Մակերեսային կարիեսը (caries superficialis) զարգանում է սպիտակ կամ պիգմենտավորված բծի տեղում` ատամի էմալի դեստրուկտիվ փոփոխությունների հետևանքով: Խոռոչի խորությունը չի անցնում դենտին-էմալային սահմանը:
Սուբյեկտիվորեն` հիմնականում անցնում է առանց որևէ կլինիկական նշանի, կամ գանգատները կրում են միայն գեղագիտական բնույթ: Սակայն երբեմն հիվանդը կարող է նշել աննշան կարճատև ցավային զգացումներ, հատկապես քիմիական գրգռիչներից /թթու, քաղցր, աղի/: Կարող է ցավային զգացում առաջանա նաև մեխանիկական /ատամները մաքրելիս/ կամ ջերմային գրգռիչներից /հատկապես երբ խոռոչը տեղակայված է լինում վզիկի շրջանում/: Երկարատև քրոնիկ ընթացքի դեպքում այս զգացումները վերանում են:
Օբյեկտիվորեն հայտնաբերվում է էմալի սահմաններում կարիոզ խոռոչ, անհավասար, երբեմն կավճանման եզրերով, անհարթ պատերով և հատակով: Ախտահարված օջախի զոնդավորումը հիմնականում անցավ է: Ատամների հպման մակերեսին տեղակայման դեպքում առաջացնում է սննդային մնացորդների կուտակում միջատամնային տարածքներում, ինչը բերում է լնդապտկիկի բորբոքմանը: Մակերեսային կարիեսի ժամանակ ԷԱԱ-ն 2-6 մկԱ:
Ախտաբանական անատոմիա:
Հայտնաբերվում է էմալի ապակառուցվածքի հատված, առանց դենտին-էմալային սահմանի խախտման, այս հատվածը լցված է միկրոօրգանիզմներով: Դենտինում և կակղանում փոփոխություններ չեն հայտնաբերվում:
Ախտորոշումը:
Զոնդավորման ժամանակ զոնդը բռնվում է կարիոզ խոռոչում: Ատամների խորը ֆիսուրներում կամ հպվող մակերեսներին տեղակայված այսպես կոչված “թաքնված կարիեսը” կարելի է հայտնաբերել տրանսիլյումինացիայի, լյումինեսցենցիայի կամ ռենտգենաբանական  հետազոտությամբ:
Տարբերակիչ ախտորոշում:
Տարբերակում են`
ա/ միջին կարիեսից
բ/ սեպաձև դեֆեկտից
գ/ էրոզիայից
դ/ ֆլյուորոզի էրոզիվ և կավճանման-խայտուցավոր ձևերից
ե/ հիպոպլազիայի էրոզիվ ձևից
Միջին կարիեսի ժամանակ խոռոչը տեղակայվում է դենտին-էմալային սահմանից անց, կլինիկական պատկերը ավելի ցայտուն է, ցավերը արտահայտված, հատկապես քիմիական գրգռիչներից, զոնդավորումը ցավոտ է դենտին-էմալային սահմանում:
Սեպաձև դեֆեկտը իր զարգացման բոլոր փուլերում ունի իրեն բնորոշ սեպի տեսք և տեղակայվում է ատամների միայն վզիկային շրջանում: Դեֆեկտի պատերը գունափոխված չեն, հարթ են, փայլուն և կարծր:
Էրոզիան նույնպես ունի իրեն բնորոշ պնակաձև տեսք  և տեղակայվում է ֆրոնտալ ատամների վեստիբուլյար մակերեսի ամենաուռուցիկ հատվածում: Էրոզիայի պատերը և հատաակը կարծր են, հարթ և  փայլուն:
Ֆլյուորոզը բնորոշվում է համակարգային ախտահարմամբ, անամնեզում նշվում է էնդեմիկ օջախում ապրելու փաստը:
Հիպոպլազիային նույնպես բնորոշ է համակարգային ախտահարումը և անամնեզում նշվում է ատամների զարգացման շրջանում ծանր հիվանդության առկայություն:
Ոչ կարիեսային ախտահարումների ժամանակ ախտահարված օջախը չի ներկվում մեթիլենային կապույտի 2% լուծույթով:
Կարիեսի բուժումը
Կարիեսի բուժման ընտրությունը կախված է նրա ընթացքից, խոռոչի խորությունից և տեղակայումից: Հիմնական բուժումը կայանում է ատամների ախտահարված կարծր հյուսվածքների վիրահատական հեռացման մեջ, ինչից հետո կատարվում է ձևավորված խոռոչի լեցավորում, ատամի անատոմիական ձևի և ֆունկցիայի վերականգնմամբ:
Սակայն որոշ դեպքերում – կարիես սպիտակ բծի շրջանում – հնարավոր է կատարել կոնսերվատիվ բուժում, ներմուծելով դեմիներալիզացված օջախ հանքային նյութեր, ինչը հնարավոր է դառնում այդ օջախում մեծացած  թափանցելիության շնորհիվ: Բուժման այս մեթոդը կոչվում է ռեմիներալիզացիոն թերապիա:
Ռեմթերապիան կատարում են հետևյալ փուլերով: Ատամի մակերեսը մանրակրկիտ մաքրում են ատամնանստվածքներից, մշակում ջրածնի պերօքսիդի լուծույթով և չորացնում: Այնուհետև բծի շրջանում տեղադրում են 10% կալցիումի գլյուկոնատի լուծույթով թրջված բամբակե գլանակ 10-15 րոպեով` յուրաքանչյուր 4-5 րոպեի ընթացքում այն փոխելով: Յուրաքանչյուր երրորդ այցելությանը ամեն նշված միջամտությունից հետո նպատակահարմար է օջախը պատել 2-4% նատրիումի ֆտորիդով կամ ֆտոր-լաքով, որոնք իջեցնում են թափանցելիությունը: Բուժման ցիկլը տևում է 15-20 այցելություն ամեն օր կամ մեկ օրվա ընդմիջումներով:
Ներկայումս  ռեմթերապիա անցկացնելու համար արտադրվում է 2-3% “Ռեմոդենտ” նյութը, որի կազմի մեջ մտնում են կալցիում – 4,35%, ֆոսֆոր – 1,36%, մագնեզիում – 0,15%, կալիում -0,2%, նատրիում -16%, քլոր – 30%, օրգանական նյութեր և մետաղներ -44%:
“Ռեմոդենտի” օգտագործման եղանակը չի տարբերվում վերը նշված մեթոդից, սակայն այն կատարվում է շաբաթը երկու անգամ 10-12 հաճախումներով:
Ռեմթերապիան կատարում են հետևյալ մեթոդներով`ապլիկացիաներ, էլեկտրոֆորեզ և ֆոնոֆորեզ:
Ռեմիներալիզացիոն թերապիան օգտագործում են նաև կարիեսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև սուր և սրագույն կարիեսի բուժման ընթացքում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին