Մակարդիչների անվանարկման միջազգային կոմիտեի որոշմամբ պլազմայի մակարդիչ գործոնները համարակալվում են ըստ հայտնաբերման ժամանակագրության և նշվում հռոմեական թվանշաններով (I, II, III և այլն)։
I գործոն՝ ֆիբրինոգեն։ Արյան պլազմայում գտնվում է լուծված վիճակում, քանակը 0,2-0,4% է (200-400մգ.%)։ Սինթեզվում է լյարդում։ Մակարդման ժամանակ լուծված զոլ վիճակից անցնում է անլուծելի հել վիճակի` առաջացնելով ֆիբրինի թելերի ցանց, որի հենքի վրա ձևավորվում է ֆիբրինային խցանը։ Բացի մակարդումից ֆիբրինը, որպես կառուցվածքային նյութ, մասնակցում է նաև վերքերի ապաքինման պրոցեսին։ Ֆիբրինոգենի քանակն ավելանում է հղիության ժամանակ, հետվիրահատական   շրջանում, բորբոքային պրոցեսների և ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ, իսկ լյարդի հիվանդությունների և դաշտանի ժամանակ` պակասում է։
II գործոն, պրոթրոմբին։ Գլյուկոպրոտեիդ է, սինթեզվում է լյարդում К վիտամինի ներկայությամբ։ Վերջինս սննդից ներծծվում է միայն լեղու մասնակցությամբ։
ՈՒստի լյարդի ախտահարումների ժամանակ պրոթրոմբինի սինթեզի անբավարարության պատճառով արյան մակարդումը դանդաղում է։
III գործոն, հյուսվածքային թրոմբոպլաստին։ Ֆոսֆոլիպիդ է, որը վնասվածքի ժամանակ անջատվում է բջիջների, այդ թվում նաև էնդոթելիոցիտների պլազմատիկ թաղանթներից և լցվում արյան մեջ։
IV գործոն, Ca-ի իոններ։ Մակարդմանը կալցիումը մասնակցում է միայն իոնային վիճակում, նպաստելով մակարդման բոլոր փուլերին։ Աղերի ձևով կապված կալցիումը մակարդմանը չի մասնակցում։
V և VI գործոններ, պրոակցելերին և ակցելերին։ Այս երկու գործոնները անվանում են միասին` ակցելերին-գլոբուլին (Ac-գլոբուլին): Դրանք միևնույն նյութի ոչ ակտիվ և ակտիվ վիճակններն են, որի համար նրանց առանձին չեն նշում։
VII, գործոն, կոնվերտին։ Մասնակցում է հյուսվածքային պրոթրոմբինազայի ակտիվացմանը։ Սինթեզվում է լյարդում К վիտամինի ներկայությամբ։
VIII    գործոն, հակահեմոֆիլային գլոբալին А (ՀՀԳ А): Մասնակցում է արյունային պրոթրոմբինազայի ակտիվացմանը։ Նրա ժառանգական անբավարարությունը պատճառ է դառնում А հեմոֆիլիա հիվանդության, որն ընթանում է ծանր արյունահոսություններով։
IX գործոն, հակահեմոֆիլային գլոբուլին В (ՀՀԳ В), կամ Կրիստմասի գործոն (В հեմոֆիլիայով տառապած հիվանդի անունով)։ В հեմոֆիլիայի ժամանակ IX գործոնը  բացակայում է։
X գործոն,  Ստյուարտ-Պրաուերի գործոն (կոչվում է այս գործոնի անբավարարությամբ տառապող հիվանդի անունով)։ Մտնում է արյունային և հյուսվածքային պրոթրոմբինազայի կազմի մեջ։ Սինթեզվում է սարդում К վիտամինի մասնակցությամբ։
XI գործոն, պլազմայի թրոմբոպլաստինի նախնական ձևը, որ մասնակցում է արյան թրոմբոպլաստինի ակտիվացմանը։ С հեմոֆիլիան առաջանում է այս գործոնի անբավարարության պատճառով։
XII գործոն, Հագեմանի գործոն։ Այս գործոնի ժառանգական անբավարարությունն ընկած է Հագեմանի հիվանդության հիմքում։ Ներգործում է IX գործոնի վրա և առաջացնում ակտիվ համալիր։ Ակտիվացումը կատարվում է օտար մարմնի կամ վնասված հյուսվածքների մակերեսին շփվելիս։ Այդ պատճառով այն կոչվում է նաև շփման գործոն։ Ակտիվացած համալիրը վնասված մակերեսի վրա մասնակցում է արյունային պրոթրոմբինազայի առաջացմանը։
XIII գործոն, ֆիբրինազա, կոչվում է նաև ֆիբրինը կայունացնող ֆերմենտ, ֆիբրինոլիգազա, կամ տրանսգլուտամինազա։ Գլիկոպրոտեիդ է, սինթեզվում է լյարդում։ Ակտիվանում է թրոմբինով, Ca2+-ով և ամրացնում ֆիբրինի թելերը։
Հյուսվածքների վնասվածքների ժամանակ արյունահոսում են և մանր, և խոշոր անոթները։ Մանր անոթներում արյան արագությունը և ճնշումը բավականին փոքր են։ Նրանց վնասվելու դեպքում վնասված անոթի լուսանցքը փակվում է խցանով ,որը ձևավորվում է թրոմբոցիտներից, և կոչվում է թրոմբոցիտային։ Ցածր ճնշման պայմաններում թրոմբոցիտային խցանը դադարեցնում է արյունահոսությունը և ապահովում արյունականգ, որը տեղի է ունենում միկրոցիրկուլյատոր անոթներում և կոչվում է անոթաթրոմբոցիտային կամ միկրոցիրկուլյատորային արյունականգ։
Խոշոր անոթներում արյան ճնշումը բարձր է և արյունահոսության պատճառով առաջացած թրոմբոցիտային խցանը ճնշման տակ հեշտությամբ պոկվում է։ Ուստի նման դեպքում արյունականգը թրոմբոցիտային խցանով չի սահմանափակվում։ Դրան հաջորդում է արյան մակարդումը, որի հետևանքով ձևավորվում է ֆիբրինային խցան և հուսալիորեն փակում վնասված անոթի լուսանցքը։ Այս արյունականգն առաջանում է արյան մակարդման հետևանքով և կոչվում է մակարդման կամ կոագուլյացիոն արյունականգ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին