Միջին ուղեղը, ինչպես և հետինը, իրենից ներկայացնում է ուղեղաբնային (ցողունային) գոյացություն։ Նրա միջով անցնում է կենտրոնական խողովակը (Սիլվիյան ջրանցք), որը չորրորդ փորոքի խոռոչը (երկարավուն ուղեղում) կապում է միջանկյալ ուղեղում առավել բերանայնորեն տեղակայված երրորդ փորոքի հետ ։ Սաղմնային զարգացման ընթացքում միջին ուղեղային բուշտը, որը սկիզբ է տալիս ուղեղի այդ բաժնին, ձևավորում է երկու կողմնային արտափքումներ, որոնք տեղափոխվելով դեպի գլխի կողմնային մակերեսները ձևավորում են աչքի ցանցենին, որը կառուցվածքով և ֆունկցիայով իրենից ներկայացնում է միջին ուղեղի ծայրամաս դուրս բերված նյարդային կենտրոն։ Միջին ուղեղի, ցողունի ծավալով այդ ոչ մեծ մասի, ֆունկցիաներն էվոլյուցիոն զարգացման ընթացքում ենթարկվել են մեծ փոփոխությունների։ Դա նրան տարբերում է երկարավուն ուղեղից, որի ֆունկցիաները կաթնասունների մոտ էվոլյուցիայի ընթացքում ենթարկվել են ավելի շատ քանակական, քան որակական փոփոխությունների։
Ձևաբանական առումով միջին ուղեղը բաժանվում է երկու հիմնական մասի։ Միջին ուղեղի Սիլվիյան ջրանցքի վրա տեղավորված մեջքային մասը կոչվում է ուղեղի տանիք (տեկտում), իսկ փորայինը ուղեղի ոտիկներ։ Վերջիններս իրենցից ներկայացնում են Սիլվիյան ջրանցքից փորայնորեն դասավորված երկու հաստ բարձիկներ, որոնք, գտնվելով առջևում, մուտք են գործում վերջնային ուղեղի կիսագնդեր։ Գորշ նյութի շերտը, որը պարունակում է պիգմենտ մելանին և կոչվում է սև նյութ (սուբստանցիա), ուղեղի ոտիկները բաժանում է երկու մասի՝ ծածկի (տեգմենտում) և ոտիկների հիմքի։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին