Մակերիկամների կեղևի ֆունկցիաները: Մակերիկմները զույգ գոյացություններ են` կազմված կեղևային և միջուկային մասերից, ընդ որում կեղևային մասն ունի մեզոդերմային, իսկ միջուկայինը նյարդային ծագում։ Նրանցից յուրաքանչյուրը կատարում է ինքնուրույն ներզատիչ գեղձի ֆունկցիա՝ իրենց գործունեության կարգավորման իրարից անկախ մեխանիզմներով։ Ի տարբերություն միջուկային մասի, որը չի ենթարկվում հիպոֆիզի ուղղակի կարգավորիչ ազդեցությանը, կեղևային մասը գտնվում է կորտիկոլիբերին-ԱԿՏՀ համակարգի անմիջական սպեցիֆիկ հսկողության տակ։

Կեղևային մասը կատարում է բազմապիսի ֆունկցիաներ, որը պայմանավորված է նրա կառուցվածքի ու արտադրված հորմոնների ազդեցության առանձնահատկություներով։ Այն կազմված է երեք գոտիներից՝ արտաքին՝ կծիկային, միջին` խրձային և ներքին` ցանցային, որոնք արտադրում են ստերոիդային ծագման հորմոններ սրանք ընդհանուր անունով կոչվում են կորտիկոստերոիդներ կամ կորտիկոիդներ։ Կորտիկոիդների սինթեզի պրոցեսում առաջանում են մոտ 50 կենսաբանական ակտիվ միացություններ, սակայն նրանցից միայն մի քանիսն են (5-6) ակտիվ հորմոնների ձևով անցնում արյան մեջ։ Ըստ ֆիզիոլոգիական ազդեցությունների կորտիկոստերոիդները բաժանվում են երեք խմբի հանքակորտիկոիդների, գլյուկոկորտիկոիդների և անդրո– ու էստրոգենային ակտիվության ստերոիդների։ Նախքան կորտիկոստերոիդների բացառիկ բազմակողմանի ազդեցությունների շարադրումը, անհրաժեշտ է նշել մակերիկամների կեղևի կարևոր կենսական դերը։ Ի տարբերություն միջուկային մասի, մակերիկամների կեղևի հեռացումը մի քանի օր անց հանգեցնում է նյութափոխանակութան համարյա բոլոր ձևերի խիստ խանգարման, ադինամիայի և կենդանու մահացման, որը հիմնականում հանքակորտիկոիդների անբավարարության արդյունք է։

Հանքակորտիկոիդները անմիջական ազդեցություն են թողնում հանքային և նրա հետ կապված ջրաաղային փոխանակության վրա, որտեղից և ստացել են իրենց անվանումը։ Այդ խմբի իսկական հորմոնը ալդոստերոնն է։ Նրանից բացի բավականին ուժեղ հանքակորտիկոիդային ազդեցություն ունեն դեզօքսիկորտիկոստերոսը, որը ստերոիդ հորմոնների փոխանակության միջանկյալ արգասիք է, և աննշան չափով նաև գլյուկոկորտիկոիդները։ Ալդոստերոնն առաջանում է մակերիկամի կեղևի կծիկային գոտում և մասնակցում է արյան պլազմայում Na-ի և K-ի մակարդակի կարգավորմանը։ Հորմոնի ազդեցության հիմնական թիրախը Հենլեի կանթի վերընթաց ծունկն է և նեֆրոնի հեռադիր խողովակիկները, որտեղ այն ուժեղացնում է նատրիումի հետներծծումը, ինչպես նաև կալիումի ու ջրածնի իոնների (պրոտոնների) հյութազատությունը (արտագաղթությունը) առաջնային մեզից։ Ալդոստերոնի նման ազդեցության հիմքում ընկած է թիրախ բջիջներում իոնափոխանակային, սպիտակուցների ու ֆերմենտների սինթեզի ու ակտիվության ուժեղացման մեխանիզմը։.

Մասնավորապես հաստատված է, որ հորմոն-ընկալիչ համալիրը սկզբում մակածում է թաղանթի յուրահատուկ նատրիումփոխադրող սպիտակուցների (պերմեազ) ակտիվությունը և սինթեզը։ Այեուհետև նատրիումի իոնները կապվում են այդ փոխադրիչի հետ և խտության գրադիենտով, թաղանթի սպեցիֆիկ նատրիումական անցուղիներով առաջնային մեզից թափանցում են բջջի ներսը։ Միաժամանակ (ըստ որոշ տվյալների, նաև ավելի շուտ) բջջի հակառակ` միջբջջային տարածության հետ սահմանակցող կողմում երիկամի պարենքիմում մեծանում է Na+, K+- ԱԵՖ-ազի սինթեզն ու ակտիվությունը, ԱԵՖ-ի ճեղքումը, որի քայքայման էներգիան ապահովում է նատրիումի իոնների արտազատումը բջջից միջբջջային տարածություն և ապա` արյուն։ Նատրիումի իոնների ակտիվ փոխադրումն ուղեկցվում է նրանց հետևից քլորի և ջրի իոնների պասիվ հետներծծումով, ինչպես նաև արյունից մեզի մեջ կալիումի իոնների ակտիվ արտահանումով։ Միաժամանակ ուժեղանում է ջրածնային իոնների և ամոնիակի արտահանումը, որը վերջին հաշվով բերում է արյան ծավալի մեծացմանը և նրա ռեակցիայի տեղաշարժմանը հիմնային կողմը։ Նույն ձևով հորմոնն ազդում է միզապարկի պատի, ինչպես նաև քրտնագեղձերի, ճարպագեղձերի, աղիքային և այլ գեղձերի արտատար ծորանների էպիթելային բջիջների վրա։ Արյան անոթների պատի բջիջներում, կմախքային և սրտի մկանի միոցիտներում, հեպատոցիտներում հորմոնը նպաստում է նատրիումի ու ջրի փոխադրմանը բջջի ներս և կալիումի արտահանմանը։

Այսպիսով, հանքակորտիկոիդները նատրիումը և ջուրը պահող, ինչպես նաև կալիումամուղ հորմոններ են։ Նրանց գերարտադրությունը, ինպես նաև արտաքին միջավայրից ներմուծումն ուժեղացնում է բորբոքային պրոցեսները և իմանային ռեակցիաները, որի հետ կապված նրանց անվանում են նաև նախաբորբոքային հորմոններ։ Նատրիումի ու ջրի կապումը, կալիումի ու ջրածնի իոնների կորուստն ուղեկցվում են հյուսվածքների այտուցով, գերճնշումով, նյարդային համակարգի, կմախքային մկանների ու սրտամկանի դրդունակության բարձրացումով։ Հակառակ պատկեր մահացու ելքով դիտվում է հանքակորտիկոիդների անբավարարության (բացակայության) ժամանակ։ Ալդոստերոնի արտադրությունը կարգավորվում է մի քանի մեխանիզմներով։ Նրանցից կարևորագույնը ռենին-անգիոտենզինային մեխանիզմն է, որի դեպքում ռենինի ազդեցությամբ առաջացող անգիոտենզին-11-ը խթանում է հորմոնի արտադրությունը։ Այդ երեք նյութերի ֆունկցիոնալ փոխազդեցությունը հիմք է հանդիսացել նրանց համախմբելու ռենին-աևգիոտենզին-ալդոստերոնային համակարգ (ՌԱԱՀ) անվան տակ, որն օրգանիզմի ջրաաղային հաշվեկշռի ու հեմոդինամիկայի պահպանման հիմնական համակարգն է։ Հորմոնի արտադրության բարձրացման մյուս մեխանիզմը ԱԿՏՀ-ի ազդեցությունն է; Սակայն այս դեպքում արդյունքը թույլ է։ Եվ վերջապես, երրորդ մեխանիզմը ալդոստերոնի արտադրության ինքնակարգավորումն է հետադարձ բացասական կապի սկզբունքով, որի ժամանակ արյան մեջ Na+ անբավարարությունն ու K-ի ավելցուկը ուղղակի ազդում են կծիկային գոտու բջիջների վրա և ակտիվացնում են հորմոնի արտադրությունը։ Կան տվյալներ նաև այլ մեխանիզմների` կինինային, պրոստագլանդինային, նատրիումուրետիկ և այլն գոյության մասին։ Այսպես, նախասրտերի նատրիումուրետիկ հորմոնը (ատրիոպեպտին) ալդոստերոնի անտագոնիստն է. երիկամների խողովակներում նատրիումի հետներծծման թուլացման հետ միասին այն արգելակում է ալդոստերոնի արտադրությունն ու ազդեցությունը։

Գլյուկոկորտիկոիդներ։ Կորտիզոլը (հիդրոկորտիզոն) և կորտիկոստերոնը արտադրվում են մակերիկամների կեղևի խրձային գոտում և բացառիկ լայն ազդեցություն են թողնում օրգանիզմի համարյա բոլոր փոխանակային պրոցեսների և ֆունկցիաների վրա։ Ֆիզիոլոգիական ամենամեծ ակտիվությամբ օժտված է կորտիզոլը, որի արտադրությունը համարյա 8-10 անգամ բարձր է մյուսներից։ Նրանք իրենց անվանումը ստացել են ածխաջրատային փոխանակության վրա թողած հզոր ազդեցության և գլյուկոնեոգենեզի՝ ամինաթթուներից և ճարպաթթուներից գլյուկոզի առաջացման, ինչպես նաև հյուսվածքներում գլյուկոզի օգտագործումը ընկճելու ճանապարհով արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնելու հատկության հետ կապված։ Այսինքն` ածխաջրատային փոխանակության վրա թողած նրանց ազդեցությունն ընդհանուր գծերով հակառակ է ինսուլինին, որից ելնելով նրանց անվանում են հակաինսուլինային հորմոններ։ Այդ հորմոնների հակաինսուլինային ազդեցությունը, ինչպես նաև ինսուլինի նկատմամբ հյուսվածքների զգայնությունն իջեցնելու ընդունակությունը կարող է պայմանավորել կորտիկոիդային շաքարային դիաբետի զարգացումը։

Ամբողջությամբ գլյուկոկորտիկոիդների ազդեցությամբ կատարվող նյութափոխանակման տեղաշարժերը բնութագրվում են սպիտակուցների ու ճարպերի քայքայման (կատաբոլիզմի) ուժեղացումով և նրանց սինթեզի արգելակումով։ Այդ նյութերի քայքայման արգասիքները՝ ամինաթթուներն ու ճարպաթթուները, օգտագործվում են մի կողմից որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր, տնտեսելով ածխաջրատների պաշարները, մյուս կողմից՝ ըեդգրկվում են լյարդում գլյուկոնեոգենեզի ու գլիկոգենի սինթեզի պրոցեսներում։ Անհրաժեշտ է, սակայն, նշել, որ չնայած հյուսվածքների մեծ մասում (մկանային, ճարպային, շարակցական, մաշկ, ավշային համակարգ) սպիտակուցների սինթեզի արգելակման և նրանց ինտենսիվ քայքայման հետևանքով օրգանիզմում զարգացող ազոտային բացասական հաշվեկշռին, որոշ հյուսվածքներում (լյարդ) այնուամենայնիվ գլյուկոկորտիկոիդներն ուժեղացնում են ֆերմենտների ու սպիտակուցների, ինչպես նաև պլազմայի ալբումինների սինթեզը։ Կապված այդ բանի, ինչպես նաև լյարդում գլյուկոնեոգենեզի ու գլիկոգենեզի ակտիվացման հետ, լյարդը կարող է նույնիսկ գերաճել։

Այսպիսով, գլյուկոկորտիկոիդների հիմնական ազդեցությունը օրգանիզմի էներգիական պաշարների մոբիլիզացիան է (հավաքագրումը)։ Գլյուկոկորտիկոիդներն օժտված են արտահայտված հակաբորբոքային ազդեցությամբ` փոքրացնում են մազանոթների թափանցելիությունը, արգելակում էկսուդացիան, իջեցնում են ֆագոցիտոզի ինտենսիվությունը։ Այդ պատճառով նրանք կոչվում են հակաբորբոքային կորտիկոիդներ։ Այդ հատկությունը լայնորեն օգտագործվում է տարբեր բորբոքային պրոցեսների (ռևմատիզմ, խրոնիկական թոքաբորբ և այլն) բուժման նպատակով։ Գլյուկոկորտիկոիդները ընկճող ազդեցություն են թողնում իմունային պրոցեսների վրա։ Նրանք առաջացնում են ուրցագեղձի հետաճում, ավշային հանգույցների զգալի փոքրացում և դատարկում։ Գլյուկոկորտիկոիդների ազդեցությանը բնորոշ են էոզինոպենիան և լիմֆոպենիան, ինչպես նաև նեյտրոֆիլների քանակի շատացումը։ Գլյուկոկորտիկոիդների իմունընկճիչ ազդեցությունը արտահայտվում է Т և В լիմֆոցիտների արտադրության իջեցումով, հակամարմինների առաջացման, գերզգայնաթյան և սենսիբիլիզացիայի պրոցեսների ընկճումով, իմունաբանական հսկողության համակարգի ակտիվության ընդհանուր իջեցումով։ Այդ հատկությունները հիմք հանդիսացան գլյուկոկորտիկոիդները ալերգիկ հիվանդությունների բուժման մեջ կիրառելու, ընդունորդների (ռեցիպիենտների) պատվաստված օրգանների ու հյուսվածքների անջատումը ճնշելու համար։

Գլյուկոկորտիկոիդների ազդեցությամբ իմանային կարգավիճակի ճնշումը մեծացնում է ուռուցքային պրոցեսի զարգացման հնարավորությունը, քանի որ օրգանիզում անընդհատ առաջացող ուռուցքային բջիջները չեն կարող արդյունավետ քայքայվել ու հեռացվել։ Վերքերի ապաքինման վրա գլյուկոկորտիկոիդների թողած հայտնի արգելակիչ ազդեցությունը հետևանք է ֆիբրոբլաստների աճի ու կոլագենի արտադրման, ինչպես նաև շարակցական հյուսվածքը ձևավորող հիմնական կառուցվածքային բաղադրիչների՝ թթու մակոպոլիսախարիդների սինթեզի վրա նրանց ճնշող ներգործության։ Գլյուկոկորտիկոիդների կարևոր հատկություններից մեկը նրանց հեշտացնող ազդեցությունն է կատեխոլամինների վրա։ Նրանք բարձրացնում են ադրենընկալիչների զգայնությունն ադրենալինի և նրա ածանցյալների նկատմամբ, որն ուղեկցվում է զարկերակիկների սեղմումով, կատեխոլամինների հիպերգլիկեմիկ և ճարպամոբիլիզացնող ազդեցության ուժեղացումով։ Քստ երևույթին, գլյուկոկորտիկոիդների այդ հատկությամբ է պայմանավորվում ռիթմախանգարի զարգացումը, միկրոշրջանառության խանգարումը, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության առաջացումը օրգանիզմի վրա արտակարգ գրգռիչների ազդեցության պայմաններում։ Ստամոքսում խոցերի առաջացումը կապված է նաև գլյուկոկորտիկոիդների ազդեցությամբ աղաթթվի և պեպսինի հյութազատության ուժեղացման հետ։ Գլյուկոկորտիկոիդներն զգալի ազդեցություն են թողնում նյարդային համակարգի վրա։ Նրանք բարձրացնում են զգայարանների զգայնությունը (հոտառական, համի և այլ ազդանշանների ընկալումը), նյարդային համակարգի դրդունակությունը (էյֆորիա, անքնություն և այլն), տեղեկատվությունը մշակելու ընդունակությունը։

Անհրաժեշտ է նշել նաև գլյուկոկորտիկոիդների հանքակորտիկոիդային ազդեցությանը, որը հստակ արտահայտվում է նրանց բարձր խտությունների դեպքում։ Ցածր խտությունների դեպքում նրանք թողնում են հակառակ ազդեցությունը կծիկային ֆիլտրացիայի ուժեղացման և ՀՄՀ-ի արտադրության ճնշման հաշվին։ Բարձր խտություններով գլյուկոկորտիկոիդները առաջացնում են ոսկրերի կրացում, օստեոպորոզ, աղիքների կողմից կալցիումի ներծծման թուլացում և կորուստ մեզի միջոցով, այսինքն նրանք ազդում են որպես վիտամին D3 -ի անտագոնիստ։
Գլյուկոկորտիկոիդների գերարտադրության կլինիկական արտահայտությունը Իցենկո-Կուշինգի համախտանիշն է (համանման այն պատկերին, որը դիտվում է Իցենկո-Կուշինգի հիվանդության ժամանակ, այսինքն` հիպոֆիզի կողմից ԱԿՏՀ-ի գերարտադրության դեպքում), ադինամիայի, գերշաքարարյունության, օստեոպորոզի, գերճնշման, էոզինոպենիայի, լիմֆոպենիայի, ԿՆՀ-ի գերգրգռվածության և այլ դրսևորումներով, որոնք բնորոշ են նրանց ազդեցությանը։ Հակառակ պատկերը (հիպոգլիկեմիա, հիպոտոնիա, էոզինոֆիլիա և այլն) դիտվում է գլյուկոկորտիկոիդների անբավարար արտադրության ժամանակ։

Գլյուկոկորտիկոիդների արտադրությունը կարգավորվում է ԱԿՏՀ-ով, որի արտադրությունը գտնվում է կորտիկոլիբերինի հսկողության տակ։ Վերջինիս արտադրությունը իր հերթին կախված է ԿՆՀ-ի տարբեր բաժինների (լիմբիական կառույցներ, կեղև, տեսաթումբ, ցանցանման գոյացություն, ուղեղի ադրեներգիկ կառույցներ) ուղղակի և միջնորդված ազդեցություններից։ ԱԿՏՀ-ն արյան միջոցով հասնելով խրձային գոտու բջիջներին՝ պեպտիդային հորմոններին բնորոշ մեխանիզմով խթանում է գլյուկոկորտիկոիդների սինթեզի ու արտահանման ողջ կենսաքիմիական պրոցեսը։ Այդ պրոցեսում կարևոր դեր են խաղում կալցիումի իոնները, որոնք նպաստում են հորմոնի ազդեցության բոլոր փուլերի իրականացմանը (խոլեստերինի ընկալում և փոխադրում բջջի մեջ, ստերոիդների սինթեզ և արտահանում)։ Արյան մեջ գլյուկոկորտիկոիդների քանակի բարձրացումը հետադարձ բացասական կապի սկզբունքով արգելակում է ինչպես ԱԿՏՀ-ի հյութազաւրությունը հիպոֆիզում, այնպես և կորտիկոլիբերինի արտադրությունը ենթատեսաթմբում և ընդհակառակը։ Գա, այսպես կոչված, երկար հետադարձ կապ է։ Գոյություն ունի նաև կարճ հետադարձ կապ, երբ ինքը ԱԿՏՀ-ն է արգելակում կորտիկոլիբերինի արտադրությունը։ Անհրաժեշտ է նշել, որ հորմոնի ազդեցությանը ավելի զգայուն են ենթատեսաթմբային գոտիները, որն ընդգծում է նրանց առաջատար դերը համակարգի ինքնակարգավորման մեջ։

Կորտիկոլիբերին-ԱԿՏՀ-գլյուկոկորտիկոիդներ համակարգի աշխատանքին բնորոշ է ռիթմիկությունը նրանց առավելագույն արտադրությունը դիտվում է առավոտյան ժամերին (6-8-ին), իսկ նվազագույնը 18-23 ժամերի միջև։ Կորտիկոլիբերինի, ԱԿՏՀ-ի և գլյուկոկորտիկոիդների արտադրությունը կարելի է շրջափակել y-ամինակարագաթթվով (ԳԱԿԹ), էպիֆիզի մելատոնինով, էնդոգեն օպիատներով։ Կորտիկոլիբերին - ԱԿՏՀ - գլյուկոկորտիկոիդներ համակարգի արգելակումը հետադարձ կապի սկզբունքով կարող է կատարվել նաև ածխաջրատների (գլյուկոզ), ճարպերի (ճարպաթթուներ) և սպիտակուցների (ամինաթթուներ) փոխանակության արգասիքներով, որոնք գոյանում են նույն գլյուկոկորտիկոիդների ազդեցությամբ։
Գլյուկոկորտիկոիդների ֆիզիոլոգիական ազդեցությունների այսպիսի մանրամասն շարադրումը բացատրվում է սովորական և արտակարգ գրգռիչների ազդեցության պայմաններում  օրգանիզմի կենսականորեն կարևոր ֆունկցիաների ապահովման գործում նրանց նշանակալից դերով։ Բացի այդ հիմնական մեխանիզմներից, գլյուկոկորտիկոիդների արտադրության ակտիվացում կարող են առաջացնեք ացետիլխոլինը, սերոտոնինը, ինչպես նաև տարբեր ստրեսորներ։

Անդրոգենային, էստրոգենային և պրոգեստերոնային ակտիվությամբ կորտիկոստերոիդներ։ Երկու սեռի անհատների մակերիկամների կեղևի ցանցային գոտում առաջանում են ինչպես իգական, այնպես և հիմնականում արական սեռական հորմոնների ստերեոիդային նմանակների համեմատաբար աննշան քանակներ։ Նրանց արտադրությունը երկու տարբեր ներզատիչ օրգաններում (մակերիկամներ և սեռական գեղձեր) արդյունք է նրանց սաղմնային ընդհանուր ծագման, միակ նախանյութից   (խոլեստերոլ,   պրեգնանոլոն) սինթեզվելու, ինչպես նաև այդ հյուսվածքների բջիջներում անդրոգեն կամ էստրոգեն ստերոիդների արտադրության հնարավոր առավելությունը բնորոշող ֆերմենտների կոնկրետ հավաքակազմի առկայության։ Աևդրոգենայիև ազդեցությամբ օժտված սեռական ստերոիդներին են պատկանում անդրոստերոնը, դեհիդրոէպիանդրոստերոնն ու 11-օքսիանդրոստենդիոնը: Նրանք ֆիզիոլոգիական ակտիվությամբ օժտված չեն, սակայն կարող են փոխակերպվել հորմոնների ակտիվ ձևի (տեստոստերոն) ու ազդեցություն թողնել արական սեռական օրգանների և երկրորդական սեռական հատկանիշների ձևավորման վրա։

Անդրոգենային էֆեկտների հետ միասին նրանք հզոր անաբոլիկ ազդեցություն են թողնում (ուժեղացնում են սպիտակուցների սինթեզը) տարբեր հյուսվածքների (մկաններ, երիկամներ, արգանդ, մաշկ, որսկորներ, յլարդ)վրա նպաստում են տղամարդուն բնորոշ կմախքի և մազածածկույթի ձևավորմանը։ Հետաքրքրական է, որ անդրոգեն ստերեոիդները զգալի քանակով արտադրվում են արական սեռի պտուղների օրգանիզմում սաղմնային զարգացման շրջանում, որը ինչպես ենթադրում են, հակազդում է մոր էստրոգենների ազդեցությանն ու նպաստում պտղի արական օրգանիզմի առանձնահատկությունների ձևավորմանը։ Ինչպես արդեն նշվել է, կանանց օրգանիզմում ես արտադրվում են անդրոգեններ, սակայն շատ ավելի քիչ քանակով քան տղամարդկանց մոտ (250 ընդեմ 7000 մկգ/օր)։ Նրանք իգական սեռի անհատների օրգանիզմում ապահովում են սեռական հակումը, խթանում ցայլքի և թևատակային փոսերի մազերի աճը։ Մակերիկամների անդրոգենային ստերեոդիների արտադրության խանգարումների ժամանակ կարող են զարգանալ անդրոգենիտալ համախտանիշներ։ Այսպես, կանանց մոտ նրանց արտադրության բարձրացման ժամանակ կարող է առաջանալ վիրիլիզմի (տղամարդու գծերի դրսևորում) տարբեր արտահայտություններ սկսած դեմքի և մարմնի մազերի աճի թեթևակի ուժեղացումից մինչև դաշտանային ցիկլի խանգարումներ, կլիտորոմեգալիա, մկանների գերաճ և այլն։

Անդրոգենային ստերոիդների գերարտադրությունը մանկական հասակում հանգեցնում է տղաների վաղաժամ սեռական հասունացման և աղջիկների այրանմանեցման (վիրիլիզմ)։
Այստեղ արտադրվում են նաև էստրոգենների ու պրոգեստինների շատ փոքր քանակներ, որոնք մասնակցում են կանանց օրգանիզմի սեռական հատկանիշների ձևավորմանն ու մանկածնային օրգանների նախապատրաստման, սաղմնադրման ու բեղմնավորված ձվաբջիջի ներարգանդային ներպատվաստման համար։ Այսպիսով, մակերիկամների սեռական հորմոնների դերը հատկապես մեծ է մանկական և ծերունական հասակների համար, այսինքն` կյանքի այն շրջաններում, երբ սեռական գեղձերի ներզատական ֆունկցիան վերջնականապես դեռ չի ձևավորված կամ թուլացած է։ Մակերիկամների սեռական ստերոիդների արտադրության կարգավորումը հիմնականում իրականացվում է ԱԿՏՀ-ի կողմից։ Ինչպես և այլ կորտիկոիդների դեպքում, նրանց արտադրությունը ենթակա է օրական տատանումների։ Արյան մեջ այդ հորմոնների ամենամեծ քանակությունը նկատվում է վաղ առավոտյան ժամերին (ժամը 5-6-ին), ամենափոքրը ժամը 18-19-ին։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին