ Ավելի ուժեղ գրգիռները, որոնք հաղորդվում են ինչպես թափառող նյարդով, այնպես էլ սրտամկանի ձգման ընկալիչներից, խթանում են ցածր դրդունակ խոլինէրգիական նեյրոնները, և նրանց կողմից արտադրվող ացետիլխոլինը իջեցնում է սրտի կծկումների հաճախականությունն ու ուժը, դրդունակությունն ու գրգռի հաղորդման արագությունը սրտամկանում։ Միաժամանակ արգելակվում են նախապես գործող ադրէներգիական նեյրոնները։
Թափառող նյարդի նույն ուժի գրգռման դեպքում նրա ազդեցությունը սրտի վրա, կախված սրտի արյունալցման աստիճանից, կարող է լինել հակառակ բնույթի։ Սրտի նշանակալի արյունալցման ժամանակ, որն առաջացնում է մեխանաընկալիչների ինտենսիվ դրդում, թափառող նյարդի նախահանգուցային թելերը սրտի վրա թողնում են արգելակող ազդեցություն։ Սրտի փոքր արյունալցման դեպքում ներսրտային նյարդային համակարգի ձգման ընկալիչները թույլ են դրդվում, որը թողնում է խթանող ազդեցություն սրտի աշխատանքի վրա։  Դրա  հետևանքով զարկերակային հունի արյունալցման հաստատունությունը կարգավորվում է ոչ միայն ներսրտային նյարդային ՝ համակարգի ռեֆլեքսային ռեակցիաներով, այլ նաև թափառող նյարդերի միջոցով։ Այստեղ առկա է կարգավորման մեխանիզմների կրկօրինակումը, որը շատ կարևոր նշանակություն ունի զարկերակների արյունալցման կայուն մակարդակի պահպանման համար։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին