Մկանային կծկման կարգավորումՈղնաշարավոր կենդանիների միջաձիգ զոլավոր մկանները նյարդավորվում են ողնուղեղում և ուղեղաբեում գտնվող շարժանեյրոններով։ Ի տարբերություն հարթ մկանների, որոնց մկանաթելերը դրդումը հաղորդում են միմյանց, միջաձիգ զոլավոր բջիջները նյարդավորվում են մեկուսի։ Մեկ շարժանեյրոնի աքսոնի վերջույթները նյարդավորում են մի քանի մկանային բջիջներ և այդպիսի նյարդաշարժողական միավորը գործում է որպես մեկ միասնական ամբողջություն։ Ողնաշարավորների կմախքային մկաններում նյարդային վերջույթներն առաջացնում են շարժողական թիթեղներ, որոնք սպիտակ արագ մկաններում տափակ են, իսկ կարմիր մկաններում՝ ողկուզաձև։ Բարձրակարգ կենդանիների կմախքային մկաններում բացի արագ վալլային արտաիլիկային թելերից կան նան դանդաղ լարումային ներիլիկային թելեր, որոնք տեղակայված են արտաիլիկային մկանաթելերի միջև գանվող մկանաիլիկներում։ Ալֆա շարժանեյրոնները նյարդավորում են արտաիլիկային, իսկ գամմա շարժանեյրոնները ներիլիկային մկանաթելերը։

Օրգանիզմում մկանների գործառական վիճակը և դրանց աշխատունակությունը կարգավորվում է նյարդային համակարգով և մասնավորապես մեծ կիսագնդերի կեղևով։ Ուստի նյարդային համակարգի վարընթաց ազդեցությունից կախված նույն աշխատանքի դեպքում կարող է հոգնածությունը մերթ արագ զարգանալ, մերթ դանդաղ։ Սրանով է բացատրվում աշխատունակության բարձրացումը բարձր տրամադրության դեպքում, երաժշտություն լսելիս, երգելիս և այլն։ Նյարդային համակարգը մկանների վրա ազդում է նաև անուղղակի՝ փոխելով արյունատար անոթների լուսանցքը և արյունամատակարարումը։ Նյարդային համակարգի և մասնավորապես կեղևի ազդեցությունը հաղորդվում է սիմպաթիկ նյարդային համակարգով, որի նյարդաթելերը նյարդավորում են ոչ միայն արյունատար անոթները, այլև մկանաթելերը։ Միմպաթիկ նյարդային համակարգը մկաններում   ընթացող   նյութափոխանակությունը հարմարեցնում է ընթացիկ պահանջներին։ Ծանր ֆիզիկական աշխատանքի ընթացքում արյան րոպեական ծավալը մեծանում է 5-8 անգամ, իսկ արյան գումարային հոսքը կծկվող մկանում՝ 15-35 անգամ։ Այս պայմաններում օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը մեծանում է 15-25, իսկ կմախքային մկաններում՝ 50-100 անգամ։ Թթվածնի մատակարարման և յուրացման մեծացման գործում կարևոր դերը պատկանում է նաև սիմպաթաադրենալային համակարգին։

Մկանային աշխատանքի ժամանակ արյան մեջ ադրենալինի և նորադրենալինի քանակներն ավելանում են 50-400%-ով։ Մկանային աշխատանքն ակտիվացնում է սիմպաթաադրենալային համակարգին, իսկ վերջինիս ակտիվության բարձրացումը իր հերթին նպաստում է մկանային աշխատանքի արդյունավետության բարձրացմանը` մեծանում է կմախքային մկանների ոչ թթվածնային աշխատունակությունը, ուժեղանում են օքսիդացման ռեակցիաները, ջերմագոյացումը։ Մարդու մկանային աշխատանքն ապահովող, ամբողջականացնող (ինտեգրատիվ) պրոցեսներն ընթանում են մի շարք փուլերով։Կատարվելիք ֆիզիկական աշխատանքի ծրագրին համապատասխան առանձին մկաններ և դրանց խմբերը կեղևային բարձրագույն շարժողական կենտրոններից ստանում են շարժման հրահանգ, որն էլ որոշում է ակտիվացած շարժամիավորների թիվը, դրանց դրդման ընդհանուր տևողությունը և հաճախությունը։ Համապատասխան հրահանգից ակտիվանում են մկանների էներգետիկական պրոցեսները, տեղային նյութափոխանակությունը, կենսաֆիզիկական մեխանիզմները, որոնք էլ լայնացնում են ներմկանային անոթները և արագացնում արյան հոսքը։ Բարձրանում է ինքնավար նյարդային համակարգի սիմպաթիկ բաժնի ակտիվությունը և կատեխոլամինների մուտքն արյան մեջ։ Այս մեխանիզմներն իրենց հերթին ակտիվացնում են սրտի աշխատանքը, թոքերի գազափոխանակությունը, բարձրացնում արյան ճնշումը, տեղի է ունենում արյան նպատակային տեղաբաշխում և շարժումները կարգավորող նյարդային պրոցեսների լավացում, որոնք էլ դանդաղեցնում են հոգնածության զարգացման արագությունը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին