Միջին ականջՄիջին ականջը կազմված է թմբկախորշից, լսողական ոսկրիկներից և լսափողից:Թմբկախորշը հարթ տարածություն է՝ ծածկված միաշերտ, հարթ, տեղ–տեղ խորանարդաձև կամ գլանաձև էպիթելով: Թմբկախորշի միջային պատին կան երկու անցքեր կամ «պատուհան»: Առաջինը ձվաձև է : Այնտեղ է գտնվում ասպանդակի հիմքը, որը ամրացված է պատուհանին շրջագծի բարակ կապանի օգնությամբ: Ձվաձև պատուհանը սահմանազատում է թմբկախորշը խխունջի անդաստակային սանդուղքից: Երկրորդ պատուհանը կլոր է, որը գտնվում է ձվաձևից փոքր–ինչ հետ: Այն պատված է թելակազմ թաղանթով: Կլոր պատուհանը թմբկախոռոչը սահմանազատում է խխունջի թմբկային սանդուղքից: Լսողական ոսկրիկները՝ մուրճիկը, սալը և ասպանդակը, որպես լծակների համակարգ, արտաքին ականջի թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ձվաձև պատուհանին, որից էլ սկսվում է ներքին ականջի անդաստակային սանդուղքը: 

Լսափողը, որը թմբկախորշը միացնում է ըմպանի քթային մասին, ունի լավ արտահայտված լուսանցք՝ 1–2 մմ տրամագծով: Թմբկախորշի տակ ընկած շրջանում լսափողը շրջապատված է ոսկրային պատով, իսկ ըմպանի մոտ ունի հիալինային աճառի կղզյակներ: Խողովակի լուսանցքը պատված է բազմաշար գլանաձև, թարթիչավոր էպիթելով, որը կազմված է գավաթաձև գեղձային բջիջներից: Էպիթելի մակերեսին բացվում են լորձային գեղձերի ծորանները: Լսափողը կարգավորում է միջին ականջի թմբկախորշի օդի ճնշումը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին