Լուծը (փորլուծություն, փորհարինք) աղիքների մեկ և ավելի անգամ դատարկվելն է` հեղուկ կղանքի արտազատմամբ: Հիմնականում պաշտպանական հակազդեցություն է, որի հետևանքով օրգանիզմն ազատվում է թունավոր նյութերից, հիվանդածին միկրոօրգանիզմներից, լորձից, նեխման կամ խմորման նյութերից, որոշ դեղապատրաստուկներից: Լուծը ոչ թե ինքնութույն հիվանդություն է, այլ շատ հիվանդագին գործընթացների ախտանշան, որի առաջացմանը նպաստում են սուր վարակիչ հիվանդությունները (օրինակ` դիզենտերիա), սննդային թունավորումները, որովայնային տիֆը, խոլերան, աղիքների քրոնիկական բորբոքային գործնթացները (բարակ և հաստ աղիքների քրոնիկական բորբոքում, հաստ աղիքի բորբոքում, հաստ աղիքի ոչ յուրահատուկ խոցային բորբոքում) և այլն:

Լուծը կարող է առաջանալ ստամոքսաղիքային համակարգի վերին բաժինների մարսողության խանգարումներից, ստամոքսի հյութազատության ընկճումից, ենթաստամոքսային գեղձի հյութի, լեղու անբավարար արտազատումից, բարակ աղիքներում ներծծման գործնթացի խանգարումից: Լուծը լինում է նաև հոգեկան ուժեղ ապրումներից, վախից, տագնապից, ցավից և այլն, ինչպես նաև որոշ սննդամթերքների` կաթի, ձվի, մրգի, բանջարեղենի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությունից: Լուծը նաև ներկերից, լուծիչներից, թունաքիմիկատներից, դեղանյութերից թունավորվելու ախտանշաններից է: Լուծի առաջացման պատճառը պարզվում է միայն կլինիկական, լաբորատորային, մանրէաբանական տվյալների, ռենտգենաբանական և ընդերադիտական հետազոտությունների հիման վրա: Ուստի լուծի 1-ին իսկ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել պոլիկլինիկա`մասնագիտացված օգնություն ստանալու համար: Բժշկի համար կարևոր է հիվանդի վիճակի ճիշտ նկարագիրը: Պետք է ուշադրություն դարձնել կղանքի հաճախությանը և աննշան կղանքով հաճախակի հիվանդագին նքոցների (տենեզմի) առկայությանը, կղանքի թանձրությանը, գույնին և հոտին: Շատ կարևոր է արյան և լորձի խառնուրդը կղանքում (կղանքն արյունախառն է, թե միայն մակերեսն է արյունոտ, լորձը վարդագույն է, թե կան մուգ արյան մակարդուկներ): Լուծի կրկնվելու դեպքում անհրաժեշտ է ճշտել նպաստող գործոնները (սննդամթերք, դեղանյութեր, հոգեկան ուժեղ ապրումներ և ալյն):

Բուժում
Շատ հիվանդներ, խուսափելով վարակիչ հիվանդություններից ու հիվանդանոցներից, բժշկի չեն դիմում: Բայց դա սխալ մոտեցում է, քանի որ ներհիվանդանոցային վարակումը բացառվում է, և հոսպիտալացման ենթակա են միայն շրջապատի համար վտանգ ներկայացնող կամ հիվանդանոցային բուժման կարիք ունեցող հիվանդները: Նման հարցերը լուծում է միայն բժիշկը: Մինչև ախտորոշումը հիվանդին պետք է մեկուսացնել ընտանիքի անդամներից, առանձնացնել ամանեղենը, սրբիչը, վարակազերծող լուծույթով լվանալ դռան բռնակները: Պետք է կտրուկ սահմանապակել հիվանդի սնունդը, հատկապես ճարպոտ և կծու կերակուրները, կաթը, միրգը և բանջարեղենը: Անթույլատրելի է ինքնաբուժումը, հատկապես առանց հսկողության հակաբիոտիկների օգտագործումը, որոնք փոխում են հիվանդության կլինիկական պատկերը` դժվարացնելով ճիշտ ախտորոշումը, ինչպես նաև կարող են առաջացնել ոչ ցանկալի հակազդեցություններ` նպաստելով հիվանդության անցմանը քրոնիկական ձևի:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին