Միջին կարիես (caries media) բնորոշվում է դենտին-էմալային սահամանի մերկացումով ուղեկցվող կարիոզ խոռոչի առաջացմամբ, որը լցված է կակղած դենտինով և սննդի մնացորդներով: Կարիոզ խոռոչի հատակը տեղակայվում է դենտինի ծայրամասային և միջին շերտերում:
Սուբյեկտիվորեն` հիմնականում ընթանում է առանց նշանների, երբեմն հիվանդը նշում է կարճատև ցավ ջերմային և քիմիական գրգռիչներից, որոնց հեռացնելուց հետո ցավը վերանում է: Ցավի բացակայությունը կարելի է բացատրել մի կողմից եմալ-դենտինային սահմանի քայքայումով, իսկ մյուս կողմից` երրորդային դենտինի առաջացումով:
Օբյեկտիվորեն` հետազոտման ժամանակ հայտնաբերվում է միջին խորության կարիոզ խոռոչ, որը անցնում է դենտին-էմալային սահմանը: Խոռոչը ունի նեղ մուտք, կարծր հատակ և պատեր, լցված է սննդի մնացորդներով, փոփկած և պիգմենտավորված դենտինով: Սրընթաց և սուր կարիեսի ժամանակ խոռոչի եզրերը անհարթ են, հատակը և պատերը փափուկ են և չպիգմենտավորված: Զոնդավորումը ցավոտ է խոռոչի պատերի շրջանում: ԷԱԱ-ը նորմայի սահմաններում:
Ախտաբանական անատոմիա: Լուսային մանրադիտակի տակ հետազոտման ժամանակ առանձնացնում են հետևյալ գոտիները
ա/ քայքայման կամ մեռուկացման շերտ – հայտնամբերվում են էմալի և դենտինի քայքայված մնացորդներ և միկրոօրգանիզմներ
բ/ ապահանքայնացման կամ դեմիներալիզացիայի գոտի - դենտինային խողովակները լայնացած են և ձևափոխված, լցված մանրէներով: Օդոնտոբլաստների դենտինային ելուստները ենթարկված են ճարպային դիստրոֆիայի:
գ/ թափանցիկ կամ ռեմիներալիզացիայի գոտի - դիտվում է հանքային նյուների տոկոսի բարձրացում, դենտինային խողովակների լուսանցքի նեղացում, ինչը դենտինին հաղորդում է համասեռ փայլուն տեսք:
դ/ անփոփոխ դենտինի շերտ - այստեղ դենտինային հյուսվածքը զգալի փոփոխությունների ենթարկված չէ /այս շերտը խորանիստ կարիեսի ժամանակ բացակայում է/
ե/ փոխարինող դենտինի շերտ /կամ կակղանում փոփոխությունների շերտ/ - հայտնաբերվում է փոխարինող դենտինի /երրորդային դենտին/ առաջացում, որը տարբերվում է դենտինային խողովակների ոչ ճիշտ կողմնորոշմանբ և կառուցվածքով: Փոխարինող դենտինին բնորոշ է առավել բարձր կրակալման աստիճան:
Փոփոխություններ են նկատվում նաև կակղանի մորֆոլոգիական կառուցվածքի մեջ – օդոնտոբլաստների ապակողմնորոշում և քանակի նվազում ախտաբանական օջախին համապատասխան հատվածում:

Տարբերակիչ ախտորոշում:
Տարբերակում են`
ա/ խորանիստ կարիեսից, որի ժամանակ խոռոչը գտնվում է պրեդենտինի սահմաններում, իսկ զոնդավորումը ցավոտ է հատակի շրջանում:
բ/ քրոնիկ պերիօդոնտիտից – ատամի գույնը փոփոխված է, ցավը ջերմային գրգռիչների նկատմամբ բացակայում է, ԷԱԱ- ն 100 մկԱ-ից ավելի, ռենտգենաբանորեն երևում է ախտաբանական օջախ ատամի արմատի պրոեկցիայով:
գ/ սեպաձև դեֆեկտ – պատերը կարծր են, հարթ և փայլուն, տեղակայվում է միայն ատամների վզիկի շրջանում:
դ/ քիմիական մեռուկ - ախտահարվում են միանգամից մի քանի ատամներ, իսկ անամնեզում նշվում է աշխատանք քիմիական գործարաններում:

Կարիեսի բուժումը
Կարիեսի բուժման ընտրությունը կախված է նրա ընթացքից, խոռոչի խորությունից և տեղակայումից: Հիմնական բուժումը կայանում է ատամների ախտահարված կարծր հյուսվածքների վիրահատական հեռացման մեջ, ինչից հետո կատարվում է ձևավորված խոռոչի լեցավորում, ատամի անատոմիական ձևի և ֆունկցիայի վերականգնմամբ:Սակայն որոշ դեպքերում – կարիես սպիտակ բծի շրջանում – հնարավոր է կատարել կոնսերվատիվ բուժում, ներմուծելով դեմիներալիզացված օջախ հանքային նյութեր, ինչը հնարավոր է դառնում այդ օջախում մեծացած  թափանցելիության շնորհիվ: Բուժման այս մեթոդը կոչվում է ռեմիներալիզացիոն թերապիա:Ռեմթերապիան կատարում են հետևյալ փուլերով: Ատամի մակերեսը մանրակրկիտ մաքրում են ատամնանստվածքներից, մշակում ջրածնի պերօքսիդի լուծույթով և չորացնում: Այնուհետև բծի շրջանում տեղադրում են 10% կալցիումի գլյուկոնատի լուծույթով թրջված բամբակե գլանակ 10-15 րոպեով` յուրաքանչյուր 4-5 րոպեի ընթացքում այն փոխելով: Յուրաքանչյուր երրորդ այցելությանը ամեն նշված միջամտությունից հետո նպատակահարմար է օջախը պատել 2-4% նատրիումի ֆտորիդով կամ ֆտոր-լաքով, որոնք իջեցնում են թափանցելիությունը: Բուժման ցիկլը տևում է 15-20 այցելություն ամեն օր կամ մեկ օրվա ընդմիջումներով:Ներկայումս  ռեմթերապիա անցկացնելու համար արտադրվում է 2-3% “Ռեմոդենտ” նյութը, որի կազմի մեջ մտնում են կալցիում – 4,35%, ֆոսֆոր – 1,36%, մագնեզիում – 0,15%, կալիում -0,2%, նատրիում -16%, քլոր – 30%, օրգանական նյութեր և մետաղներ -44%:
“Ռեմոդենտի” օգտագործման եղանակը չի տարբերվում վերը նշված մեթոդից, սակայն այն կատարվում է շաբաթը երկու անգամ 10-12 հաճախումներով:
Ռեմթերապիան կատարում են հետևյալ մեթոդներով`ապլիկացիաներ, էլեկտրոֆորեզ և ֆոնոֆորեզ:
Ռեմիներալիզացիոն թերապիան օգտագործում են նաև կարիեսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև սուր և սրագույն կարիեսի բուժման ընթացքում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին