Մկանների հոգնածությունՀոգնածությունը մկանի աշխատունակությա ժամասնակավոր նվազումը կամ կորուստն է, որն առաջանում է նրա գործունեության հետևանքով և վերականգնվում է հանգստանալիս։ Հոգնածության դեպքում նվազում է մկանի կծկման ուժը և փոքրանում կծկման տատանասահմանը։ Օրգանիզմում բնականոն արյան շրջանառության պայմաններում մկանի հոգնածությունը կախված է ոչ թե կատարված աշխատանքի տևողությունից, այլ մկանին հաղորդված նյարդային ազդակների հաճախությունից և մեծ բեռնվածությունից։ Մկանի հոգնածության հիմքում ընկած է մկանում ընթացող նյութափոխանակության պրոցեսների հետևանքով միջանկյալ արգասիքների կուտակումը և էներգետիկական պաշարների անբավարարությունը։ Օրինակ, մոնոյոդքացախաթթվով մկանը թունավորելիս հոգնածությունն ավելի շուտ է վրա հասնում, քանի որ չի գործում քիմիական պրոցեսների ածխաջրային օղակը։

Փորձառական պայմաններում օրգանիզմից մեկուսացված մկանը, որից կախված է ոչ մեծ ծանրություն, երկարատև էլեկտրական ռիթմիկ ազդակներով գրգռելիս, նրա կծկման ամպլիտուդն աստիճանաբար նվազում է մինչև զերո։ Կծկումների գրանցման այդպիսի կորը կոչվում է հոգնածության կոր։ Լաբորատորիայում, մարդու մկանային.հոգնածությունը կարելի է ուսումնասիրել աշխատագրիչով (էրգոգրաֆ) և գրանցել աշխատանքի ու հոգնածության գիրը (էրգոգրասա): Այս դեպքում գրանցվում են ռիթմիկորեն աշխատանք կատարող մկանախմբի կծկումները և որոշվում կատարված աշխատանքի չափը։ Երկարատև գրգռման ընթացքում մեկուսացած մկանի հոգնածությունը վրա է հասնում երկու պատճառով։ Մկանաթելում և միջբջջային ճեղքերում կուտակվում են նյութափոխանակության զանազան արգասիքներ կաթնաթթու, Н3Р04: Այս նյութերի մի մասը և կալիումի իոնները մկանաթելերից ներթափանցում են միջբջջային տարածություն և ճնշում դրդվող հյուսվածքի գործողության պոտենցիալ առաջացնելու պրոցեսը։ Այդ նյութերը հիմնականում ազդում են նյարդամկանային սինապսում ազդակի հաղորդման վրա։ Մեկուսացած մկանի հոգնածության երկրորդ պատճառը նրանում եղած էներգետիկական պաշարների, մասնավորապես գլիկոգենի քանակի նվազումն է, որի հետևանքով խախտվում են ԱԵՖ-ի և կրեատինֆոսֆատի ռեսինթեզի պրոցեսները։

Մկանային արագ աշխատանքի ընթացքում մարդու օրգանիզմում եղած թթվածնի պաշարները չեն բավարարում ԱԵՖ ռեսինթեզի համար։ Այսպիսի աշխատանքն իրականանում է գլիկոգենի և կրեատինֆոսֆատի անթթվածնային ճեղքման հետևանքով առաջացած էներգիայի հաշվին։ Արդյունքում օրգանիզմում կուտակվում են չօքսիդացած շատ արգասիքներ և ստեղծվում է թթվածնի պակաս, որը փոխհատուցվում է շնչառության և արյան շրջանառության ուժեղացումով։Եթե թթվածնի պակասի դեպքում աշխատանքը դեռևս շարունակվում է, ապա վրա է հասնում հոգնածություն։ Օրգանիզմում հոգնածությունը կախված է ոչ միայն մկաններում ընթացող պրոցեսներից, այլն նյարդային համակարգից, որը մասնակցում է շարժողական գործունեության կարգավորմանը։ Հոգնածության պատճառներից է նյարդային կենտրոններում զարգացող արգելակումը, նյարդամկանային սինապսում գրգիռի հաղորդման ուշացումը։ Կարևոր նշանակություն ունի նաև մարդու տրամադրությունն աշխատանքի հանդեպ։ Հաճույքով կատարվող մկանային աշխատանքի դեպքում մարդն ուշ է հոգնում։

Ի.Մ.Աեչենովը ցույց տվեց, որ մարդու մի ձեռքը ծանրություն տեղափոխելիս և երկարատև աշխատանք կատարելիս հոգնում է։ Հանգստի շրջանում մյուս ձեռքով աշխատելիս կամ շարժողական ակտիվության այլ ձևերով զբաղվելիս, աշխատունակությունն ավելի շուտ է վերականգնվում։ Այսպիսի հանգիստը Սեչենովն անվանել է ակտիվ: Սա նույնպես ապացուցում է, որ հոգնածությունն առաջին հերթին զարգանում է նյարդային կենտրոններում։ Այս դեպքում աշխատունակության արագ վերականգնման պատճառը ներկենտրոնական պրոցեսների փոխհարաբերությունն է, որի հետևանքով մկանային մեկ խմբի հոգնածությունն ավելի արագ հանվում է մկանների մեկ այլ խմբի աշխատանքով։ Մկանի աշխատունակության վերականգնման նյարդային մյուս մեխանիզմը մկանների հարմարողական-սնուցողական նյարդավորումն է (Լ.Ա. Օրբելի, 1938), որն իրականանում է սիմպաթիկ նյարդային համակարգով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին