Ներքին սեռական օրգանների հենարանային համակարգԱրգանդի և դրա հավելումների նորմալ դրությունը և շարժունությունը կախված է որովայնային մամուլի, կոնքի հատակի, ստոծանու, արգանդի և դրա հավելումների կապանային համակարգի վիճակից։
Արգանդի շարժունությունը նպաստում է որոշ ախտաբանական վիճակների (արգանդի, հեշտոցի իջեցում և արտանկում ու դրանց հետ կապված միզապարկի և ուղիղ աղիքի պատերի իջեցում և արտանկում) առաջացմանը։
Արգանդի և դրա հավելումների ֆիզիոլոգիական վիճակն (ֆիքսացիան և շարժունությունդ) ապահովվում է երեք ապարատների առկայությամբ՝ կախակալ, ֆիքսող և հենարանային։
Արգանդի և դրա հավելումների կախակալ ապարատը զույգ կապաններ են, որոնք այդ օրգանները միացնում են մեկը մյուսին և կոնքի պատերին։


1.Արգանդի լայն կապանը (lig. latum uteri) որովայնամզի լայնական ծալք է, որը ծածկում է արգանդի մարմինը և փողերը, կազմելով դրանց շճային թաղանթը և փողերի միջընդերքը։ Լայն կապաններն ուղղվում են դեպի կոնքի պատերը, որտեղ կազմում են առպատային որովայնամիզը։ Սրանց հետին թերթիկների կողմնային հատվածներում ամրանում են ձվարանները։

2.Ձվարանի կախակալ կապանը (lig. suspensorum ovarii) լայն կապանի արտաքին


ամենաշարժուն մասն է, որը ձվարանից և փողի ամպուլյար մասից ձգվում է դեպի կոնքի կողմնային պատերը։ Այդ կապանի հարաբերական ամրությունը պայմանավորված է դրա միջով անցնող անոթներով (a. et. v. ovarica):
3.Ձվարանի սեփական կապանը (lig. ovarii proprium) անցնում է արգանդի լայն կապանի հետին թերթիկի հաստության մեջ ձվարանի արգանդային բևեռից դեպի արգանդ։ Հարթ մկանային տարրերը և դրանց միջով անցնող զարկերակներն ու երակները ապահովում են այդ կապանների ամրությունը։


4.Արգանդի կլոր կապանը (lig. teres uteri) 10-15 սմ երկարությամբ և 3-5 մմ տրա-մագծով լար է, որը կազմված է հարթ մկանային և շարակցական հյուսվածքից։ Կլոր կապանները սկսվում են արգանդի փողային անկյուններից առաջ և ցած ու ձգվում լայն կապանների առաջային թերթիկների տակով, անցնում աճուկային խողովակով և ճյուղավորվում մեծ սեռական շրթերի հաստության մեջ։


Արգանդի ֆիքսող ապարատը կազմված է հետևյալ կապաններից.
1.Արգանդի լայնական (գլխավոր) կապան (lig. transversum s cardinale uteri). Կազմված է հարթմկանային և շարակցահյուսվածքային տարրերի ցանցից, որոնք շրջապատում են արգանդի վզիկը ներքին օղի մակարդակով։
2.Ցայլքա-միզապարկային կապան (lig. pubovesicalis). Հարթ մկանային և շարակցահյուսվածքային թելեր են, որոնք ձգվում են արգանդի առաջային մակերեսի ստորին մասից դեպի միզապարկ և ցայլք։
3.Արբոսկր-արգանդային կապան (lig. sacro-uterina): Կազմված է հարթմկանային և ֆիբրոզ թելերից, որոնք ձգվում են արգանդի հետին մակերեսից, ներքին օղի մակարդակից քիչ ցած, կողմնայնորեն գրկում են ուղիղ աղին և ձուլվում կոնքային փակեղի հետ՝ սրբոսկրի ներքին մակերեսի վրա։Արգանդի կախակալ և ֆիքսող կապանները հղիության ժամանակ ձգվում են, ապահովելով արգանդի շարժունությունը դրա զարգացման համար անհրաժեշտ սահմանում։
Ներքին սեռական օրգանների հենարանային ապարատը շեքի մկաններն ու փա-կեղներն են, որոնք կազմում են կոնքի հատակը։Կոնքի հատակի մկանները բաժանվում են երեք շերտի՝ արտաքին, միջին և ներքին։


Արտաքին շերտի մկաններն են՝
1.Նստոսկրա-փապարային մկանը (m. ischio-cavernosus),
2.Կոճղեզ-սպունգանման մկանը (m. bulbo-spongiosus),
3.Հետանցքը սեղմող արտաքին մկանը (m. sphincter ani externus),
4.Շեքի մակերեսային միջաձիգ մկանը (m. transversus perinei superficalis):


Շեքի միջին շերտի մկանների ամբողջությունը կոչվում է միզասեռական ստոծանի (diaphragma urogenitale), որն իր մեջ ներառում է՝
1.Միզուկի արտաքին սեղմող մկանը (m. sphincter urethrae externum),
2.Շեքի խորանիստ լայնական մկանը (m. transversus perinei profundus),
3.Կոնքի հատակի ներքին շերտը կամ կոնքի ստոծանին (diaphragma pelvis)
կազմում է հետույքը (սրբանը) բարձրացնող մկանը (m. levator ani) և կազմված է երեք զույգ ոտիկներից՝
-ցայլքա-պոչուկային մկան (m. pubococcygeus).
-ենթազստոսկրա-պոչուկային մկան (m. iliococcygeus).
-նստոսկրա-պոչուկային մկան (m. ischiococcygeus).

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին