Լյարդը օրգանիզմի ամենախոշոր գեղձն է և մասնակցում է մարսողության, նյութափոխանակության, արյան շրջանառության պրոցեսներին, կատարում յուրահատուկ պաշտպանական և վնասազերծող, ֆերմենտատիվ և արտազատիչ ֆունկցիաներ, ինչպես նաև բազմապիսի այլ, շուրջ 500 ֆունկցիաներ, որոնք ուղղված են օրգանիզմի ներքին միջավայրի կայուն վիճակի պահպանմանը։ Լյարդի մասնակցությունը մարսողության մեջ որոշվում է լեղու արտադրությամբ։ Լեղին արտադրվում է հեպատոցիտներում, ապա անցնում է միջբլթիկային, այնուհետև լյարդային արտատար ծորաններ, որոնք լեղապարկային ծորանի հետ միասին կազմում են ընդհանուր լեղածորանը։ Վերջինս բացվում է 12-մատնյա աղիքի խոռոչում։ Ընղհանուր լեղածորանի բացման շրջանում տեղադրված է Օդդիի սեղմանը։ Մարսողությունից դուրս լեղին լյարդային ծորաններից պարկային ծորանի միջոցով անցնում է լեղապարկ և կուտակվում այնտեղ, իսկ սնունդն ընդունելիս մղվում է 12-մատնյա աղիք։ Լեղագոյացումը անընդհատ պրոցես է, իսկ լեղազատումը կատարվում է պարբերաբար, կապված մարսողության հետ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին