Արյունատար մազանոթները (vasae haemocapillariae) բազմաքանակ ու բարակ անոթներ են և ունեն տարբեր մեծության լուսանցք: Ամենանեղ մազանոթները (4,5–ից մինչև 6–7 մկմ) գտնվում են միջաձիգ– զոլավոր մկաններում, նյարդերում, թոքերում, իսկ առավել լայն մազանոթները (7–11 մկմ տրամագծով)՝ մաշկում, լորձաթաղանթներում: Արյունաստեղծ օրգաններում, ներքին սեկրեցիայի բոլոր գեղձերում, լյարդում հանդիպում են լայն, բայց անոթի երկարությամբ փոփոխվող տրամագծով (20–30 մկմ և ավելի) մազանոթներ: Այդ մազանոթները կոչվում են սինուսոիդալ: Արյան յուրահատուկ մազանոթային շտեմարաններ՝ լակունաներ, կան առնանդամի խորշիկավոր մարմիններում: Հաճախ մազանոթները կազմում են ցանց, կարող են առաջացնել նաև օղակներ (մաշկի պտկիկներում ու հոդերի սինովյալ թավիկներում), կծիկներ (երիկամի անոթային կծիկները): 

Օղակներ կազմող մազանոթներում առանձնացվում են զարկերակային ու երակային բաժիններ: Զարկերակային բաժնի լայնությունը միջին հաշվով հավասար է էրիթրոցիտի տրամագծին, իսկ երակայինինը՝ փոքր–ինչ ավելին է: Մազանոթների քանակը տարբեր օրգաններում նույնը չէ: Օրինակ՝ մարդու մկանի լայնական կտրվածքի 1 մմ2–ում հաշվվում է 1400–ից մինչև 2000 մազանոթ, իսկ մաշկի նույն մակերեսին՝ 40: Ցանկացած հյուսվածքում նորմայում կա մինչև 50% չգործող մազանոթ: Նրանց լուսանցքը, որպես կանոն, խիստ փոքրացած է, բայց լրիվ փակված չէ: Ձևավոր տարրերի համար այդ մազանոթները դառնում են անանցանելի, սակայն պլազման կարող է անցնել: Մազանոթների թիվը պայմանավորված է տվյալ օրգանի ձևաֆունկցիոնալ առանձնահատկություններով, իսկ բաց մազանոթների քանակը՝ նրա ֆունկցիոնալ վիճակով: Մազանոթային հունի լայնական հատույթի մակերեսը հաճախ գերազանցում է զարկերակի ելակետային լայնական հատույթի մակերեսը: Մազանոթների պատում տարբերում են երեք շերտ (որպես վերը քննարկված անոթների թաղանթների անալոգներ): Ներքին շերտը ունի էնդոթելային բջիջներ՝ դասավորված հիմային թաղանթի վրա, միջինը կազմված է պերիցիտներից՝ պարփակված հիմային թաղանթում, իսկ արտաքինը՝ արտաթաղանթային բջիջներից ու բարակ կոլագենային թելերից՝ ընկղմված անձև նյութի մեջ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին