Նախասինապսային արգելակումԴրդող սինապսային ազդեցությունների արդյունավետության իջեցմանը նպաստող արգելակումը կարող է զարգանալ ոչ միայն հետսինապսային թաղանթի մակարդակում, այլ նաև նախասինապսային օղակում։ Այն տեղի է ունենում դրդող նյարդային վերջույթների կողմից միջնորդանյութի ազատման գործընթացի ճնշման, դրդող սինապսների արդյունավետության ազդեցության իջեցման ճանապարհով դեռևս նախասինապսային օղակում։ Ուստի այդ արգելակումը կոչվում է նախասինապսային: Հասկանալի է, որ այդ դեպքում հետսինապսային թաղանթի հատկությունները չեն փոփոխվում։ Նախասինապսային արգելակումը, ինչպես և հետսինապսայինը, պայմանավորված է հատուկ ներդիր նեյրոնների միջնորդությամբ։ Նախասինապսային արգելակման կառուցվածքային հիմք են հանդիսանում աքսոաքսոնային սինապսները, որոնք կազմավորվում են ներդիր և դրդող նեյրոնների աքսոնների վերջույթների միջև: Ազդակները նախասինապսային աքսոնում առաջացնում են միջնորդանյութի անջատում, որը դրդող վերջույթներում, ի հաշիվ թաղանթի թափանցելիության մեծացման К+ և Сl համար, առաջացնում է ապաբևեռացում։

Ենթադրվում է, որ նշված ապաբևեռացումն առաջացնում է վերջույթ մուտք գործած ԳՊ-ի տատանասահմանի փոքրացում փոքրացում, որն իր հերթին նվազեցնում է իր կողմից ազատվող միջնորդանյութի քանակությունը, որի հետևանքով փոքրանում է ԴՀՍՊ-ի տատանասահմանը: հնարավոր է` այստեղ նշանակություն ունի նաև մուտք գործող կալցիումի իոնների հոսքի փոքրացումը, որի հետևանքով պակասում է միջնորդանյութի քվանտների քանակը։ Վերջին մեխանիզմը պատկերացվում է այնպես, որ միջնորդանյութն առաջացնում է նախասինապսային կալցիումական անցուղիների ապաակտիվացում, որոնք ապաբևեռացման նկատմամբ դառնում են սակավ զգայուն։ Քանի որ միջնորդանյութի արտազատումը կապված է Са2+ -ի նյարդային վերջավորություններ մուտք գործելու հետ, ապա այդ իոնի քանակի փոքրացումը կուղեկցվի ազատվող միջնորդանյութի մակարդակի իջեցումով։

Կաթնասունների մոտ նախասինապսային արգելակման տևողությունն էապես գերազանցում է հետսինապսային արգելակման տևողությունը։ Նախասինապսային արգելակումը հատկապես արդյունավետ է տեղեկատվության մշակման ժամանակ, երբ այն նեյրոն է մուտք գործում տարբեր նախասինապսային ճանապարհներով։ Այդ դեպքում սինապսային մուտքերից որևէ մեկով մուտք գործող դրդումը կարող է լինել ընտրողաբար փոքրացված կամ ամբողջությամբ ճնշված, այլ մուտքերի վրա ազդեցության բացակայության դեպքում։ Նման արդյունքի չի կարելի հասնել հետսինապսային թաղանթի հաղորդականության վրա ազդելու ճանապարհով, ինչպես այդ տեղի է ունենում հետսինապսային արգելակման ժամանակ, որն ազդում է ամբողջ նյարդային բջջի վրա։ Կա արգելակման հետ կապված ևս երկու երևույթ։

Նրանցից մեկը դիսֆասիլիտացիան է։ Դիս` - վերացնել, հանել, ֆասիլիտացիա՝  հեշտացում, դրդում։ Պատկերացնենք որևէ դրդող նեյրոն , որն անընդհատ դրդող ազդակներ է ուղարկում մեկ այլ նեյրոնի ։ Դա կհանգեցնի նրան, որ այդ երկրորդ նեյրոնը կգտնվի անընդհատ դրդված վիճակում, որը մշտական ապաբևեռացումով։ Եթե այդ նեյրոնը որոշածի ժամանակով արգելակվի միջադիր նեյրոնի ակտիվացման օգնությամբ, ապա այդ ընթացքում  Գ նեյրոնում կվերանա մշտական ապաբևեռացումը։ Բջիջը կվերադառնա իր թաղանթային պոտենցիալին և դա կարտահայտվի գերբևեռացումով։ Այդ ընթացքում կիջնի նրա դրդունակությունն ու կարող է վրա հասնել արգելակումը։ Հենց դա էլ դիսֆասիլիտացիայի, այսինքն դրդման հանման երևույթն է։ Դիսինհիբիցիան հակառակ տեսակի երևույթ է։ Այստեղ տեղի է ունենում դրդվող նեյրոնի մշտական ռմբակոծում արգելակող նեյրոնի կողմից։ Ուստի դրդվող նեյրոնը կգտնվի մշտական գերբևեռացված վիջակում։ Եթե արգելակող միջադիր նեյրոնի օգնությամբ արգելակել արգելակվող բնույթի նեյրոնից եկող այդ մշտական ազդակներն , ապա այդ ընթացքում դրդող նեյրոնում կառաջանա ապաբևեռացում, որի ֆոնի վրա կարող են առաջանալ ԳՊ-ներ։ Այսպիսով, տեղի է ունենում արգելակման հանում, այսինքն դիսինհիբիցիա` ապաարգելակում։ Այդ երևույթները ստացվել են ԿՆՀ-ի նեյրոնների վրա կատարված փորձերում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին