Մեծ կիսագնդերի կեղևը ֆիլոգենեզի առումով ուղեղի ամենաերիտասարդ և միաժամանակ ամենաբարդ բաժինն է։ Կառուցվածքային առումով այն գորշ նյութի շերտ է, որը ծածկում է ուղեղն ամբողջությամբ և, շնորհիվ բազմաքանակ ծալքերի, ունի մեծ գումարային մակերես։ Ուղեղի կեղևի ծալքերը ստացել են գալարներ և բլթեր անվանումը, որոնք բաժանված են ակոսներով։ Դրա շնորհիվ մարդու մեծ կիսագնդերի կեղևի ընդհանուր մակերեսը կազմում է 2200 սմ2։ Գորշ նյութի այսպիսի կազմավորումն ապահովում է մեծաքանակ նեյրոնների (109-1010) և, էլ ավելի մեծաքանակ գլիալ բջիջների, տեղավարումը։ Շատ մեծ է սինապսային փոխարկումների քանակը, ինչն ապահովում է տեղեկատվության մշակման ու պահպանման ամենաբարդ գործընթացները։ Ցածրակարգ կաթնասունների կեղևն ունի հարթ մակերես, իսկ բարձրակարգ կաթնասունների կեղևի ծալքավորումն ի հայտ է գալիս կապված կեղևային նյութի զանգվածի հզոր աճի հետ։

Կապված ուղեղի մեծ կիսագնդերի կեղևի զարգացման պատմության հետ, առանձնացնում են հնագույն, հին և նոր կեղևներ։ Նոր կեղևը (նեոկորտեքս) ենթարկվելով նշանակալի զարգացման, իր բարձրագույն ձևին է հասնում մարդու մոտ։ Կաթնասունների հնագույն կեղևին (պալեոկորտեքս) են պատկանում հոտառական նյարդաթելերը (գանգուղեղային նյարդերի առաջին զույգ), տրակտները, հոտառական կոճղեզը և հոտառական թմբերը, որոնց մեջ տեղադրված են երկրորդական հոտառական կենտրոնները։ Այդ կառույցներից հզոր ուղիներ են ընթանում դեպի հին կեղև։ Հին կեղևն (արխիկորտեքս) ընդգրկում է գոտկային գալարը, ատամնավոր թաղանթը, հիպոկամպի հիմքը և նշաձև մարմինը։ Այդ գոյացությունները չեն երևում ուղեղի մակերեսից։ Ուղեղի երկու կիսագնդերը միացնում է բրտամարմին կոչվող նյարդաթելերի հզոր խուրձը, որին գոտու ձևով երիզապատում է գոտկագալարը։

Հին կեղևն էական դեր է կատարում հիշողության գործընթացներում, բնազդային վարքում, մասնակցում է հույզերի ձևավորմանը։ Այդ առումով հին կեղևը սերտ կապված է ենթատեսաթմբի հետ։ Հին կեղևը հնագույն կեղևի հետ (միասին նշվում են ալոկորտեքս), ինչպես նաև նշաձև համալիրը, առաջային տեսաթմբային կորիզը, պտկային մարմինները և ենթատեսաթումբը միասին կազմում են լիմբիական համակարգ։ Կառուցվածքային առումով լիմբիական համակարգը ներկայացնում է հին կառույցների խումբ, որոնք շրջապատում են ուղեղաբունը և իրենց կապերը տարածում ուղեղի առավել երիտասարդ գոյացությունների միջով։ Կառուցվածքով նրանք ձևավորում են միասնական համակարգ, որը պատասխանատու է բնածին վարքային գործողությունների իրականացման և հույզերի ձևավորման համար (Դ.Պապեց)։ Այդ համակարգն ապահովում է ներքին միջավայրի կայունությունն ու հսկում տեսակի պահպանմանն ուղղված ռեակցիաները։ Լիմբիական համակարգի կարգավորող ազդեցությունը միջնորդվում է ստորադաս վեգետատիվ կենտրոններով, որոնք ապահովում են վեգետատիվ, մարմնական ռեակցիաների և ներզատիչ ազդեցությունների ամբողջականացումը։

Լիմբիական համակարգը զգալի դեր է կատարում հույզերի ձևավորման մեջ։ Նշաձև համալիրի խթանման ժամանակ ի հայտ են գալիս վախի, ցասումի, ատելության և ագրեսիվ բնույթի հուզական ռեակցիաներ։ Քունքային բլթի, նշակորիզի և հիպոկամպի միաժամանակյա հեռացման դեպքում հուզական ոլորտում դիտվում են մի շարք տեղաշարժեր։ Անհայտանում է կենդանիների ագրեսիվությունը, ի հայտ է գալիս գերսեռայնություն՝ հոգեկան կուրացման հետ զուգակցված, որի ժամանակ կորչում է տեսողական և լսողական ազդակների ճիշտ գնահատման ընդունակությունը։ Մյուս կողմից, հիպոկամպը մասնակցում է կյանքի ընթացքում կուտակված հուզական ռեակցիաների ձևավորմանը։ Հիպոկամպի դերը հիշողության համախմբման մեջ ամրապնդվում է նրա նեյրոնային և սինապսային ակտիվության փոփոխություններով։ Այստեղ մեծ նշանակություն ունի հիպոկամպի ազդեցությունը նեոկորտեքսում ընթացող ուսուցման գործընթացների վրա։ Լիմբիական համակարգը, շնորհիվ նրա մեջ մտնող գոյացությունների, ստեղծում է հուզական տրամադրվածություն և մղում դեպի գործողության, այսինքն մոտիվացիայի և հույզի ուղղվածություն, որը մեծ դեր է կատարում հիշողության և ուսուցման գործընթացներում։ Լիմբիական համակարգի բնորոշ գիծը տարբերակված ֆունկցիոնալ ներկայացուցչության բացակայությունն է։ Այդպիսի ամբողջականացված ազդակները անհրաժեշտ են բարդ համակարգային ֆունկցիաների բարձրագույն կարգավորման համար, միավորում են ԿՆՀ-ի հսկայական թվով կառույցների գործունեությունը։

Ի տարբերություն դրան, նոր կեղևը ստանում է հստակ, սահմանազատված տեղեկատվություն։ Նեյրոնային ձևերի մեծ բազմազանությունից (50-ից ավելի) կեղևում կարելի է առանձնացնել բջջային տարրերի երեք հիմնական ձևեր՝ բրգաձև, աստղաձև և իլիկանման բջիջներ։ Կաթնասունների ուղեղի կեղևը բաղկացած է վեց շերտից։ Վերինը՝ հյուսակաձև (պլեքսիֆորս) կամ մոլեկուլային շերտն է։ Ունի շատ փոքր նեյրոններ և նյարդաթելերի խիտ ցանց, որոնք մակերեսի նկատմամբ ունեն զուգահեռ դասավորվածություն։ Նյարդաթելերի հիմնական զանգվածը կազմում են դենդրիտները, որոնք այստեղ են բարձրանում ստորադիր շերտերի բրգաձև բջիջներից, ինչպես նաև տեսաթմբի ոչ յուրահատուկ կորիզներից ընթացող տեսաթմբակեղևային նյարդաթելերի առբերիչները։ Երկրորդը՝ արտաքին, հատիկավոր շերտն է, որը պարունակում է մեծ թվով փոքր աստղաձև բջիջներ, ինչպես նաև ոչ մեծ չափերի բրգաձև բջիջներ, որոնց չափերը գորշ նյութի մեջ խորանալիս աստիճանաբար մեծանում են։ Երրորդը՝ արտաքին բրգային շերտն է, որի բջիջները միջին չափի են։ Չորրորդը ներքին հատիկավոր շերտն է, որը բնութագրվում է մեծ թվով աստղաձև բջիջներով, որոնց միջև տեղակայվում են բրգաձև բջիջները։ Հինգերորդը՝ ներքին բրգային, խոշոր բրգային բջիջների շերտն է, այդ թվում Բեցի հսկա բջիջները։ Նրանց աքսոնների շնորհիվ այստեղ ձևավորվում են կեղև-ողնուղեղային և կեղև-կոճղեզային ուղիները։. Վեցերորդը՝ պոլիմորֆ կամ իլիկաձև բջիջների շերտն է, որոնց աքսոնները ձևավորում են կեղև-տեսաթմբային ուղին։

Ուղեղի կեղևն ունի միակերպ կառուցվածք։ Կեղևի հիմնական կառուցվածքային առանձնահատկությունը բջջային տարրերի և նյարդաթելերի կանոնավոր կողմնորոշումն է, որոնք ընթանում են մակերեսի նկատմամբ ուղղահայաց կամ զուգահեռ ուղղություններով։ Միաժամանակ գորշ նյութի տարբեր տեղամասերում գոյություն ունեն նուրբ նեյրոնային կազմակերպման որոշակի տարբերություններ՝ նյարդաթելերի ընթացքի, նեյրոնների քանակի և չափերի, դենդրիտների ճյուղավորումների և այլն։ Նման տարբերությունները դրսևորվում են մեծ կիսագնդերի կեղևի բջջակերտվածքային կառուցվածքների քարտեզներում։ Առավել ճանաչված է Կ.Բրոդմանի բջջակերտվածքի քարտեզը, որտեղ տարբեր կառուցվածք ունեցող հատվածների նշման համար կիրառվել է թվային նշումներ։
Ուղեղի կեղևի տարբեր բաժինների հեռացման ազդեցությունների ուսումնասիրման, նրանց անմիջական էլեկտրական գրգռման, տարբեր գրգռիչների` դեպքում էլեկտրական պատասխանների գրանցման ժամանակ, ինչպես նաև ուղեղի կեղևի տարբեր ախտածին վնասումների պայմաններում կատարված ուսումնասիրություններում պարզվել է, որ մեծ կիսագնդերի կեղևի տարբեր դաշտեր սերտ կապված են որոշակի ֆունկցիաների հետ։ Որոշակի դաշտեր գրգռելիս հայտնաբերվել են շարժողական ռեակցիաներ, որոնք նշվել են որպես շարժիչ դաշտեր։ Միաժամանակ առանձնացվել են նաև կեղևի զգայական դաշտեր, որ պրոյեկտվում են յուրահատուկ առբերիչ համակարգերը։ Նրանք նույնպես ունեն հատուկ տոպիկ տեղադրություն։ Վերջապես, առանձնացվել են զուգորդող դաշտեր, որտեղ տեղի է ունենում տարբեր առբերիչ մուտքերի ամբողջականացում։ Զուգորդական դաշտերը հիմնականում կապված են բարձրագույն նյարդային գործունեության բարդ գործընթացների հետ։ Ցույց է տրվել, որ էվոլյուցիայի ընթացքում տեղի է ունենում զուգորդական դաշտերի ընդլայնում։
Ուղեղի զգայական շրջաններն ունեն հստակ տեղադրություն։ Այդ շրջաններում ավարտվում են ենթակեղևային կառույցների վերընթաց զգացող ուղիների առբերիչ նյարդաթելերը։ Առանձնացված են ուղեղի կեղևի զգայական յուրահատուկ շրջաններ տեսողական, սոմեսթետիկ (մարմնազգայական) և լսողական ընկալումների համար։
Ծոծրակային շրջանները տեսողական են։ Այդ տարածքի էլեկտրական գրգռման ժամանակ մարդն ունենում է լուսային զգայություն։ Լինում են տեսողական պատրանքներ, ակնագնդի շարժումներ։ Նույնը վերաբերում է նաև ուղեղի կեղևի լսողական մարզին։ Նրա գրգռումն ականջներում առաջացնում է աղմուկի զգացողություն, լսողական պատրանքներ։ Մարդու ուղեղի ձախ կիսագնդի կեղևի լսողական յուրահատուկ շրջանը կապված է խոսքի ըմբռնման հետ։ Նրա վնասումների դեպքում կորչում է խոսքերն արտաբերելու կամ ըմբռնելու կարողությունը։ Լսողական շրջանում ներկայացված է նաև անղաստակային զգացողությունը։

Բոլոր կենդանիների մոտ առավել մեծ մակերես է զբաղեցնում մարմնական, այսինքն մաշկային, մկանահոդային և ընդերային զգայնության ներկայացուցչությունը։ Այդ շրջանի էլեկտրական գրգռման դեպքում մարդու մոտ առաջանում է ճնշման, հպման կամ ջերմության զգացում։ Այդ շրջանների վնասման դեպքում անհետանում է զգայունության նուրբ տարբերակումը, շարժումներում ի հայտ է գալիս անճշտություն և հմտության պակասություն։ Ըեդ որում այդ բոլորը վերաբերվում է մարմնի միայն որոշակի մասերին, քանի որ այդ շարժումներում առկա է ներկայացուցչության ճշգրիտ ու խիստ տարածական բաշխվածություն (սոմատոտոպիկա)։ Ի դեպ, մարմնի տարբեր բաժիններն ուղեղի կեղևի մարմնազգայական շրջաններում գրավում են տարբեր չափի մակերես։  Մեծ տեղ են զբաղեցնում ձեռքի դաստակն ու մատները, դեմքը, շուրթերը, լեզուն, կոկորդը և  քիչ տեղ է հատկացված մարմնին, ազդրերին, սրունքներին։ Բացի նշված մարմնազգայական շրջանից (առաջին կոչվող), հայտնաբերված է նաև երկրորդ զգայաշարժշրջանը, որը տեղադրված է առաջինից ավելի փորայնորեն, Սիլվիյան ակոսի շրջանում։ Այստեղ նույնպես ընթանում են սոմատոտոպիկ պրոեկցիաներ, չնայած քիչ հստակ, քան առաջինում։ Պարզված է, որ նշված մարմնազգայական շրջանները, բացի առբերիչ մուտքերից, պարունակում են նաև շարժիչ ելքեր։ Ուստի ճիշտ կլինի նրանց նշել որպես զգայաշարժ դաշտեր (ԶԴ-1, ԶԴ-11)։ Ուղեղի կեղևի շարժիչ շրջաններն աչքի են ընկնում նրանով, որ դրանց գրգռումն օրինաչափորեն առաջացնում է հստակ, ներդաշնակ շարժողական ռեակցիաներ։ Այդ շրջանների համար բնորոշ է շարժիչ ֆունկցիաների տեղաբաշխման խիստ տարածական կազմակերպումը։ Թույլ էլեկտրական գրգիռն առաջացնում է մարմնի հակառակ կեսի որոշակի մկանների շարժում։ Տարբեր մկանները ներկայացված են խիստ որոշակի հաջորդականությամբ և, ինչպես մարմնազգայական կեղևի դեպքում, մարմնի տարբեր մասերի մկանները ներկայացված են ոչ հավասարաչափ։

Օրգանների հարաբերական չափերն արտացոլում են ուղեղի այն մակերեսը, որտեղից կարող են առաջացվել համապատասխան շարժումներ։ Ինչպես երևում է ամենածավալուն ներկայացուցչություն ունեն դեմքը, ձեռքի դաստակն ու մատները, լեզուն։ Իրանը և ոտքերը թույլ են ներկայացված։ Այդ պատճառով էլ մարդու ուղեղի կեղևի շարժիչ դաշտի վնասման դեպքում այդ շրջաններն ամենաշատն են տուժում։ Այդ տարածքը ստացել է առաջնային շարժիչ շրջան անունը, քանի որ նրա կողքին հայտնաբերված է նաև մեկ շարժիչ շրջան (երկրորդային շարժիչ շրջան) կիսագնդի միջային մակերեսի վրա։ Այդ երկու մարզերը նույնպես ունեն զգացողական ծայրամասային պրոեկցիաներ։ Այդ իսկ պատճառով էլ նրանք կրում են առաջային և երկրորդային շարժազգաց շրջաններ (կրճատ Շզ 1 և Շզ 2) անունը։ Հետևաբար, կարելի է խոսել չորս շարժողական շրջանների (Շզ  Շզ 2, Զշ 1 և Զշ 2) և չորս գգայակաև շրջանների (Զշ  Զշ 2, Շզ 1, Շզ 2) մասին։ Այսպիսով սոմատոտոպիկ կազմակերպմանը զուգընթաց ուղեղի կեղևում առկա է նաև ծայրամասի ներկայացուցչության բազմաքանակություն։
Շարժիչ կեղևի բրգային բջիջներն ամենախոշոր նեյրոններն են։ Այդ պատճառով էլ նրանց աքսոններն օժփված են հաղորդման բարձր արագությամբ։ Նրանցից մի քանիսն անմիջական կապեր ունեն ողնուղեղի շարժիչ նեյրոնների հետ, հատկապես մարդու ու կապիկի մոտ։ Այդ ամենն ապահովում է ռեակցիայի արագ ընթացքը։ Այդ նյարդաթելերը սկսվում եn 5-րդ շերտի բրգային նեյրոններից։ Կեղև-ողnուղեղայիn նյարդաթելերի 3 տոկոսը սկսվում եn Բեցի հսկա բջիջներից, որոնք գլխավորապես հանդիպում են ոտքի ներկայացուցչության շրջանում։ Կեղև-ողnուղեղայիn նեյրոնների հիմնական զանգվածը սկսվում է նախակենտրոնական ակոսից (ըստ Բրոդմանի 4-րդ բջջակերտվածքային դաշտ)։ Որոշ նյարդաթելեր սկսվում են 6, 3, 1 և 2 դաշտերից, սակայն նրանք ունեն առավել բարձր շեմք և առաջացնում են ոչ այնքան նուրբ շարժումներ։ Շարժողական կեղևի ոչ բոլոր բջիջներն են ներկայացված կեղև-ողնուղեղային նեյրոններով։ Նրանց մեծ մասը, ինչպես արդեն նշվել է, ավարտվում է ուղեղաբեային այն կառույցներում, որոնք սկզբնավորում են այլ շարժիչ, այսպես կոչվող արտաբրգային (էքստրապիրամիդալ) ուղիները։ Այդ նեյրոնները կազմավորում են կեղև-կարմիր կորիզային, կեղև–ցանցանման գոյացություն և այլ ուղիներ։ Դրա հետ մեկտեղ 5-րդ շերտի բրգային նեյրոնները, որոնք ավարտվում են ուղեղաբնում (այլ կերպ՝ կեղև-կոճղեզային բջիջներ), սկզբնավորվում են ոչ միայն նախաշարժիչ և հետկենտրոնական շրջաններից, այլ նաև տեսողական, լսողական և մարմնազգայական կեղևից։ Կեղև-կոճղեզային կարգավորման կարևոր հավելում են հանդիսանում կեղև-ողնուղեղային նեյրոնների աքսոնների կողմնային ճյուղերը։
Շարժիչ կեղևի ախտահարման ժամանակ վնասվում են մեծ թվով վարընթաց ուղիներ։ Դրանով են բացատրվում անդամալուծություններն ու թերանդամալուծությունները։ Օրինակ, ուղեղում արյունազեղումների ժամանակ հիմնականում գործընթացի մեջ են ընդգրկվում մարմնի այն մասերը, որոնք ունեն առավել մեծ ներկայացուցչություն շարժիչ կեղևում (դիմախաղի մկաններ, արտասանության հետ կապված մկաններ, դաստակի մկաններ և այլն)։

Դեպի կեղևի շարժիչ շրջան զգայական տեղեկատվությունը մուտք է գործում հիմնականում մկաններից։ Միաժամանակ զուգորդող նյարդաթելերի համակարգի միջոցով ուղեղի շարժիչ շրջանը կապված է շատ այլ շրջանների հետ, ինչը ապահովում է տեսողական, լսողական և այլ ազդակների ընդունումը, որոնք կարևոր նշանակություն ունեն կամային շարժումների կառավարման համար։ Ցույց է տրված նոր կեղևի տարբեր շրջանների սյունաշարային նեյրոեային կազմակերպումը։ Առաջին անգամ այն ցույց է տրվել կատվի զգայաշարժիչ կեղևի օրինակի վրա (Վ. Մաունթքասլ)։ Տարբեր բնույթի (մոդալականության) գրգիռների նկատմամբ ուղեղի կեղևի այդ շրջանի նեյրոնների պատասխանները ուսումնասիրելիս նկատվել է, որ միկրոէլեկտրոդը ուղեղի կեղևի մակերեսի նկատմամբ ուղղահայաց ընկղմելիս հանդիպող բոլոր բջիջները պատասխանում են միևնույն բնույթի գրգռիչին (հպում մաշկին կամ շարժում հոդում)։ Եթե էլեկտրոդն ընկղմվում է կեղևի մակերեսի նկատմամբ անկյան տակ, ապա նրա ճանապարհին հանդիպում են որոշակի հաջորդականությամբ իրար հետևող տարբեր մոդալականությամբ օժտված նեյրոններ։ Եզրահանգում է արվել, որ զգայաշարժիչ կեղևը կազմված է տարրական ֆունկցիոնալ միավորների՝ սյուների տեսքով, որոնք մակերեսի նկատմամբ ունեն ուղղահայաց կողմնորոշում։ Այդպիսի սյան մոտավորապես 500 մկմ տրամագիծը որոշվում է տեսաթումբ-կեղևային առբերիչ նյարդաթելերի ծայրաճյուղերի հորիզոնական տարածումով և բրգային բջիջների դենդրիտների ուղղահայաց կողմնորոշումով։ Այունը դիտվում է որպես զգայաշարժ կեղևի տարրական կառույցահատված, որտեղ իրագործվում է միաբնույթ ընկալիչներից ընթացող տեղեկատվության տեղային մշակումը։ Շարժիչ սյուներն իրենցից ներկայացնում են նեյրոնների ֆունկցիոնալ միավորում, որոնք կարգավորում են այս կամ այն հոդի վրա ազդող մի քանի մկանների գործունեությունը։ Սակայն, դա չի բացառում այն փաստը, որ կմախքային մկաններն ունեն իրենց կեղևային ներկայացուցչությունը։ Ավելի շուտ նրանց ներկայացուցչությունը բազմաքանակ է։ Դա հաստատում է այն գաղափարը, որ ուղեղի կեղևում ներկայացված են ոչ այնքան մկանները, որքան շարժումները։
Հետագայում սյունային կազմակերպման սկզբունքը հաստատվել է տեսողական կեղևի ուսումնասիրություններում (Դ. Հյուբել, Տ. Վիզել), ուր հերթագայվում են սյուները, որոնց նեյրոններն արձագանքում են միայն աջ կամ ձախ աչքի գրգիռին, կամ էլ հայտնաբերվում են սյուներ, որոնք իրարից տարբերվում են ընկալչական դաշտի առանցքի կողմնորոշումով։
Նեյրոնների սյունային կազմակերպման սկզբունքը հատուկ է նաև լսողական կեղևին, որտեղ սյուները տարբերակվում են ըստ երկու ականջներից եկող տեղեկատվության գումարման ընդունակության։ Այսպիսով, սյունաշարային կազմակերպումն ուղեղի կեղևի բազմաթիվ պրոեկցիոն շրջանների կառուցվածքային հատկանիշն է։ Բացառված չէ, որ այդ սկզբունքը կապված է այնպիսի գործընթացների հետ, որոնք ուղեղում ստեղծում են արտաքին աշխարհի տարբեր բաղադրիչների արտացոլումը։ Այդ լրատվության օգտագործումը պրոեկցիոն շրջանների սահմաններից դուրս կարող է իրականացվել ֆունկցիոնալ համակարգով, որն ի մի է բերում սյուներում տարրական գործընթացներն ու միավորում տրոհված տեղեկատվությունն ավելի բարդ համադրությունների մեջ։

Կեղևի ասոցիատիվ (զուգորդական) շրջանները։ Նկարագրված շարժիչ և զգայական շրջանների հետ մեկտեղ, ուղեղի գագաթային և ճակատային բաժիններում գոյություն ունի նոր կեղևի հսկայական բաժին, որը նշվում է որպես «ասոցիատիվ կեղև»։ Կենդանիների այդ շրջանների հեռացումը կամ գրգռումը որոշակի արդյունքներ չեն տվել։ Նկատվել են վարքի, շարժողական և վեգետատիվ ռեակցիաների փոփոխական բնույթի խախտումներ։ Մարդու մոտ, տեղային անզգայացումով կատարվող  վիրահատության  ժամանակ ուսումնասիրվել են գագաթային կեղևի էլեկտրական գրգռման արդյունքները։ Պարզվել է, որ դա մարդու մոտ առաջացնում է այն իրադարձությունների վերհիշում, որոնց նախկինում նա մասնակցել է։ Ընդ որում վերարտադրվում է նույն այն հուզական ֆոնը, որն ուղեկցել է այդ իրադարձությանը։ Այսպես, մարդը գիտակցում է, որ պառկած է վիրահատական սեղանին և միաժամանակ իրեն թվում է, թե ինքը թատրոնում է, երաժշտություն է լսում ե այլն։ Այսպիսով, գագաթային շրջանն առնչություն ունի տեղեկատվության պահպանման ֆունկցիայի հետ, հատուկ դեր է կատարում հիշողության գործընթացներում։
ճակատային մարզը կապված է խոսքի ֆունկցիայի հետ։ Այստեղ տեղակայված է խոսքի կենտրոնը։ Խոսքի կենտրոնը կազմված է մի շարք գոյացություններից և այդ պատճառով էլ խոսքը տարբեր կերպ է խանգարվում։ Մի դեպքում խախտվում է խոսքի շարժիչ բաղադրիչը* նրա վերարտադրությունը։ Այդպիսի հիվանդները հասկանում են իրենց ուղղված խոսքը, սակայն գործնականում չեն կարող խոսել։ Աֆազիայի այդ տարատեսակը կոչվում է մոտոոաֆազիա։ Ուղեղի այն շրջանը, որի ախտահարումը հանգեցնում է շարժիչ աֆազիայի, այն հայտնաբերող գիտնականի անունով կոչվում է Բրոքայի խոսքի կենտրոն։ Մի այլ դեպքում կորչում է խոսքն ընկալելու, հասկանալու ունակությունը։ Դա զգայական (սենսոր) աֆազիա է։ Այն առաջանում է Վերնիկեի կենտրոնի ախտահարման դեպքում։ Խոսքի ներկայացուցչությունը ներկայացված է միայն ձախ կիսագնդում։ Այդ կիսագունդը խոսքային ֆունկցիաների առնչությամբ գերիշխող է ինչպես «աջլիկների», այնպես էլ «ձախլիկների» մոտ։ Ցույց է տրված, որ մարդու ուղեղի «խոսքային կենտրոնների» ֆունկցիոնալ անզուգաչափությունը համընկնում է նրանց անատոմիական անզուգաչափության հետ։ Պարզված է, որ աջ և ձախ քունքային բլթերի չափերը տարբեր են։ Այն ձախ կիսագնդում բավականին մեծ է։ Խոսքի կենտրոնների վնասումը հանգեցնում է աֆազիայի, Բրոկայի ղաշտինը՝ մի քանի ամիսներ կամ տարիներ, Վերնիկեի դաշտինը՝ մշտական։ Միայն մինչև 10 տարեկան երեխաների մոտ է, որ նման միջամտություններից հետո նկատվում է խոսքի վերականգնում։ Ընդ որում, խոսքի կենտրոնը տեղափոխվում է աջ կիսագնդի համապատասխան շրջանը։
Մարդու բարձրագույն հոգեկան ֆունկցիաների կողմնայնացման (լատերալիզացիա) հետագա ոաումնասիրությունները կատարվել են «ճեղքված ուղեղով» (այսինքն, բրտամարմնի և առաջային կպուկի հատումից հետո) հիվանդների մոտ։ Այդ հիվանդների մոտ պայմաններ է ստեղծվում տեսողական տեղեկատվությունը յուրաքանչյուր կիսագնդին ներկայացնել առանձնացված, յուրաքանչյուր կիսագնդի անկախ գործունեության պայմաններում։ Պարզվել է, որ ձախ կիսագունդը գերիշխում է խոսքի, բարդ կամային շարժումների, ընթերցանության և հաշվելու առումներով։ Իսկ աջ կիսագունդը հիմնականում պատասխանատու է խոսքային ֆունկցիաների՝ գրելու, բարդ տեսողական և լսողական պատկերների ճանաչման, հպման, տարածության, ձևի և ուղղության ընկալման, ինչպես նաև ներըեբռնման համար (Ռ. Մպերրի)։
Մարդու ճակատային շրջանի առջևի բաժինները կապված են ինչ-որ հատուկ բարդ գործընթացների հետ, որոնք առնչվում են անհատականության պահպանման, մարդու սոցիալական հարաբերությունների ձևավորման հետ։ Նույնիսկ այդ շրջանի լուրջ վնասվածքները շարժողական և զգացողական նշանակալի խանգարումներ չեն առաջացնում, սակայն զգալիորեն փոխվում են մարդու վարքի բարձրագույն ձևերը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին