Մելանախթանիչ հորմոն. (ՄԽՀ) կամ ինտերմեդին: Արտադրվում է հիպոֆիզի միջանկյալ բլթի բջիջներում, մելանոլիբերինի ազդեցությամբ խոշոր գլիկոպրոտեին՝ պրոպիլոմելանոկորտինից, որը միաժամանակ ԱԿՏՀ-ի, բետա-լիպոպրոտեինների և էնդորֆինների նախանյութն է։ Ուստի, հորմոնի տարբեր տեսակների (α-ՄԽՀ, β-ՄԽՀ, γ-ՄԽՀ) հետ միասին նման ֆիզիոլոգիական ակտիվությամբ մասամբ օժտված են նաև ԱԿՏՀ-ը, β-լիպոտրոպինները և էնդորֆինները։ ՄԽՀ-ը հիմնականում ազդում է գունակային փոխանակության վրա։ Վերջին տարիներս հայտնաբերվել են ՄԽՀ-ի լրացուցիչ ազդեցություններ նյարդային համակարգի գրգռականության, հիշողության պրոցեսների և վարքային ռեակցիաների վրա։ Հորմոնը ակտիվացնում է մելանին գունակի սինթեզը մաշկի գունակային բջիջներում՝ մելանոցիտներում կամ մելանոֆորներում։ Միաժամանակ ՄԽՀ-ն առաջացնում է մելանոֆորների լայնացում և քանակի մեծացում և, որ շատ կարևոր է, գունակի ցրում այդ բջիջների ամբողջ ցիտոպլազմայով, մաշկի մգացումով։

ՄՀԽ-ի անբավարարության դեպքում, ճիշտ այնպես ինչպես կատեխոլամինների և էպիֆիզի հորմոն՝ մելատոնինի ազդեցության ժամանակ, ընդհակառակը, կորիզային գոտում տեղի է ունենում գունակի հատիկների համակենտրոնացում՝ մաշկի գունաթափումով։ Կան տվյալներ աչքի ցանցաթաղանթի գունակային շերտի բջիջների վրա ինտերմեդինի  ազդեցության  մասին։  Վառ լույսի ազդեցությամբ, վերը նկարագրված մեխանիզմով, մելանինը դիսպերս ցրվում է աչքի սև գունակային շերտի բջիջներում և սահմանափակում է լույսի ճառագայթների հոսքը ցանցաթաղանթ և հակառակը։ ՄԽՀ-ի ազդեցությունը կենդանիների մաշկային ծածկույթների և մորթու գունակավորման վրա ունի կարևոր նշանակություն շրջապատի միջավայրի գույնին և սեզոնային գունակավորման փոփոխություններին հարմարվելու համար։ Մաշկային ծածկույթների ապագունակավորման և գերգունակավորման երևույթները դիտվում են նաև կլինիկայում` որպես ՄԽՀ֊ի անբավարարության կամ գերարտադրության արդյունք։ Մասնավորապես, հղի կանանց պտուկների, ամոթույքային շրթերի շուրջը, դեմքի և մարմնի տեսանելի մասերի վրա հաճախ կարելի է հայտնաբերել գունակային բծեր։ Դա կարող է լինել ՄԽՀ-ի սինթեզի և մելանինի վրա էստրոգենների ուղղակի ազդեցության արդյունք։ Գունակային փոխանակության վրա ԱԿՏՀ-ի մեծ քանակների խթանող ազդեցության հետ կապված ԱԿՏՀ-ի գերարտադրությամբ ուղեկցվող մի շարք ախտահարումների՝ Ադիսոնի հիվանդության (կամ մակերիկամների կեղևի առաջնային անբավարարության ժամանակ, երբ արյան մեջ կորտիկոստերեոիդների իջած քանակը հետադարձ բացասական կապերով ակտիվացնում է ԱԿՏՀ-ի արտադրությունը), Կուշինգի հիվանդության կամ ԱԿՏՀ-ի գերարտադրության հետևանքով մակերիկամների կեղևի երկրորդային գերակտիվացման ժամանակ նույպես դիտվում է մաշկային ծածկույթների գերգունակավորում, որը կարող է ունենալ կարևոր ախտորոշիչ նշանակություն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին