Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և դրանից դուրս տեղադրված գեղձերից (թքագեղձեր, լյարդ և ենթաստամոքսային գեղձ), որոնց գեղձազատուկը մասնակցում է մարսողության պրոցեսին: Մարսողությունը մարսողական խողովակի տարբեր հատվածներում սննդի քիմիական և մեխանիկական հաջորդական մշակումն է և ճեղքված վերջնանյութերի ներծծումը: Որպես կենսաբանական բաց համակարգ՝ մարդու օրգանիզմում մարսողական համակարգի դերը շատ մեծ է. նրա միջոցով իրականանում է սննդանյութերի յուրացումը, որը անընդհատ քայքայվող և մահացող կառուցվածքների վերականգնման համար օրգանիզմը ապահովում է անհրաժեշտ էներգիայով և կառուցվածքային նյութով:
Մարսողական համակարգում պայմանականորեն տարբերում են երեք հիմնական բաժին՝ վերին, միջին և ստորինՎերին բաժինն է բերանի խոռոչը՝ իր կառուցվածքային բաղադրամասերով, ըմպանը և կերակրափողը: Այստեղ կատարվում է հիմնականում սննդի մեխանիկական մշակումը:Միջին բաժինն է ստամոքսը, հաստ և բարակ աղիները, լյարդը և ենթաստամոքսային գեղձը: Միջին բաժնում առավելապես կատարվում է սննդի քիմիական մշակումը, ճեղքավորված վերջնանյութերի ներծծումը և կղանքի ձևավորումը: Ստորին բաժինն ուղիղ աղիքի կաուդալ հատվածն է, որը մարսողական խողովակից արտամղում է չմարսված մնացորդները:Մարսողական համակարգի տարբեր հատվածների հյուսվածաբանական կառուցվածքը և հիստոֆիզիոլոգիան հասկանալու համար անհրաժեշտ է ծանոթանալ մարսողական խողովակի հիստոգենեզին և կառուցվածքի ընդհանուր սկզբունքների առանձնահատկություններին:
Հիստոգենեզ: Մարսողական խողովակի էպիթելային ծածկը և գեղձերը զարգանում են էնտոդերմից և էկտոդերմից: Էնտոդերմից ձևավորվում է ստամոքսի, բարակ և հաստ աղիքի մեծ մասի լորձաթաղանթի միաշերտ գլանաձև էպիթելը, ինչպես նաև լյարդի և ենթաստամոքսային գեղձի գեղձային պարենքիման: Սաղմի էկտոդերմայի բերանային և հետանցքային ծոցերից ձևավորվում է բերանի խոռոչի, թքագեղձերի և ուղիղ աղիքի պոչային հատվածի բազմաշերտ տափակ էպիթելը: Շարակցական հյուսվածքի և անոթների զարգացման աղբյուրը մեզենքիման է: Սպլանխնոտոմի ընդերային թերթիկից զարգանում է շճաթաղանթի միաշերտ տափակ էպիթելը (մեզոթել), որը որովայնամզի ընդերային թերթիկն է:Մարսողական համակարգի մանրադիտակային կառուցվածքի ընդհանուր բնութագիրը: Մարսողական խողովակը կազմված է ներքին թաղանթից՝ լորձաթաղանթ (tunica mucosa), ենթալորձային հիմ (tela submucosa), մկանային թաղանթ (tunica muscularis) և արտաքին թաղանթից, որը կամ շճաթաղանթն է (tunica serosa), կամ ադվենտիցիալ թաղանթը (tunica adventitia):
Լորձաթաղանթ: Այս թաղանթը իր անունը ստացել է այն պատճառով, որ նրա մակերեսը մշտապես խոնավանում է գեղձերի արտազատած լորձով: Այն կազմված է երեք թիթեղից՝ էպիթելային, լորձաթաղանթի սեփական թիթեղ (lamina propria muscusae) և լորձաթաղանթի մկանային թիթեղ (lamina muscularis mucosae):Մարսողական խողովակի առջևի և հետին բաժինների էպիթելը բազմաշերտ տափակ է, իսկ միջին բաժնում՝ միաշերտ գլանաձև: Գեղձերը տեղադրված են էնդոէպիթելային (օրինակ՝ գավաթաձև բջիջները աղիներում), էկզոէպիթելային լորձաթաղանթի սեփական թիթեղում (որկոր, ստամոքս), ենթալորձային հիմում (որկոր, տասներկումատնյա աղիք) կամ գտնվում են մարսողական խողովակից դուրս (լյարդ, ենթաստամոքսային գեղձ):Լորձաթաղանթի սեփական թիթեղը փուխր թելակազմ շարակցական հյուսվածք է և գտնվում է էպիթելի տակ, որից անջատված է հիմային թաղանթով: Այստեղ գտնվում են արյունատար և ավշային անոթներ, նյարդային տարբեր լիմֆոիդ հյուսվածքի կուտակումներ: Որոշ բաժիններում (որկոր, ստամոքս) կարող են լինել պարզ գեղձեր:Լորձաթաղանթի մկանային թիթեղը սահմանակից է ենթալորձային հիմին, կազմված է 1–3 շերտից, որոնք էլ ձևավորված են հարթ մկանային բջիջներից: Որոշ բաժիններում (լեզու, լնդեր) հարթ մկանային բջիջները բացակայում են:Լորձաթաղանթի մակերևույթը ամբողջ մարսողական խողովակի երկայնքով միատեսակ չէ: Նրա մակերեսը կարող է լինել հարթ (շրթունքներ, թշեր), կարող է առաջացնել կորություններ (ստամոքսում՝ փոսիկներ, աղիքներում՝ կրիպտաներ), ծալքեր (բոլոր բաժիններում), թավիկներ (բարակ աղիներում):Ենթալորձային հիմ: Կազմված է փուխր թելակազմ շարակցական հյուսվածքից: Ենթալորձային շերտի առկայությունը ապահովում է լորձաթաղանթի շարժունակությունը, ծալքերի առաջացումը: Արյունատար և ավշային անոթները այստեղ առաջացնում են անոթացանցեր: Հանդիպում են նաև լիմֆոիդ հյուսվածքի կուտակումներ և նյարդային ենթալորձային հյուսակներ (plexus submuscosus): Որոշ հատվածներում (որկոր, տասներկումատնյա աղիք) տեղադրված են գեղձեր:
Մկանային թաղանթ: Որպես կանոն կազմված է երկու շերտից՝ ներքին՝ շրջանաձև, և արտաքին՝ երկայնաձիգ: Մարսողական խողովակի առջևի և հետին բաժիններում մկանային հյուսվածքը գլխավորապես միջաձիգ զոլավոր է, միջին բաժնում՝ հարթ: Մկանային շերտերն անջատված են շարակցական հյուսվածքով, որում կան արյունատար և ավշային անոթներ և միջմկանային նյարդային հյուսակներ (plexus nervorum intermuscularis): Մարսողական պրոցեսում մկանային թաղանթի կծկումները նպաստում են սննդի խառնմանը և շարժմանը:
Շճաթաղանթ: Մարսողական խողովակի մեծ մասը ծածկված է շճաթաղանթով՝ որովայնամզի ընդերային թերթիկով: Որովայնամիզը կազմված է մեզոթելից և շարակցահյուսվածքային հիմից, որում տեղադրված են անոթներ և նյարդային տարրեր: Որոշ հատվածներում (որկոր, ուղիղ աղիքի մի մասը) շճաթաղանթը բացակայում է: Այս հատվածներում մարսողական խողովակն արտաքինից ծածկված է ադվենտիցիալ թաղանթով, որը կազմված է միայն շարակցական հյուսվածքից: 
Անոթավորումը: Մարսողական խողովակի պատը անընդհատ, լիառատ մատակարարվում է արյունատար և ավշային անոթներով: Ենթալորձային հիմում զարկերակներն առաջացնում են հզոր ցանցեր, որոնք սերտորեն կապված են լորձաթաղանթի սեփական թիթեղի անոթացանցի հետ: Բարակ աղիներում զարկերակային անոթացանցեր կազմվում են նաև մկանային շերտում: Արյունատար մազանոթների ցանցերը տեղադրված են լորձաթաղանթի էպիթելի տակ (գեղձերի, կրիպտաների, ստամքոսի փոսիկների շուրջը), թավիկների, լեզվի պտկիկների ներսում, մկանային շերտերի մեջ: Երակները նույնպես անոթացանցեր են կազմում ենթալորձային հիմում և լորձաթաղանթում: Զարկերակիկ–երակիկային բերանակցումների առկայությունը մարսողության տարբեր փուլերում ապահովում է արյան հոսքի կարգավորումը մարսողական խողովակի տեղամասերում:Ավշային մազանոթները ցանցեր են առաջացնում էպիթելի տակ, գեղձերի շուրջը և մկանային թաղանթում:Ավշային անոթները ձևավորում են հյուսակներ ենթալորձային հիմի և մկանային թաղանթի, իսկ երբեմն նաև արտաքին թաղանթի համար (որկոր): Ամենամեծ անոթահյուսակները գտնվում են ենթալորձային հիմում:
Նյարդավորումը: Արտատար նյարդավորումը ապահովում են վեգետատիվ նյարդային համակարգի հանգույցները, որոնք տեղավորված են կամ մարսողական խողովակից դուրս (էքստրամուրալ սիմպաթիկ հանգույցներ), կամ էլ նրա պատի հաստության մեջ (ինտրամուրալ պարասիմպաթիկ հանգույցներ): Էքստրամուրալ են վերին պարանոցային, աստղաձև և սիմպաթիկ ցողունի այն հանգույցները, որոնք նյարդավորում են կերակրափողը: Արևային և կոնքային հյուսակների հանգույցները նյարդավորում են ստամոքսը և աղիները: Ինտրամուրալ են միջմկանային, ենթալորձային և ենթաշճային կամ ադվենտիցիալ հյուսակների հանգույցները: Սիմպաթիկ և պարասիմպաթիկ հյուսակների էֆերենտ նեյրոնների աքսոնները նյարդավորում են մկանները և գեղձերը:Աֆերենտ նյարդավորումը իրականացվում է ինտրամուրալ և ողնուղեղային հանգույցների կազմում գտնվող զգացող բջիջների դենդրիտների վերջավորություններում: Նյարդային զգացող վերջավորությունները տեղավորված են մկաններում, էպիթելում, թելակազմ շարակցական հյուսվածքում և նյարդային հանգույցներում: Էֆերենտ վերջավորությունները մարսողական խողովակի պատում բազմավալենտ լինելու դեպքում նյարդավորում են տարբեր հյուսվածքներ՝ նյարդային, շարակցական, ինչպես նաև արյունատար անոթները: Մարսողական խողովակի բոլոր բաժինների լորձաթաղանթի էպիթելում և գեղձերում (հատկապես նրա միջին բաժնում) կան մենավոր ներզատիչ բջիջներ: Նրանց արտադրած կենսաբանական ակտիվ նյութերը՝ նեյրոտրանսմիտերները և հորմոնները, ունեն ինչպես տեղային ազդեցություն՝ կարգավորելով գեղձերի և հարթ մկանների անոթների ֆունկցիան, այնպես էլ օրգանիզմի վրա ընդհանուր ներգործություն:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին