Մարսողության ընթացքում յուրահատուկ դեր է հատկացվում բարակ աղիքում տեղի ունեցող պրոցեսներին, որտեղ կատարվում է սննդանյութերի վերջնական ապապոլիմերացում և մոնոմերների ներծծում արյան և ավշի մեջ։ Առանձնահատուկ նշանակություն ունեն բարակ աղիքի սկզբնական հատվածում՝ 12-մատնյա աղիքում ընթացող պրոցեսները, որտեղ մարսողությունն իրականացվում է ֆերմենտներով հարուստ ենթաստամոքսային հյութի, լեղու և աղիքի սեփական հյութի հաշվին։ Մարսողությունից դուրս 12-մատնյա աղիքի հյութն ունի թույլ հիմնային ռեակցիա (рН=7,2-8,0): Ստամոքսի թթու պարունակությունը, մտնելով 12-մատնյա աղիք, տեղաշարժում է նրա միջավայրի pH-ը դեպի թթվային կողմը։ Ստամոքսահյութի աղաթթուն այստեղ չեզոքանում է լեղու, ենթաստամոքսային հյութի, ինչպես նաև 12-մատնյա աղիքի լորձաթաղանթի խորշիկներում տեղակայված բրյուներյան և լիբերկյունյան գեղձերի հյութի մեջ գտնվող հիմնային հյութերով։ Ստեղծված հիմնային միջավայրը դադարեցնում է ստամոքսային պեպսինի ազդեցությունը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին