Պատճառը բարդ շարժումների ծրագրի բացակայությունն է, որի հետևանքով խանգարվում է առանձին շարժումների հաջորդականությունը: Հիվանդը, սկսելով հանձնարարված գործողությունը, հաճախ շեղվում է բուն խնդրից` կատարելով անտեղի, ոչ լրիվ կամ ոչ ճիշտ շարժումներ: Օրինակ, հիվանդին տալիս են ծխախոտ, թուղթ և լուցկի, որից հետո առաջարկում են ցույց տալ, թե ինչպես են ծխում ծխախոտը: Նա սկսում է շարժողական խնդիրը, սակայն չի կարողանում ճիշտ օգտվել գործողության միջոցներից. լուցկին փաթաթում է թղթի մեջ, արդեն փաթաթած ծխախոտը քսում է լուցկուն կամ լուցկու հատիկն է դնում բերանը: Եթե այդ ընթացքում հետազոտողն ինքն է ցույց տալիս շարժումների ճիշտ հերթականությունը, հիվանդն ի վիճակի է կրկնօրինակել այդ շարժումները, շարունակել և ավարտին հասցնել գործողությունը:

Երբեմն հիվանդը ինքնաբերաբար կատարում է որոշակի գործողություններ (կոճակ է կոճկում, մատ է թափ տալիս), որոնք, սակայն, անկարող է իրականացնել նպատակային ձևով, երբ հանձնարարում է հետազոտողը: Մտահաղացման ապրաքսիան միշտ երկկողմանի է, այսինքն` վերաբերում է ինչպես աջ, այնպես էլ ձախ ձեռքին: Ախտահարման օջախը տեղակայվում է ձախ կիսագնդի (աջլիկների մոտ) կողմնային բլթի շրջանում, մասնավորապես վերեզրային գալարում: Քանի որ վերջինիս հարևանությամբ գտնվում են տեսողական և լսողական զուգորդական գոտիները, մտահաղացման ապրաքսիան կարող է զուգակցվել զգայական աֆազիայի և տեսադաշտի խանգարումների հետ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին