Մարսողությունը սկսվում է բերանի խոռոչից, որտեղ տեղի է ունենում սննդի սկզբնական մեխանիկական և քիմիական մշակումը, այսինքն նրա մանրացումը, թքի միջոցով թրջումը, նրա հետ շաղախումը, սննդագնդի ձևավորումը և որոշ բաղադրամասերի սկզբնական հիդրոլիզը։ Այստեղ կատարվում է նաև սննդի համային որակների վերլուծություն և ուտելու համար ոչ պիտանի բաղադրիչների հեռացում։ Համային ընկալիչները, որոնք մասնակցում են քաղցր, թթու, դառը և աղի համերի ձևավորմանը, տեղադրված են լեզվի պտկիկների համային բողբոջներում և որոշ չափով ցրված են բերանի խոռոչի լորձաթաղանթում։ Քաղցր և թթու համերի զգացողությունը հիմնականում ընկալվում է լեզվի առաջային, առաջակողմնային մակերեսներով և նրա ծայրով, դառը և աղին՝ լեզվի հիմքային մասի գրգռումով։

Բացի համային ընկալիչներից, բերանի խոռոչի լորձաթաղանթում գոյություն ունեն նաև շոշափական, ջերմային և ցավային ընկալիչներ, որոնք ցրված եե բերանի խոռոչի ամբողջ լորձաթաղանթով մեկ։ Համի զգացողությունը կապված է այդ բոլոր ընկալիչների, ինչպես նաև հոտառական ընկալիչների միասնական դրդման հետ։ Բերանի խոռոչի զանազան ընկալիչների գրգռումն ունի մեծ նշանակություն մարսողական օրգանների գործունեության համար, քանի որ այդ պրոցեսը ակտիվացնում է ինչպես թքագեղձերի, այնպես էլ ստամոքսի գեղձերի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, 12-մատնյա աղիքի հյութազատիչ և շարժական ֆունկցիաները։ Այսպիսով, չնայած սնունդը բերանի խոռոչում մնում է ընդամենը 15-18 վրկ, այն նախապատրաստում է հաջորդ բաժինների գործունեությունը և ապահովում սննդի հաջորդական մշակման հետագա փուլերը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին