Միոկլոնուս: Առանձին մկանի կամ մկանախմբերի արագ, ոչ ռիթմիկ, ակամա կծկումներ են: Կարող են ծագել ինքնաբերաբար, գրգռիչների ազդեցության հետևանքով և կամային շարժումների ժամանակ: Տարբերում են միոկլոնուսի տարածուն և տեղային ձևերը: Տարածուն միոկլոնուսի ժամանակ տարբեր մկանախմբերում տեղի են ունենում հաճախակի ակնթարթային կծկումներ, որոնք պահպանվում են հանգստի և ակտիվ շարժումների ընթացքում: Տարածուն միոկլոնուսն ուժեղանում է հուզումների և դադարում` քնած ժամանակ: Տեղային միոկլոնուսներն արտահայտվում են դեմքի, ծամիչ, ակնագնդերի կողմնային ուղիղ, փափուկ քիմքի, կոկորդի և ստոծանու մկանների արագ կծկումներով: Միոկլոնիկ հիպերկինեզների հիմքում ընկած են ատամնավոր և կարմիր կորիզների, դրանց միջև եղած կապի, ստորին օլիվայի, զոլավոր մարմնի, կապույտ տեղի և կարանի կորիզի բորբոքային, տոքսիկ կամ ժառանգական-դեգեներատիվ ախտահարումները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին