Բարակ աղիքից օրվա ըեթացքոմ 1,5-2 լիտր խյուս զստակույրաղիքային սեղմանի միջոցով անցնում է դեպի կույր աղիք: Սեղմանի ապարատն ունի բարդ կառուցվածք և կատարում է փականի դեր՝ բաց թողնելով աղիքի պարունակությունը միայն մեկ ուղղությամբ: Մարսողությունից դուրս զստակույրաղիքային սեղմանը գտնվում է փակ վիճակում: Սննդի ընդունումից հետո յուրաքանչյուր 1-4 րոպեն մեկ անգամ 0,5-1 րոպե տևողությամբ այն բացվում է և խիմուսը ոչ մեծ բաժիններով (մինչ 15մլ) բարակ աղիքից անցնում է կույր աղիք: Սեղմանի բացումը տեղի է ունենում ռեֆլեքսային ճանապարհով: Գալարակծկանքային ալիքը բարակ աղիքի կողմից ճնշումը բարձրացնում է, որից սեղմանը թուլանում է: Ընդհակառակը, ճնշման բարձրացումը հաստ աղիքում մեծացնում է զստակույրաղիքային սեղմանի լարվածությունն ու արգելակում բարակ աղիքի պարունակության մուտքը դեպի կույրաղիք:

Քանի որ բարակ աղիքում հիմնականում ավարտվում է սննդանյութերի մարսողության ու ներծծման գործընթացը, հաստ աղիքն այդ պրոցեսում էական դեր չի կատարում: Այստեղ հիդրոլիզի են ենթարկվում բարակ և հաստ աղիքի հյութերի ֆերմենտների ազդեցությամբ շատ չնչին քանակի նյութեր: Ստամոքսաղիքային համակարգի այդ բաժնում հիմնականում տեղի է ունենում խիմուսի խտացում ի հաշիվ ջրի ներծծման (օրական մինչև 8 լիտր): Ներծծվում են նաև էլեկտրոլիտները, ջրալույծ վիտամինները, որոշ չափով գլյուկոզը: Այստեղ աղիքային պարունակությունը կուտակվում է և նյութափոխանակության արգասիքների ու ծանր մետաղների աղերի հետ միասին հեռանում օրգանիզմից: Հաստ աղիքի գործունեության մեջ մեծ նշանակություն ունեն այնտեղ բնակվող միկրոօրգանիզմները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին