Համի ընկալման, սննդի մեխանիկական մշակման և կլման գործընթացներին մասնակցելուց բացի մարդու լեզուն նաև խոսքի օրգան է: Լեզվի հիմքը կազմված է սոմատիկ տիպի միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից: Լեզուն ծածկված է լորձաթաղանթով: Նրա ռելիեֆը տարբեր է ստորին կողմնային և վերին մակերեսների վրա: Ամենապարզ կառուցվածքն ունի լորձաթաղանթի ստորին մակերեսը: Այստեղ էպիթելը բազմաշերտ, տափակ, չեղջրացող է: Լորձաթաղանթի սեփական թիթեղը ներհրվում է էպիթելի մեջ՝ առաջացնելով կարճ պտկիկներ: Սեփական թիթեղին հետևում է ենթալորձային հիմը, որն անմիջականորեն հարում է մկաններին: Ենթալորձային հիմի առկայության շնորհիվ լեզվի ստորին մակերեսի լորձաթաղանթը հեշտ տեղաշարժվում է: Լեզվի վերին և կողմնային մակերեսների լորձաթաղանթը անշարժ սերտաճած է նրա մկանային մարմնի հետ և ունի հատուկ գոյացություններ՝ պտկիկներ:

Ենթալորձային հիմը բացակայում է: Մարդու լեզուն ունի 4 տեսակի պտկիկ՝ թելանման (papillae filiformes), սնկանման (papillae fungiformes), խրամատապատ (papillae vallatae) և թերթանման (papillae foliatae): Լեզվի բոլոր պտկիկները լորձաթաղանթի ածանցյալներն են և կառուցված են ընդհանուր պլանով: Պտկիկների մակերեսը ձևավորված է բազմաշերտ տափակ չեղղջերացող կամ մասնակիորեն եղջերացող (թելանման պտկիկներում) էպիթելով, որը գտնվում է հիմային թաղանթի վրա: Յուրաքանչյուր պտկիկի հիմքը կազմում է լորձաթաղանթի սեփական թիթեղի շարակցահյուսվածքային շերտի ելուստը (առաջնային պտկիկ): Առաջնային պտկիկի գագաթից դուրս են գալիս 5–ից մինչև 20 և ավելի բարակ շարակցահյուսվածքային երկրորդային պտկիկներ, որոնք ներհրվում են էպիթելի մեջ: Լեզվի պտկիկների շարակցահյուսվածքային հիմքում կան բազմաթիվ արյունատար մազանոթներ, որոնք թափանցելով էպիթելի միջով՝ պտկիկին տալիս են բնորոշ կարմիր գույն:

Թելանման պտկիկները թվով ամենաշատն են, հավասարաչափ պատում են լեզվի վերին մակերեսը՝ խտանալով հատկապես նրա անկյունում, որը կազմված է խրամատապատ պտկիկներից: Սրանք լեզվի ամենափոքր պտկիկներն են: Նրանց երկարությունը մոտ 0,3 մմ է: Թելանման պտկիկների կողքին հանդիպում են կոնաձև պտկիկներ (papillae conicae): Մի շարք հիվանդությունների ժամանակ մակերեսային եղջերացած էպիթելոցիտների անջատման պրոցեսը կարող է դանդաղել, և պտկիկների վրա մեծ քանակությամբ էպիթելային բջիջների կուտակման պատճառով նրանց գագաթներին առաջանում է հաստ եղջերային շերտ: Այս զանգվածը, սպիտակ թաղանթով պատելով պտկիկի մակերեսը, ստեղծում է սպիտակ փառով պատված լեզվի պատկեր:

Սնկանման պտկիկները շատ չեն և տարածված են լեզվի մեջքին՝ թելակազմ պտկիկների միջև: Նրանք հատկապես շատ են լեզվի ծայրային և կողմնային մասերում: Նրանք ավելի մեծ չափեր ունեն, քան թելանմանները՝ 0,7–1,8 մմ երկարություն և 0,4–1 մմ տրամագիծ: Այս պտկիկների հիմնական զանգվածը ունի սնկի տեսք՝ նեղ հիմքով և լայն գագաթով: Նրանց մեջ հանդիպում են կոնաձև և ոսպնյակաձև պտկիկներ: Էպիթելի հաստության մեջ գտնվում են համային կոճղեզներ (gemmae gustatoriae), որոնք ամենից հաճախ տեղադրված են սնկաձև պտկիկի «գլխարկիկի» շրջանում: Այդ գոտու կտրվածքի վրա յուրաքանչյուր սնկանման պտկիկում հայտնաբերվում է մինչև 3–4 համային կոճղեզ: Որոշ պտկիկներում համային կոճղեզները բացակայում են:

Խրամատապատ պտկիկները պատնեշով շրջապատված, 6–12 հատ են, հանդիպում են լեզվի վերին մակերեսի վրա: Դրանք տեղադրված են լեզվի արմատի և մարմնի միջև՝ սահմանային գծի երկայնքով և լավ երևում են նույնիսկ անզեն աչքով: Նրանց երկարությունը մոտ 1–1,5 մմ է, տրամագիծը՝ 1,3 մմ: Ի տարբերություն թելանման և սնկանման պտկիկների, որոնք պարզորոշ բարձրանում են լորձաթաղանթից վեր, պտկիկների վերին մակերեսը լորձաթաղանթի հետ գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա: Նրանք ունեն նեղ հիմք և լայն, տափակած ազատ մաս: Պտկիկի շուրջը տեղադրված է նեղ, խորը ճեղք՝ խրամատ (այստեղից էլ անվաումը՝ խրամատապատ պտկիկ): Խրամատը պտկիկը սահմանազատում է շրջապատող լորձաթաղանթի հաստացումից՝ պատնեշից: Պտկիկի կազմության մեջ այս կառուցվածքամասի առկայությունը հիմք է տվել մյուս անվան ծագմանը՝ պատնեշով շրջապատված պտկիկ: Այս պտկիկի կողմնային մակերեսի և նրան շրջապատող պատնեշի էպիթելի հաստության մեջ տեղավորված են բազմաթիվ համային կոճղեզներ: Պտկիկների և պատնեշների շարակցական հյուսվածքում հաճախ հանդիպում են հարթ մկանային բջիջների խրձեր՝ տեղադրված երկայնակի, թեք կամ շրջանաձև: Այս խրձերի կծկումներից պտկիկը մոտենում է պատնեշին: Սա նպաստում է խրամատ ընկած սննդանյութերի և պտկիկի ու պատնեշի էպիթելում գտնվող համային կոճղեզների ավելի արդյունավետ շփմանը: Պտկիկի հիմքի փուխր թելակազմ շարակցական հյուսվածքում և նրան հարող միջաձիգ–զոլավոր թելերի խրձերի միջև գտնվում են շճային թքագեղձերի ծայրային բաժինները, որոնց արտատար ծորանները բացվում են խրամատի մեջ: Այս գեղձերի գեղձազատուկը լվանում է պտկիկի խրամատը և այն մաքրում կուտակված սննդային մասնիկներից, անջատվող էպիթելից և մանրէներից:

Լեզվի թերթանման պտկիկները լավ զարգացած են միայն երեխաների մոտ: Նրանք երկու խմբով գտնվում են լեզվի աջ և ձախ եզրերին: Յուրաքանչյուր խումբ պարունակում է նեղ տարածություններով բաժանված, զուգահեռ տեղադրված 4–8 պտկիկ: Մեկ պտկիկի երկարությունը 2–5 մմ է: Պտկիկի կողմնային մակերեսի էպիթելում կան համային կոճղեզներ: Թելանման պտկիկներին բաժանող տարածություններում բացվում են շճային թքագեղձերի արտատար ծորանները: Նրանց ծայրային բաժինները տեղավորված են լեզվի մկանների միջև: Այս գեղձերի գեղձազատուկը լվանում է պտկիկների միջև ընկած նեղ տարածությունները: Մեծահասակ մարդու թերթանման պտկիկներն ապաճում են, իսկ այն տեղերում, որտեղ նախկինում տեղավորված են եղել շճային գեղձերը, զարգանում են ճարպային և լիմֆոիդ հյուսվածքներ: Լեզվի արմատի լորձաթաղանթին բնորոշ է պտկիկների բացակայությունը: Բայց այստեղ էպիթելի մակերեսը հարթ չէ՝ այն առաջացնում է բարձրություններ և իջվածքներ: Բարձրություններն առաջանում են լորձթաղանթի սեփական թիթեղում՝ ավշային հանգույցների կուտակումների հաշվին, որոնց տրամագիծը երբեմն հասնում է 0,5 սմ: Այստեղ լորձաթաղանթն առաջացնում է իջվածքներ՝ կրիպտաներ, որոնց մեջ բացվում են բազմաթիվ լորձային թքագեղձերի արտատար ծորաններ: Լիմֆոիդ հյուսվածքի կուտակումների հանրագումարը լեզվի արմատում կոչվում է լեզվային նշիկ: Լեզվի մկանները կազմում են այս օրգանի մարմինը: Լեզվի միջաձիգ– զոլավոր մկանների խրձերը տեղադրված են իրար ուղղահայաց երեք ուղղություններով՝ ուղղաձիգ, երկայնական և լայնակի: Լեզվի մկանունքը խիտ շարակցահյուսվածքային միջնապատով բաժանված է աջ ու ձախ կեսերի: Մկանային թելերի և խրձերի առանձին բաժինների միջև ընկած փուխր թելակազմ շարակցական հյուսվածքը պարունակում է ճարպային բլթակներ: Այստեղ են տեղադրված լեզվի լորձային գեղձերի ծայրային բաժինները: Լեզվի մկանային մարմնի և վերին մակերեսի լորձաթաղանթի սեփական թիթեղի միջև՝ սահմանի վրա, գտնվում է շարակցահյուսվածքային հզոր թիթեղը՝ կազմված կոլագենային և էլաստինային թելերի ցանցանման միահյուսվածքից: Այն առաջացնում է ցանցանման շերտ: Սա լեզվի ինքնատիպ ապոնևրոզն է, որը հատկապես ուժեղ է զարգացած խրամատապատ պտկիկների շրջանում: Դեպի լեզվի ծայրն ու եզրերը նրա հաստությունը փոքրանում է: Միջաձիգ–զոլավոր մկանաթելերը, անցնելով ցանցանման շերտի անցքերով, ամրանում են փոքրիկ ջլերին, որոնք առաջանում են լորձաթաղանթի սեփական թիթեղի մեջ գտնվող կոլագենային թելերի խրձերից:

Լեզվի թքագեղձերը (gl. lingualis) բաժանվում են երեք խմբի՝ շճային, լորձային և խառը:
Շճային թքագեղձերը տեղավորված են լեզվի հաստության մեջ՝ խրամատապատ և թերթանման պտկիկների շրջանում: Սրանք պարզ խողովակակազմ գեղձեր են: Նրանց արտատար ծորանները բացվում են պատնեշով շրջապատված պտկիկների խրամատի մեջ կամ թերթանման պտկիկների միջև և պատված են բազմաշերտ տափակ էպիթելով, որը երբեմն կարող է պարունակել թարթիչներ: Ծայրային բաժինները ներկայացված են նեղ լուսանցք ունեցող ճյուղավորված խողովակներով: Նրանք կազմված են շճային գեղձազատուկ արտազատող կոնաձև բջիջներից, որոնց միջև անցնում են միջբջջային արտազատիչ մազանոթներ:

Լորձային գեղձերը տեղադրված են գլխավորապես լեզվի արմատում և նրա կողմնային եզրի երկայնքում: Սրանք մենավոր, պարզ, բշտախողովակակազմ ճյուղավորված գեղձեր են, որոնց ծորանները պատված են բազմաշերտ էպիթելով: Լեզվի արմատի վրա նրանք բացվում են լեզվային նշիկի կրիպտաներում: Այս գեղձերի խողովակակազմ ծայրային բաժինները կազմված են լորձային բջիջներից:
Խառը գեղձերը տեղադրված են լեզվի առջևի բաժնում: Սրանց ծորանները (մոտ. 6 մլն.) բացվում են լեզվի տակ՝ լորձաթաղանթի ծալքերի երկայնքով: Խառը գեղձերի արտազատիչ բաժինները տեղավորված են լեզվի հաստության մեջ:
Նյարդավորումը: Ենթալեզվային նյարդի և թմբկալարի ճյուղավորումները միջաձիգ–զոլավոր մկանաթելերի վրա առաջացնում են բազմաթիվ նյարդային շարժիչ վերջավորություններ: Լեզվի առջևի 2)3–ի զգացող նյարդավորումն իրականանում է եռվորյակ նյարդի ճյուղերով, հետին 1)3–ինը՝ լեզվաըմպանային նյարդի ճյուղերով: Լեզվի լորձաթաղանթի սեփական թիթեղում կա լավ արտահայտված նյարդային հյուսակ, որից նյարդաթելեր են գնում համային կոճղեզներ, էպիթել, գեղձեր և անոթներ: Էպիթել մտնող նյարդաթելերը ճյուղավորվում են էպիթելային բջիջների միջև և ավարտվում ազատ նյարդային վերջավորություններով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին