Միջնեյրոնային կապԲազմաբջիջ օրգանիզմը, որը կազմված է մեծ թվով առանձին բջիջներից, ի վիճակի չէ գոյատևել առանց միջբջջային փոխազդեցությունները ապահովող մեխանիզմների։ Որոշիչ նշանակություն ունեն ԿՆՀ-ի բջիջների հաղորդակցական գործընթացները։ Դրանց հիմնական խնդիրը էլեկտրական ազդանշանների ձևով տեղեկատվության մշակումը և հաղորդումն է։ Նշված ազդանշանները մտնելով գործող համակարգ, իրենց մեջ կրում են ծածկագրված տեղեկատվություն։ Դա իրականացվում է առանձին նեյրոնի մակարդակով, որի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գործում է որպես ծածկագրող և ապածածկագրող համակարգ։ Եթե ընդունենք, որ ծածկագրումն օգտագործելով այս կամ այն այբուբենը, ներկայացնում է իրադարձության նկարագրումը, որը հասկանալի է ազդանշանն ընկալող համակարգի համար, ապա ապածածկագրումը հաղորդման վերծանումն է, իսկ վերածածկագրումն իրադարձության նկարագրության փոխադրումն է այլ այբուբենի։

Նյարդային համակարգի ցանկացած մակարդակում տեղեկատվության ծածկագրման ձևերը կարող են բաժանվել երկու խմբի` ոչ ազդակայինի (ոչ իմպուլսային) և ազդակայինի (իմպուլսային)։ Ոչ ազդակային ծածկագրումը կարող է արտահայտվել ընկալչական սինապսային թաղանթային պոտենցիալի մակարդակի փոփոխություններում։ Ծածկագրման ազդակային ձևը հանդիսանում է գերակշռող և իրականացվում է հաճախության ընդմիջումային ծածկագրումով, գաղտնի շրջանով, ռեակցիայի տևողությամբ, ազդակայնության հաճախության տատանումներով, տարածաժամանակային ծածկագրումով և այլն։ Որպես օրենք, ազդանշանների որակի և նրանց քանակական բնութագրերի ծածկագրումը համակարգի հաջորդ մակարդակներում ենթարկվում է հետագա վերափոխումների, որոնք հանգեցնում են ծածկագրի փոփոխման։ Սակայն համակարգի ոչ մի մակարդակում տեղի չի ունենում ազդակի վերականգնում իր նախնական ձևով։ Դրանով ֆիզիոլոգիական ծածկագրումը տարբերվում է մեծ թվով տեխնիկական համակարգերից, որտեղ հաղորդումն, ինչպես օրենք, վերականգնվում է իր սկզբնական ապածածկագրված ձևով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին