Սննդի ընդունումից դուրս ստամոքսաղիքային ուղին գտնվում է հարաբերական հանգստի վիճակում։ Սննդի ընդունումը ուժեղ ակտիվացնող ազդեցություն է թողնում նրա մոտակա բաժնի վրա։ Դա արտահայտվում է թքագեղձերի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի հյութազատության ու լեղարտադրության կտրուկ ու կարճատն ուժեղացումով։ Արտաքին և ներքին ընկալչական գրգռիչների ազդեցությամբ գեղձերում կուտակված ֆերմենտներով հարուստ հյութերը արտադրվում են համապատասխան խոռոչները։ Այդ ժամանակ ստամոքսի պատերը թուլանում են և ընդունում են սնունդը, իսկ բարակ աղիքի մոտակա հատվածները շարունակում են հարաբերական հանգստի վիճակը։ Հետագայում հյութազատության ու շարժոսմների ուժգնությունն ու բնույթը փոփոխվում են կարգավորիչ նյարդային և հումորալ ազդեցություններով, հետադարձ կապի սկզբունքով։ Այդ ազդեցությունները ձևավորվում են ստամոքսաղիքային ուղու պարունակության հատկությունների՝ ծավալի, pH-ի, օսմոսային ճնշման, ոչ բավարար մանրացված կտորների առկայության, միջանկյալ և վերջնական նյութերի խտության և այլնի հիման վրա։

Մարսողական  ապարատի  հյութազատիչ և շարժական գործունեության կարգավորման մեջ տարբերում են հետնյալ մեխանիզմները.
1) Նյարդային մեխանիզմ, որն իրականացվում է կենտրոնական և ծայրամասային ռեֆլեքսների միջոցով։ Կենտրոնական (պայմանական և ոչ պայմանական) ռեֆլեքսները կարգավորվում են սննդառական կենտրոնի միջոցով, որը տեղադրված է ԿՆՀ-ի տարբեր մակարդակներում՝ երկարավուն ուղեղում, ողնուղեղում և հիպոթալամոլիմբիկոռետիկուլոկորտիկալ համալիրում։ Այդ ռեֆլեքսների էֆերենտ ուղիները կազմված են սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդաթելերից։ Ստամոքսաղիքային ուղին պարասիմպաթիկ նյարդավորում ստանում է թափառող և կոնքային նյարդերի միջոցով, որոնց կենտրոնները գտնվում են համապատասխանաբար երկարավուն ուղեղում և ողնուղեղի սրբանային բաժնում։ Նրանց ազդեցությամբ մարսողական օրգանների հյութազատիչ և շարժական գործունեությունը ակտիվանում է։ Սիմպաթիկ կենտրոնները գտնվում են ողնուղեղի կրծքային 5-12 ե գոտկային 1-3 հատվածներում։ Սիմպաթիկ նյարդերը մարսողական համակարգի գործունեության վրա թողնում են առավելապես արգելակող ազդեցություն։ 

Սննդառական պայմանական գրգռիչներ են հանդիսանում սննդի տեսքը, հոտը, ընդունման ժամանակն ու պայմանները։ Ոչ պայմանական կամ բնական գրգռիչ է ինքը սնունդը, իսկ հետագայում՝ ստամոքսաղիքային ուղիով անցնող սննդախյուսը։ Ծայրամասային ռեֆլեքսները իրականացնում են օրգանի պատում տեղադրված ներպատային և առպատային նյարդային հյուսակները։ Տարբերում են երկու տիպի հյուսակներ՝ աուերբախյան. և մեյսներյաև։ Առաջինները գտնվում են օրգանի պատի արտաքին և միջին մկանային շերտերի միջև (հետնաբար կոչվում են միջմկանային) և կարգավորում են ստամոքսաղիքային ուղու առավելապես շարժական գործունեությունը։ Երկրորդները՝ ենթալորձայինները, գտնվում են միջին և ենթալորձային մկանային շերտերի միջև և ապահովում են ինչպես շարժական, այնպես էլ հյութազատիչ ֆունկցիաների կարգավորումը։ Ծայրամասային ռեֆլեքսները մեծ դեր ունեն տարբեր կարգավորիչ ազդեցությունների ինտեգրատիվ գործունեության մեջ։

2) Հումորալ մեխանիզմն իրականանում է մարսողական ուղու ներզատիչ բջիջների կողմից արտադրվող պեպտիդային հորմոնների ազդեցությամբ, որոնք կոչվում են ստամոքսաղիքային հորմոններ, էնտերիններ կամ կարգավորիչ պեպտիդներ։ Դրանցից են ինսուլինը, գլյուկագոնը, սոմատոստատինը, անոթաակտիվ աղիքային պեպտիդը (ԱԱՊ), ստամոքսային արգելակող պեպտիդը (ՍԱՊ), պանկրեատիկ պոլիպեպտիդը (ՊՊ), խոլեցիստոկինին-պանկրեոզիմինը և այլն։ Այդ հորմոնների սինթեզը տեղի է ունենում ինչպես կերակրախյոաի (իլիմոա), այնպես էլ սննդանյութերի հիդրոլիզի արգասիքների ազդեցությամբ։ Ստամոքսաղիքային հորմոնները կարգավորում են մարսողական հյութերի տարբեր բաղադրիչների (ջրի, էլեկտրոլիտների, ֆերմենտների) արտազատումը, մարսողական ուղու օրգանների շարժումները, սննդանյութերի ներծծումը։ Հարկ է նշել, որ գոյություն ունի հորմոնների ազդեցության «բագմարժեքականություն», այսինքն միևնույն հորմոնը կարող է տարբեր ձևով ազդել նույն օրգանի զանազան գլանդուլոցիտների կամ մարսողական ուղու տարբեր բաժինների շարժումների վրա։ Դա հիմնականում որոշվում է թիրախ-օրգանի թաղանթային ընկալիչների հատկություններով։ էնտերինային հորմոնները, բացի ստամոքսաղիքային ազդեցություններից, ներգործում են նաև օրգանիզմի այլ համակարգերի վրա՝ սիրտանոթային, ներզատիչ, ԿՆՀ և այլն։Մարսողական ուղու գործունեության հումորալ կարգավորման մեջ մեծ դեր ունեն նաև սննդանյութերի արգասիքները և սննդի մեջ գտնվող որոշ ոչ սպեցիֆիկ նյութեր։

Այսպիսով, մարսողական համակարգի հյութազատիչ և շարժական գործունեության կարգավորումն իրականանում է տարբեր նյարդային (կենտրոնական և ծայրամասային ռեֆլեքսներ) և հումորալ մեխանիզմների փոխներգործությամբ, որոնց մասնակցության աստիճանը ստամոքսաղիքային ուղու տարբեր բաժիններում միանման չէ։ Այսպես, կենտրոնական ռեֆլեքսային մեխանիզմները առավել չափով ներկայացված են համակարգի մոտակա բաժնում և նրանց մասնակցության աստիճանը նրանից հեռանալու հետ նվազում է։ Կարգավորման հումորալ մեխանիզմները առավել արտահայտված են ստամոքսաղիքային ուղու միջին մասերում (ստամոքս-ենթաստամոքսային գեղձ-լեղապարկ- տասներկումատնյա աղիք համալիրում)։ Ծայրային բաժնում (բարակ և հաստ աղիքներում) գերակշռում են կարգավորման տեղային մեխանիզմները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին