Ուժը զանգվածի և դրան հաղորդված արագացման արտադրյալն է։ Մկանի ուժը որոշվում է երկու չափանիշներով՝ բարձրացվող մարմնի զանգվածով և հեռավորությամբ՝ հենակետից հաշված։ Աշխատանքային և սպորտային որոշ շարժումներ կատարելիս մկանները զարգացնում են զգալի ուժ բարձրացվող ծանրության կշռի ավելացման կամ արագացման մեծացման հաշվին, այսինքն արագության փոփոխությունը հասցվում է առավելագույն մեծության։ Առաջին դեպքում մեծանում է մկանի լարումը, իսկ երկրորդ դեպքում կծկման արագությունը։ Մարդկանց շարժումները, սովորաբար, կատարվում են մկանների կծկման և դրանց լարվածության համակցումով։Ուստի կծկման արագության աճին համամասնորեն մեծանում է լարվածությունը։ Ինչքան մեծ է ծանրությունը, այնքան քիչ արագացում է դրան հաղորդում մարդը։
Մկանի ընդհանուր ուժը FՄ- ուղիղ համեմատական է մեկ կամրջակի տարրական ձգմանը Fs և գործող կամրջակների թվին (N), այսինքն FՄ = Fs N : Եթե մկանը խիստ ձգված է այնպես, որ հաստ և բարակ նախաթելիկները սարկոմերներում միմյանց չեն ծածկում, ապա FՄ = 0: Երբ մկանն աստիճանաբար վերականգնում է իր նախնական երկարությունը (10), որի դեպքում միոզինային թելիկների բոլոր գլխիկները հպվում են ակտինային թելիկներին, ապա FՄ մեծանում է առավելագույն չափով։
Մկանի արտաքին մեխանիկական աշխատանքը (A) հնարավոր է միայն իզոտոնիկ ռեժիմում այնպիսի ծանրությամբ, որի կշիռը P < FՄ: Այս դեպքում կծկողական ապարատը սկզբում ձգում, ապա լարում է առաձգական տարրը` ջիլը և հետո բարձրացնում իրենից կախված ծանրությունը (P):
Արտաքին մեխանիկական աշխատանքը՝ P ծանրությունը հ բարձրությամբ բարձրացնելիս, չափվում է հետևյալ բանաձևով՝ A = Ph = PI որտեղ I - մկանի կարճացումն է։ Նշենք, որ եթե P = О, A = О և P≥Po-ի դեպքում (այսինքն ծանրության անշարժության դեպքում) A-նույնպես հավասար է զրոյի։ Արտաքին մեխանիկական աշխատանքն առավելագույն է միջին ծանրաբեռնվածության դեպքում, որն էլ կոչվում է միջին ծանրաբեռնվածության օրենք։
Տարբերում են մկանի առավելագույն և բացարձակ ուժ: Մկանի ուժը չափելիս որոշում են այն առավելագույն ծանրությունը, որ նա կարող է դեռևս բարձրացնել կամ այն առավելագույն լարումը, որը կարող է զարգացնել իզոմետրիկ կծկման ժամանակ։ Եզակի մկանաթելը կարող է զարգացնել լարում 100-200 մգ չափով։ Հաշվի առնելով, որ մարդու մարմնում մկանաթելերի ընդհանուր քանակը 15-30 մլն է, դրանք կարող են զարգացնել 20-30 տոննա լարում, եթե բոլորը միաժամանակ ձգվեն մի ուղղությամբ։ Հավասար պայմաններում մկանի ուժը կախված է նրա բոլոր մկանաթելերի լայնակի հատվածքի մակերեսից։ Որքան այն մեծ է, նույնքան մեծ կլինի նաև բարձրացվող ծանրության կշիռը։ Միայն մկանաթելերի զուգահեռ դասավորություն ունեցող մկաններում ֆիզիոլոգիփկան լայնակի հատվածքը համընկնում է նրա երկրաչափական հատույթին։ Մկանաթելերի թեք դասավորություն ունեցող մկանների լայնակի հատույթների գումարը զգալիորեն գերազանցում է մկանի երկրաչափական տրամագծին։ Ընդհանրապես կաթնասունների և մարդու մկանների մեծ մասի մկանաթելերի ուղղությունը բարդ բնույթ ունի (փետրաձև, հովհարաձև, թեք մկաններ) ուստի ֆիզիոլոգիական հատվածքի տրամագիծը մի քանի անգամ գերազանցում է անատոմիականին, որի հետևանքով մկանի ուժը մեծանում է։ Տարբեր մկանների ուժը համեմատելու համար այն առավելագույն ծանրությունը, որ կարող է բարձրացնել տվյալ մկանը, բաժանում են նրա ֆիզիոլոգիական հատույթի մակերեսին։ Ստացված մեծությունը կոչվում է մկանի բացարձակ ուժ և արտահայտվում է կգ/սմ2 մեծությամբ։ Մարդու ձկնանման մկանի բացարձակ ուժը 5,9 կգ/սմ2 է, ծամիչ մկաններիեը 10 կգ/սմ2, բազկի երկգլխանի մկանինը 11,4 կգ/սմ2, բազկի եռագլուխ մկանինը 16,8 կգ/սմ2, հարթ մկանինը 1 կգ/սմ2։
Օպտիմումային բեռնվածության և ռիթմի օրենք։ Մկանի աշխատանքը կախված է ծանրության կշռից և բարձրացվող բարձրությունից։ Մկանի աշխատանքն առավելագույն կլինի միջին բեռնվածությունների դեպքում, որոնք կոչվում են օպտիմումային։ Օպտիմումային բեռնվածության դեպքում մկանի աշխատունակությունը կախված է նրա կծկման ռիթմի հաճախությունից։ Մկանի կծկման ռիթմը միջին բեռնվածության դեպքում, որի ժամանակ պահպանվում է մկանի առավել երկարատև աշխատունակությունը, կոչվում է օպտիմումային։ Մարդու օպտիմումային բեռնվածությունը և օպտիմումային ռիթմը զգալի փոխվում է կախված կենսական փորձից, տարիքից, սնման ռեժիմից, մարզվածությունից և այլն։
Շարժուն և ստատիկական աշխատանք: Կմախքային մկանների այն աշխատանքը, որն ապահովում է օրգանիզմի շարժումը և նրա առանձին մասերի տեղաշարժը, կոչվում է շարժուն (դինամիկական)։ Տարածության մեջ մարմնի կեցվածքի ապահովումը և երկրի ձգողականության հաղթահարման վրա ծախսվող աշխատանքը կոչվում է ստատիկական։ Շարժուն` դինամիկական աշխատանքը բնորոշվում է հզորությամբ։ Հզորության կամ ուժգնության չափանիշ է միավոր ժամանակամիջոցում կատարվող աշխատանքը։ Հզորության միավորը վատտն է (վտ = 1ջ/վրկ)։ Տարբերում են փոքր միջին, մեծ, ենթաառավելագույն և առավելագույն հզորության աշխատանք։ Շարժուն աշխատանքի ժամանակ հաշվի են առնում շարժումների արագությունը և ճարպկությունը։
Ստատիկական աշխատանք է համարվում որոշակի ժամանակամիջոցում մկանների լարվածության պահպանումը, մարմնի վերջույթների կամ բեռն անշարժ վիճակում պահելր (ստատիկական լարում)։ Ստատիկական լարումների, համար ավելի քիչ էներգիա է ծախսվում, քան շարժուն աշխատանքի ժամանակ ճիգ գործադրելիս։ Մարզումը զգալիորեն մեծացնում է ստատիկական լարման տևողությունը։ Մկանների, պարբերական հզորությամբ աշխատանքը նպաստում է մկանային հյուսվածքի զանգվածի մեծացմանը (մկանի գերաճ)։ Մկանի գերաճի հիմքում ընկած է մկանաթելերի ցիտոպլազմայի զանգվածի ավելացումը, մկանաթելիկների քանակի ավելացումը, որը նպաստում է յուրաքանչյուր թելիկի տրամագծի ավելացմանը։ Ուժեղանում, է սպիտակուցների և նուկլեինաթթուների սինթեզը։ Մարզված մարդկանց գերաճ ունեցող մկաններով մկանունքը կարող է կազմել մարմնի կշռի մոտավորապես 50% (բնականոն պայմաններում 35-40 % է)։ Անգործությունից մկաններն Ապաճում են։ Այս դեպքում մկանաթելերի տրամագիծը նվազում է, քչանում է նաև գրանցում կծկողական սպիտակուցների, գլիկոգենի, ԱԵՖ-ի և այլ կարևոր օրգանական միացությունների քանակը։ Մկանների ապաճը կարող է զարգանալ նյարդազերծման, ջլերի հատման և այլ դեպքերում։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին