Կազմում են լեյկոգրամի 20-40%: Օրգանիզմում լիմֆոցիտների ընդհանուր զանգվածն անհամեմատ մեծ է 41,5կգ։ Լիմֆոցիտներն անընդհատ շրջում են մի հյուսվածքից մյուսը։ Ի տարբերություն մյուս լեյկոցիտների, նրանք հյուսվածքից կրկին վերադառնում են արյուն և ապա գաղթում դեպի, մի այլ հյուսվածք։ Լիմֆոցիտների մի մասը իմունոլոգիական հիշողություն ունեցողները) երկարակյաց են և կարող են ապրել 10-20 և ավելի տարի։ Լիմֆոցիտներն իմունիտետի գործող բջիջներն են։ Նրանք վնասազերծում են օրգանիզմ թափանցած օտար գենետիկական տեղեկատվություն ունեցող մանրէներ, մակաբույծներ, բջիջներ, հյուսվածքներ և օրգաններ։ Տարբերում են 3 տիպի լիմֆոցիտներ` T-լիմֆոցիտներ, B-լիմֆոցիտներ և զրոյական լիմֆոցիտներ։ Վերջիններս անհրաժեշտության դեպքում տարբերակվում են Т- կամ B-լիմֆոցիտների: T-լիմֆոցիտների տարբերակումը տեղի է ունենում ուրցագեղձում (thumus, որի սկզբնատառից ծագում Է այս բջիջների անվանումը)։

Թռչունների B-լիմֆոցիտները տարբերակվում են հատուկ ավշային օրգանում` bursa Fabricius (bursa բառի սկզբնատառից ծագում Է B-լիմֆոցիտների անվանումը)։ Կաթնասուների և մարդկանց օրգանիզմում այդ օրգանը բացակայում Է։ Նրանց B-լիմֆոցիտները մասնագիտանում են մարսողական օրգանների` որդանման ելուստի,պեյերյան բծերի, քիմքի և ըմպանի ավշային հանգույցներում։ T-լիմֆոցիտների քանակը կազմում Է արյան լիմֆոցիտների շուրջ 70%-ը։ T-լիմֆոցիտներն առաջանում են ոսկրածուծում։ Դեռևս սաղմնային զարգացման շրջանում նրանք արյան միջոցով փոխադրվում են ուրցագեղձ, որտեղ տարբեր բնույթի անտիգենների նկատմամբ ձեռք են բերում համապատասխան ընկալիչներ։ Վերջիններս դասավորվում են թաղանթի վրա։ Ուրցագեղձից T-լիմֆոցիտները փոխադրվում են ծայրամասային ավշային հանգույցները։ Այս լիմֆոցիտները «նստակյաց» չեն և արյան ու ավշի միջոցով անընդհատ շրջում են օրգանիզմի տարբեր մասերում։ Հյուսվածքների մեջ թափանցած օտար մարմինները մակրոֆագերի կողմից ենթարկվում են ֆազոցիտոզի, որի ընթացքում մշակվում են իմունոգեններ։ Մակրոֆագերը դրանցից անջատված անտիգենները հասցնում են T-լիմֆոցիտներին, որոնց ընկալիչները միանում են համապատասխան անտիգենների հետ։ Այս միացությունը խթանում է T-լիմֆոցիտներին, որոնք սկսում են բազմանալ,առաջացնելով T-լիմֆոցիտների տարատեսակներ։

Տարբերում են՝ T-ճնշողներ (սուպրեսորները), Т-օգնականներ (հելպերներ), T-սպանիչներ (քիլերներ), T-ակտիվացնողներ (ամպլիֆայերներ)։ T-սուպրեսորները չափավորում են B-լիմֆոցիտների ուժեղացած ֆունկցիան, իսկ T-հելպերները փոխներգործում են B-լիմֆոցիտների հետ և նրանց դարձնում պլազմատիկ բջիջներ։ T-ամպլիֆայերը ակտիվացնում են T-քիլեր լիմֆոցիտներին, որոնք սինթեզված հատուկ նյութերի` լիմֆոկինների միջոցով քայքայում են, օրինակ, փոխպատվաստած օտար գենետիկական տեղեկատվություն ունեցող բջիջներ, հյուսվածքներ և օրգաններ։ Դրա շնորհիվ վերջիններս մերժվում են օրգանիզմի կողմից։ T-լիմֆոցիտները քայքայում են նաև քաղցկեղի բջիջները, մուտացիայի ենթարկված բջիջները։ Յուրաքանչյուր Т-լիմֆոցիտ քայքայում է մեկ բջիջ։ Իմունիտետի այս ձեր իրականանում է արյան բջիջների` T-լիմֆոցիտների անմիջական մասնակցությամբ, ուստի այն կոչվում է բջջային իմունիտետ։ Պաշտպանական այս յուրահատուկ ռեակցիաների ընթացքում ձևավորվում են նաև հիշողության Т-լիմֆոցիտները, որոնք առանց կիսվելու պահպանվում են տարբեր հյուսվածքներում և նույն անտիգենին հանդիպելիս ապահովում համապատասխան իմունոլոգիական ռեակցիան։

B-լիմֆոցիտները նույնպես առաջանում են ոսկրածուծում, տարբեր անտիգենների նկատմամբ ձեռք բերում .համապատասխան ընկալիչներ, և փոխադրվում ավշային հանգույցների, փայծաղի, պեյերյան բծերի մեջ։ Այստեղ թափանցած մանրէների անտիգենների առկայության մասին տեղեկատվություն նրանք ստանում են T-հելպերներից, որի շնորհիվ ակտիվանում են, փոխադրվում մոտակա ավշային հանգույց և բազմանում։ Բազմացած այդ բջիջների մի մասը դառնում է հիշողության B-լիմֆոցիտներ, որոնք առանց կիսվելու երկար տարիներ պահպանվում են հյուսվածքներում սպասելով կրկին հանդիպելու համապատասխան անտիգենի։ Իսկ մյուս մասը տարբերակվում է պլազմատիկ բջիջների, որոնք սինթեզում են անտիգենին համապատասխան հակամարմիններ՝ իմունոգլոբուլիններ։ Վերջիններս արյան և ավշի միջոցով (հումորալ ճանապարհով) հասնում են վարակի ենթարկված օջախը և ոչնչացնում հարուցիչները։ Իմունիտետի այս ձևը անվանում են հումորալ։ Լիմֆոցիտները մասնակցում են նաև կրեատոր մակրոմոլեկուլների փոխադրմանը։ Դրանով նրանք մասնակցում են օրգանների փոխադարձ կապի և օրգանիզմի ամբողջականության պահպանմանը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին