Լյարդի ոչ մարսողական ֆունկցիաԼյարդի դերը օրգանիզմում բազմազան Է: Բացի լեղու արտադրությունից, այն մասնակցում Է ճարպերի, սպիտակուցների ու ածխաջրատների փոխանակությանը: Նրա մեջ սինթեզվում են արյան պլազմայի սպիտակուցները (ամբողջ ֆիբրինոգենը, ալբումինների 96%-ը, գլոբուլինների 85 %-ը), տեղի Է ունենում ամինաթթուների ամինազրկում ու վերամինավորում,միզանյութի, գլյուտամինի, կրեատինի առաջացում: Նրա մեջ սինթեզվում են սպիտակուցային բնույթի բազմաթիվ ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր, այդ թվում` արյան համակարգի մակարդման և հակամակարդման գործոնները (պրոթրոմբին,հեպարին և այլն): Լյարդում սինթեզվում են նաև տրիգլիցերիդներ, ֆոսֆոլիպիդներ, լեղաթթուներ, խոլեսթերինի զգալի մասը, առաջանում են ացետոնյան մարմիններ, լիպոպրոտեիդներ, օքսիդանում են տրիգլիցերիդները: Լյարդը ակտիվ կերպով մասնակցում Է ածխաջրատների փոխանակությանը, նրանում ընթանում են գլիկոգենեզի, գլիկոգենոլիզի ու գլիկոնեոգենեզի պրոցեսներ:

Մեծ Է լյարդի դերը պիգմենտային փոխանակությունում. նրանում առաջանում է բիլիրուբինը, տեղի Է ունենում նրա միացումը գլյուկուրոնաթթվի հետ և փոխադրումը դեպի լեղի:
Լյարդը մասնակցում Է տարբեր վիտամինների, հատկապես ճարպալույծ A, D, E, K վիտամինների փոխանակությանը: Նրանում առաջանում, կուտակվում կամ ակտիվ վիճակի են անցնում որոշ վիտամիններ`B6, ֆոլաթթու և այլն: Այն մասնակցում Է նաև միկրոտարրերի (երկաթի, պղնձի, մանգանի, կոբալտի, մոլիբդենի և այլն) և Էլեկտրոլիտների փոխանակությանը֊ :       
Լյարդում ապաակտիվացվում են որոշ հորմոններ (գլյուկոկորտիկոիդներ, ալդոստերոն, անդրոգեններ, Էստրոգեններ, ինսուլին, գլյուկագոն), ինչպես նաև կենսածին ամիններ (հիստամին, սերոտոնին, կատեխոլամիններ): Կարևոր է լյարդի պատնեշային ֆունկցիան, որը կայանում է սննդի հետ ներմուծվող կամ աղիքներում միկրոֆլորայի գործունեության հետևանքով առաջացող թունավոր միացությունների վնասազերծման մեջ, որոնք լյարդ են փոխադրվում դռներակային համակարգով: Նրա պատնեշային ֆունկցիան կայանում է նաև ինֆեկցիոն գործոնների վնասազերծման մեջ: Լյարդը մասնակցում է արյունաստեղծմանը`պահեստավորելով վիտամին B12-ը և կարգավորելով արյան էրիթրոպոետինի պարունակությունը:
Լյարդը կատարում է նաև մի շարք այլ նյութերի պահեստավորման դեր: Նրա մեջ են կուտակվում բավականաչափ էներգիական և կառուցողական նշանակություն ունեցող նյութեր, գլիկոգենի պաշարները կարող են հասնել օրգանի զանգվածի 20%-ին: Լյարդում պահեստավորվում են սպիտակուցներ, քիչ քանակով լիպիդներ, որոշ վիտամիններ (հատկապես A,D2, D3, K, C, PP), միկրոտարրեր, ջուր:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին