Միջնորդանյութերի հնարավոր թեկնածուներՄիջնորդանյութերի հավանական թեկնածուներ կարող են համարվել մեծ թվով կենսաբանորեն ակտիվ նյութեր, այդ թվում գլիցինը, գամմա-ամինակարագաթթուն (ԴԱԿԹ՝), P-նյութը, հիստամինը։ Գլիցինի բաշխումը ողնուղեղում համընկնում է արգելակող ներդիր նեյրոնների դասավորվածությանը։ Իոնոֆորեզի միջոցով գլիցինի առդրումը սրբանային պարասիմպաթիկական նեյրոնների վրա ցուցաբերում է հզոր ճնշող ազդեցություն։ Գլիցինային ընկճվածությունը դարձելիորեն շրջափակվում է ստրիխնինով։ Ինքնավար նյարդային համակարգի սինապսներում գրգիռի հաղորդման վրա արգելակող ազդեցություններ է ունենում ԳԱԿԹ-ն։ P-նյութով առավել հարուստ են աղիքի պատերը, ենթատեսաթմբային շրջանը, հատկապես ողնուղեղի մեջքային արմատիկները։ Կապված դրա հետ, ենթադրվում է, որ ներդիր, նեյրոնների փոխարկման շրջանում այն կարող է հանդիսանալ զգացող նյարդային բջիջների միջնորդանյութ։ Հիստամինը նույնպես համարվում է վեգետատիվ նյարդային համակարգի հնարավոր միջնորդանյութերից մեկը։ Նրա ամենամեծ խտությունները հայտնաբերվել են ստամոքսաղիքային ուղում, թոքերում, մաշկային ծածկույթներում։ Նյարդային համակարգում հիստամինով հարուստ շրջաններ են հետհանգուցային սիմպաթիկ նյարդաթելերը։

Ազատ վիճակում հիստամիեն արտակարգ ակտիվ է և կարող է առաջացնել զանազան ազդեցություններ, այդ թվում, արյան ճնշման անկում, սրտի կծկումների դանդաղում, սիմպաթիկ կենտրոնների խթանում։ Հիստամինի նկատմամբ տարբեր օրգանների և հյուսվածքների կողմից ցուցաբերվող պատասխան ռեակցիաների հիման վրա հաստատվել է հիստամինաընկալիչների դասակարգու Н1 և H2-ի: Կենսաբանորեն ակտիվ որոշ նյութեր նույնպես էական ազդեցություն են թողնում ինքնավար նյարդային համակարգի լարվածության վրա։ Չնայած դրանք օժտված չեն միջնորդանյութային ֆունկցիաներով, բայց հստակ ազդում են ընդերային օրգանների ակտիվության վրա։ Դրանցից են պրոստոգլանդինները, պլազմոկինինները, ռենինանգիոտենզինային համակարգը և այլն։ Պրոստոգլանդիններով առավել հարուստ է կաթնասունների սերմնահեղուկը։ Տարբերում են պրոստոգլանդինների բազմաթիվ տարատեսակներ, որոնք բաժանվում են Е-, Y-, А- և B-խմբերի: Ինքնավար նյարդային համակարգի կառուցվածքներում, հատկապես թափառող նյարդում, պարունակվում է պրոստոգլանդինների նշանակալի քանակ։ Պարզված է, որ պրոստոգլանդինները դրդող ազդեցություն են ունենում հարթ մկանների վրա (Е-խումբ), ճնշում են ստամոքսային հյութարտադրությունը (Е- և А- խմբեր), թուլացնում բրոնխների մկանունքը (E-խումբ), առաջացնում նշանակալի անոթալայնացում և թերճնշում (Е- և А- խմբեր)։ Այժմ արդեն պատկերացում է ձևավորվել պրոստոգլանդինային ընկալիչների գոյության մասին։

Պլազմոկինինները պոլիպեպտիդներ են, որոնք գոյանում են պլազմատիկական գլոբուլիններից։ Կենսաբանորեն ակտիվ այդ նյութերը գոյություն ունեն տարբեր հյուսվածքներում։ Դրանք ցուցաբերում են արտահայտված անոթալայնիչ ազդեցություն, առաջացնում զստաղու, արգանդի կծկում, բարձրացնում բրոնխային մկանների լարվածությունը, ավելացնում մարսողական գեղձերի հյութարտադրությունը։ Ակտիվ գործոնների թվին է պատկանում նաև ռենին-անգիոտենզինային համակարգը։ Ռենինը պատկանում է սեղմող հատկությամբ օժտված նյութերի շարքին։ Դրա արտազատման հիմնական տեղը երիկամային կծիկների կծիկամերձ ապարատն է։ Ռենին-անգիոտենզին համալիրում ռենինը հանդես է գալիս որպես ֆերմենտ, իսկ անգիոտենզինն օժտված է ֆիզիոլոգիական հատկություններով։ Դրանց մեջ առավել ուժեղ են դրսևորվում սրտխթանիչ և անոթասեղմիչ ազդեցությունները, որոնք 50 անգամ ավելի ուժեղ են դրսևորվում, քան նորադրենալինի դեպքում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին