Մկանների արյունամատակարարման, նյութափոխանակության և գործառության միջև գոյություն ունի սերտ կապ։ Հանգիստ պայմաններում կմախքային մկաններում արյան հոսքը կազմում է 2-5 մլ 100գ -1/րոպե-1։ Քանի որ մարդու կմախքային մկանների ընդանուր զանգվածը մոտավորապես 30 կգ է, ուստի ամբողջ մկանային հյուսվածքով գումարային արյան հոսքը կկազմի 900-1200մլ/րոպե, այսինքն արյան րոպեական ծավալի 15-20%: Առավելագույն ֆիզիկական աշխատանքի ժամանակ 30լ րոպեական ծավալի դեպքում մկանների արյան հոսքը կարող է հասնել 24-27 լ/րոպե, այսինքն արյան ընդհանուր հոսքի 80-90%: Արյունամատակարարման մեծությունը կախված է մկանային անոթների լուսանցքի մեծացման աստիճանից, արյան հոսքի մեխանիկական դիմադրության մեծությունից, գործող մկանային խմբերի չափերից և տեղային արյան ճնշման միջին մեծությունից։ Մկանների պարբերական կծկումների ժամանակ արյան հոսքը նվազում է կծկման և լարման, իսկ մեծանում` թուլացման փուլում։ Դինամիկ աշխատանքի ժամանակ արյան միջին հոսքը միշտ ավելի մեծ է, քան հանգստի և ստատիկական աշխատանքի ժամանակ։
Մկանների կծկման հիմքում ընկած են կենսաքիմիական պրոցեսներ, որոնք կատարվում են 2 փուլով՝ անթթվածնային և թթվածնային։ ԱԵՖ առաջացման համար գործում են երեք էներգետիկական համակարգեր ֆոսֆածին (կրեատինֆոսֆատային-ԱԵՖ), գլիկոլիզային և օքսիդացման, որոնք միմյանցից տարբերվում են էներգիայի առաջացումով։ Մկանի կծկման սկզբում գործում է մեծ հզորությամբ օժտված ֆոսֆածին համակարգը, որի դեպքում կրեատինֆոսֆատի ճեղքումից սինթեզվում է ԱԵՖ։ Քիմիական պրոցեսների անթթվածնային փուլում առաջին տեղը զբաղեցնում է ածխաջրերի ճեղքումը, որի ընթացքում դրանք ճեղքվում են մինչև կաթնաթթվի կամ պիրոխաղողաթթվի, իսկ գլյուկոզի յուրաքանչյուր մոլեկուլ էներգիա է տալիս 2 մոլեկուլ ԱԵՖ սինթեզի համար։ Անթթվածնային փուլում ԱԵՖ-ի առաջացման արագությունը 2-3 անգամ մեծ է, իսկ մեխանիկական աշխատանքը 2-3 անգամ ավելի, քան երկարատև թթվածնային փուլի ընթացքում։ Մակայն գլիկոլիզային համակարգի տարողությունը 2,5 անգամ քիչ է, քան օքսիդացման համակարգինը, չնայած 2,5 անգամ գերազանցում է ֆոսֆածին համակարգին։ Թթվածնային փուլի կենսաքիմիական պրոցեսների ընթացքում արտազատվում է ամենաշատ քանակությամբ էներգիա, որն օգտագործվում է առաջին և երկրորդ փուլում ճեղքված միացությունների ռեսինթեզի և մկանային գործունեության համար։ Մկանային աշխատանքի ժամանակ ամենաշատ էներգիան անջատվում է ածխաջրերի օքսիդացումից։ Մկաններում հանգստի, ինչպես նաև կծկումից հետո վերականգնողական պրոցեսներում մասնակիորեն ճեղքվում են նաև սպիտակուցներ և ճարպեր։ Բնականոն արյունամատակարարման և արյան մեջ գլյուկոզի ու թթվածնի բավարար քանակի դեպքում մկանն աշխատում է օքսիդացման պրոցեսների հաշվին երկարատև, շատ ժամերի ընթացքում։ Օքսիդացման էներգետիկական համակարգի տարողությունը հազար անգամ գերազանցում է ֆոսֆածին և գլիկոլիզային համակարգերին։    •
Աշխատանքի ընթացքում մկանում անջատվում է ջերմություն, որի քանակը կախված է նյութափոխանակության ուժգնությունից։ Քիմիական ռեակցիաների ժամանակ անջատված էներգիայի մի մասը փոխարկվում է մկանի կծկման շարժումային էներգիայի, իսկ մնացած մասը ջերմության։ Ահա թե ինչու մկանները կծկվելիս անջատում են ջերմություն, որն առաջին անգամ բացահայտել են անցյալ դարի երկրորդ կեսին՝ Հ. Հելմհոլցը և Վ.Յ. Դանիլևսկին։ Հիլլը ստեղծել է գերզգայուն սարք մկանների և նյարդերի ջերմարձակումը գրանցելու և չափելու համար։ Նա ջերմագոյացումը ծագման և ժամանակի առումով բաժանել է երկու փուլի՝ սկզբնական և վեականգնողական։ Սկզբնական փուլը պայմանավորված է անթթվածնային կենսաքիմիական պրոցեսներով, որոնք նպաստում են մկանի կծկմանը։ Մկանի մեկական կծկման ժամանակ ջերմության 65-70% անջատվում է կծկման ե 30-35%՝ թուլացման փուլում։ Աննշան քանակով ջերմություն անջատվում է կծկմանը նախորդող դրդման ժամանակ։ Ուստի սկզբնական ջերմագոյացումը բաժանվում է մի քանի ենթափուլերի՝ ա) դրդման ակտիվացման ջերմություն, բ) կծկման ջերմություն, գ) թուլացման ջերմություն։ Ջեիմագոյaցման վերականգնողական տողը գլխավորապես իրականանում է օքսիդացման պրոցեսներով (90% ջերմություն)։ Այս փուլը տևում է վայրկյաններ և նույնիսկ րոպեներ։ Ջերմության միայն 10% բաժին է ընկնում անթթվածնային ուշացած ջերմագոյացման։ Վերականգնողական փուլի ջերմությունն իր մեծությամբ հավասար է մկանի կծկման ժամանակ անջատված ջերմությանը։ Այս փուլում ԱԵՖ ռեսինթեզի և ջերմագոյացման պրոցեսում գլխավոր դեր ունեն գլիկոլիզի և օքսիդաֆոսֆորիլացման պրոցեսները։ Մկանի թունավորումը մոնոյոդքացախաթթվով դադարեցնում է կաթնաթթվի և պիրոխաղողաթթվի գփկոլիզային առաջացումը, համարյա դադարեցնում է ուշացող ջերմագոյացումը և ԱԵՖ ռեսինթեզը։
Օգտակար գործողության գործակից (ՕԳԳ) է կոչվում մկանի աշխատանքի համար ծախսված էներգիայի հարաբերությունն էներգիայի ամբողջ քանակին,որը գոյանում է մկաններում աշխատանքի ժամանակ։ Ծանրությունն ազատ բարձրացնելիս դրդման և կծկման ջերմությունները միաձուլվելով առաջացնում են սկզբնական ջերմագոյացում։ Եթե ՕԳԳ հաշվենք ըստ սկզբնական ջերմագոյացման, ապա այն կկազմի 50-60%, իսկ եթե որոշվի ըստ բոլոր տեսակի ջերմարտադրանքի, ապա այն կկազմի 20-30%: Մարդու մկանների ՕԳԳ տատանվում է 15-25%, մարզման ընթացքում այն կարող է կազմել 25-35%, իսկ կենդանիներինը՝ մոտավորապես 50%: Կաթնասունների մկանների ՕԳԳ նվազում է ցրտին հարմարվելիս, որը նպաստում է օրգանիզմում ջերմարտադրանքի ուժեղացմանը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին