Մակերիկամային գեղձերի միջուկային նյութը սիմպաթոադրենալային համակարգի բաղկացուցիչ մասն է։ Այդ համակարգի բջջային տարրերը սաղմնային զարգացման շրջանում առաջանում են ընդհանուր նեյրոբլաստից և քրոմի միացություններով ներկվելու պատճառով կոչվում են քրոմաֆիններ: Հետնաբար քրոմաֆինային բջիջներ հանդիպում են ոչ միայն մակերիկամների միջուկային նյութում, այլև օրգանիզմի այլ մասերում՝ սիմպաթիկ հանգույցներում, աորտայի վրա, քնային զարկերակների բաժանման տեղում և այլն։ Մակերիկամների միջուկային մասը փաստորեն կարելի է դիտել որպես ձևափոխված սիմպաթիկ հանգույց, որտեղ քրոմաֆինային բջիջները համապատասխանում են հետհանգույցային նեյրոններին, իսկ որպես նախահանգուցային նյարդաթելեր ծառայում են ընդերային նյարդի խոլինէրգիական ճյուղերը։

Մակերիկամների միջուկա յին նյութի քայքայումից կենդանին չի մահանում, քանի որ դրա բացակայությունը փոխհատուցվում է արտամակերիկամային (էքստրամեդուլւար) քրոմաֆինային հյուսվածքի գործունեությամբ։ Ինչպես մակերիկամային (միջուկային), այնպես և արտամակերիկամային քրոմաֆինային հյուսվածքը արտադրում է ադրենալին և նորադրենալին։ Նրանք սինթեզվում են թիրոզին ամինաթթվից և քանի որ կառուցվածքում պարունակում են կատեխոլի (պիրոկատեխինի) կորիզ, նրանց անվանում են կատեխոլամիններ։ Նրանց առաջացման պրոցեսն ընթանում է փուլերով` թիրոզին– ԴՕՖԱ-դոֆամին-նորադրենալին-ադրենալին։ Քիմիական կառուցվածքով նորադրենալինը ապամեթիլացված ադրենալին է։ Ի տարբերություն արտամիջուկային բջիջների, միջուկային բջիջները արտադրում են ավելի շատ ադրենալին, քան նորադրենալին (մարդունը 6:1 հարաբերությամբ)։ Չնայած դրան, հանգստի վիճակում արյան մեջ պարունակվում է համարյա չորս անգամ ավելի նորադրենալին, որը նրա՝ սիմպաթիկ վերջավորություններում արտադրվելու հետևանք է։ Չափահաս մարդու 1լ արյան պլազման պարունակում է 1մկգ կատեխոլամիններ։ Կատեխոլամինները քայքայվում են մոնոամիոօքսիդազով և կատեխոլ-Օ-մեթիլտրանսֆերազով։ Օրվա ընթացքում մեզի միջոցով արտազատվում է մոտ 15 մկգ ադրենալին, 10-40 մկգ նորադրենալին, 100-750 մկգ դոֆամին և 10-110 մկգԴՕՖԱ։ Մեզի միջոցով նրանց արտազատման որոշումը ադեկվատ մեթոդ է կլինիկայում սիմպաթոադրենալային համակարգի վիճակը գնահատելու համար։
Վերջերս ցույց է տրված, որ մակերիկամների միջուկային նյութի բջիջներում բացի նորադրենալինից ու ադրենալինից արտադրվում են նաև ստամոքսաղիքային ուղու և ԿՆՀ-ի պեպտիդներին բնորոշ պեպտիդներ` Р նյութ, ԱԱՊ սոմատոստատին և այլն։ Քրոմաֆինային բջիջներից կատեխոլամինների հյութազատության մեխանիզմը նման է նյարդամկանային սինապսում միջնորդանյութի հյութազատության էլեկտրահյութազատական մեխանիզմին և իրականանում է կալցիումի իոնների, կալմոդուլինի և հատուկ սպիտակուցի` սինեկսինի պարտադիր մասնակցությամբ։ Սինեկսինը նպաստում է հորմոնների հատիկների միացքավորմանը և նրանց կապմանը թաղանթային ֆոսֆոլիպիդների հետ։
Ընդհանուր ֆունկցիոնալ առումով կատեխոլամինները միջավայրի արտակարգ գրգռիչների ազդեցությանը արագ հարմարվելու հորմոններ են։Ուստի մակերիկամների քրոմաֆինային հյուսվածքից զրկված կենդանիները նվազ դիմացկուն են նման ազդեցությունների նկատմամբ և մահանում են ավելի հաճախ, քան առողջ կենդանիները։
Կատեխոլամինների ֆիզիոլոգիական ազդեցությունները պայմանավորվում են թիրախօրգանների բջջային թաղանթների վրա տեղադրված իրենց ընկալիչների հատկություններով։ Գոյություն ունեն ադրենալինի և նորադրենալինի երկու տեսակի ընկալիչներ α և β-ընկալիչներ։ Նրանցից յուրաքանչյուրն ըստ դեղաբանական պատրաստուկների խնամակցության բաժանվում է αr, αr, βr, β2-ընկաչիչների: Ընկալիչների նման բազմազանությունը վկայում է տարբեր օրգանների վրա կատեխոլամինների բարձր մասնագիտացված ազդեցության մասին։ Ընդհանուր առմամբ α-ադրենընկալիչների դրդման ժամանակ թիրախ-օրգանները առավելապես պատասխանում են դրդումով (անոթների նեղացումով, արգանդի մկանունքի կծկումով), իսկ β–ընկալիչների դրդման դեպքում` արգելակումով (անոթների լայնացում, բրոնխների և անոթների հարթ մկանների թուլացում և այլն)։ Սակայն սրտամկանի β-ընկալիչների դրդումն առաջացնում է սրտի կծկումների հաճախացում, որի հետ կապված նրանք դասվում են βr- ընկալիչների թվին, իսկ բրոնխների հարթ մկանների β-ընկալիչները β2-ըևկալիչների ենթախմբին։
Ադրենալինն իր ազդեցությունը ցուցաբերում է այդ երկու տեսակի ընկալիչների միջոցով, իսկ նորադրենալինը գլխավորապես α-ընկալիչների: Հետնաբար նշված կատեխոլամինների վերջնական ազդեցությունները որոշվում են թիրախ-օրգանների այս կամ այն ընկալիչների քանակով։ Հորմոնալ ազդեցությունն իրականացվում է ցԱՄՖ-կախյալ մեխանիզմով։ Ընդ որում, β-ադրենընկալիչների դրդումը հանգեցնում է ցԱՄՖ-ի առաջացման ուժեղացման, իսկ α-ադրենընկալիչների խթանումը նրա փոքրացման։Այսպիսով, թիրախ-օրգանների մակարդակում կատեխոլամին-ընկալչական փոխազդեցությունը որոշում է նրանց պատասխան ռեակցիաների առանձնահատկությունները։
Կատեխոլամինների ֆիզիոլոգիական ազդեցությունները բազմազան են։ Թողնելով արտահայտված նյութափոխանակային ազդեցություն` նրանք նպաստում են ստրեսային իրավիճակներում օրգանիզմի էներգիական պաշարների մոբիլիզացիային։ Այսպես, նրանց ազդեցությամբ ուժեղանում է գլիկոգենի քայքայումը լյարդում է մկաններում ակտիվանում են գլուկոնեոգենեզի պրոցեսները, ընդ որում այդ ազդեցությունները առաջացնում է հիմնականում ադրենալինը։ Ադրենալային գերշաքարարյունությունը հետևանք է լյարդում գլիկոգենի մինչև գլյուկոզի քայքայման։ Մկանների գլիկոգենն այդ ազդեցությանը չի մասնակցում, քանի որ այն ճեղքվում է ոչ թե գլյուկոզի, այլ մինչև կաթնաթթվի։ էներգիական նյութերի լրացումն իրականացվում է երկու կատեխոլամինների ազդեցությամբ լյարդում և ճարպային հյուսվածքում ճարպերի ու սպիտակուցների քայքայման պրոցեսների ակտիվացման հաշվին։ Այդ ազդեցությունները վերջին հաշվով ուղղված են թերշաքարայունության կանխմանը և օրգանիզմն էներգիայի հիմնական աղբյուրով` գլյուկոզով ապահովելուն։
Միևնույն ժամանակ արյան մեջ գլյուկոզի մակարդակի իջեցումը կտրուկ ակտիվացնում է կատեխոլամինների արտադրությունը մակերիկամներում, որը գլյուկագոնի հետ միասին վերացնում է թերշաքարարյունությունը։ Դրան նպաստում են նաև ինսուլինի հյութազատության և նրանից կախված պրոցեսների զուգահեռ ճնշումը կատեխոլամինների կողմից։ Գլյուկոզի մակարդակի բարձրացման այդ մեխանիզմը սկսում է գործել տարբեր ստրեսային իրավիճակներում։ Ամբողջությամբ ադրենալինի նկարագրված մետաբոլիկ ազդեցությունները հակառակ են ինսուլինին, ուստի ադրենալինը անվանում են հակաինսուլինային հորմոն։
Ադրենալինի ֆունկցիոնալ ազդեցությունները նույնպես բազմապիսի են։ Այն մեծացնում է սրտային կծկումների հաճախությունը, բարձրացնում սրտամկանի հաղորդականությունը, նեղացնում է մաշկի և ներքին օրգանների մանր զարկերակներն ու զարկերակիկեերը (բացառությամբ սրտի և գլխուղեղի անոթների)՝ բարձրացնելով զարկերակային ճնշումը, ընկճում է ստամոքսաղիքային ուղու հարթ մկանների կծկումները, թուլացնում միզապարկի և բրոնխների մկանները (բրոնխների լուսածերպի լայնացումով), ուժեղացնում է ծիածանաթաղանթի մկանի կծկումը (բբի լայնացումով), բարձրացնում է նյարդային համակարգի, ինչպես նաև տարբեր ընկալիչների դրդունակությունը (ազդանշանների ընկալման լավացումով), բարձրացնում է մկանների աշխատունակությունը, ուժեղացնում հյուսվածքների կողմից թթվածնի օգտագործումը, խթանում ադենոհիպոֆիզի հորմոնների, ինչպես նաև երիկամներում ռենինի հյութազատությունը, փոքրացնում միզագոյացումը։
Նորադրենալինի ֆունկցիոնալ ազդեցությունը որոշ չափով տարբերվում է ադրենալինի ազդեցությունից։ Այսպես, նորադրենալինը կծկում է առավելապես զարկերակիկների հարթ մկանային բջիջները զարկերակային (սիստոլային) ճնշման բարձրացումով, իսկ պսակային անոթները, ադրենալինի նման, լայնացնում է։ Ի տարբերություն ադրենալինի, որը բարձրացնում է միայն սիստոլային ճնշումը, նորադրենալինը բարձրացնում է նաև դիաստոլային ճնշումը։ Ստամոքսաղիքային ուղու, միզապարկի հարթ մկանների, ինչպես նաև բիբը լայնացնող մկանի վրա նորադրենալինը գրեթե չի ազդում։ Նորադրենալինի նյութափոխանակային ազդեցությունները ադրենալինի համեմատությամբ նույնպես նվազ են արտահայտված:
Ամփոփելով վերը շարադրվածը կարելի է եզրակացնել, որ կատեխոլամինները կարևորագույն դեր են խաղում սիրտանոթային համակարգի գործունեության, նյութափոխանակության, հարթ մկանների լարվածության պահպանման և հարմարողական ռեակցիաների ապահովման մեջ։ Կատեխոլամինների այս դերը առանձնահատուկ մեծանում է օրգանիզմի արտակարգ ռեակցիաներ պահանջող իրավիճակներում։
Մակերիկամների կողմից կատեխոլամինների արտադրության կարգավորումն իրականանում է հիմնականում նյարդային ռեֆլեքսային մեխանիզմով, որի էֆերենտ օղակը մեծ ընդերային նյարդի նյարդաթելերն են։ Տվյալ ռեֆլեքսային աղեղի կենտրոնական օղակը գտնվում է ողնուղեղի կողմնային եղջյուրների սիմպաթիկ կենտրոններում և ենթատեսաթմբում։ Արտաքին և ներքին ընկալիչներից սկսվող այդ ուղիով է իրականանում տարբեր ազդեցությունների ժամանակ մակերիկամների կողմից կատեխոլամինների արագ ռեֆլեքսային հյութազատումը։ Դա ապացուցվում է մակերիկամների կողմից կատեխոլամինների արտադրության ուժեղացումով ընդերային նյարդի գրգռման և՝ զգալի թուլացումով նրա հատման ժամանակ։ Այն հանգամանքը, որ ընդերային նյարդի հատման դեպքում կատեխոլամինների արտադրությունը մասամբ պահպանվում է, և ավելին, այն փոփոխվում է ուղղակի հումորալ ազդեցությունների դեպքում, վկայում է նրանց արտադրության նաև հումորալ մեխանիզմի առկայության մասին։ Կատեխոլամինների արտադրության հումորալ խթանիչի դեր են կատարում թերշաքարարյունությունը, ինսուլինի, ացետիլխոլինի, կորտիկոստերեոիդների և այլ նյութերի ազդեցությունները։
Ելնելով վերը շարադրվածից` կարելի է ասել, որ նյարդային համակարգի դրդումով և միջավայրի արտակարգ պայմաններին արագ հարմարվելու անհրաժեշտությամբ ուղեկցվող բոլոր իրավիճակներում առաջին հերթին սկսում են գործել սիմպաթոադրենալային համակարգի, այդ թվում նաև, միջուկային քրոմաֆինային բջիջների համակարգի ակտիվացման մեխանիզմները։ Փաստորեն սիմպաթոադրենալային համակարգն ապահովում է օրգանիզմի պատրաստականությունը ակտիվ շարժողական գործողություններ պահանջող պաշտպանական ռեակցիաներին։ Այդ պատրաստականությունը արտահայտվում է սիրտանոթային համակարգի ֆունկցիաների ուժեղացումով, ստամոքսաղիքային ուղու գործունեության արգելակումով, կմախքային մկանների արյունամատակարարման և հյուսվածքների ներգամատակարարման ուժեղացումով։ Ուստի, Կեննոնի պատկերավոր արտահայտությամբ, կատեխոլամինները «պայքարի ու փախուստի հորմոններ են»։ Կենդանիների աշխարհում կատեխոլամինների նման նշանակությունը գոյության կռվում առաջնահերթ է։ Մարդու կյանքում այդ մեխանիզմը կարևոր դեր է խաղում օրգանիզմի տարբեր բեռնվածքների կատարմանը նախապատրաստվելու,  մարզիկների  նախամեկնարկային նախապատրաստության և այլ վիճակների ժամանակ։
Օրգանիզմի հարմարողական ռեակցիաներին և համապատասխանաբար նրա ներքին միջավայրի հաստատունության պահպանմանը կատեխոլամինների մասնակցությունն ապահովվում է նախ հարմարողական երկրորդ կարևորագույն` ենթատեսաթմբահիպոֆիզա-մակերիկամային համակարգը խթանելու նրանց ընդունակությամբ։
Այսպիսով, անատոմիորեն որպես միասնական ներզատական օրգան միավորված մակերիկամների կեղևը և միջուկային մասը իրենց արտադրած կորտիկոստերոիդներով և կատեխոլամիններով ապահովում են հաջորդաբար գործող ֆունկցիոնալ ազդեցությունների իրականացումը ուղղված վերջին հաշվով արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ օրգանիզմի կայունության ոչ սպեցիֆիկ բարձրացմանը (տես ստորև՝ սթրես կամ ընդհանուր հարմարողական համախտանիշ)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին